ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀՈԴՎԱԾԱՇԱՐ

 ՄԱՐԴՆ ԱՐԱՐԱՏԵԱՆ

Ոչ ոք գիտի: Միայն գիտեմ, կգայ մի օր,
Մարդը հզօր, Արարատեան մարդը հզոր,
Անդորր, լուսեղ իր ճակատով, խաղաղ,
մեծղի, ինչպէս լեռը
Ձիւնագագաթ, ինչպէս ձորը խոր հոյզերով
խորհրդացած.
Կգայ մի օր մարդը հզոր
Եւ կստեղծի իր ոգիով ասպետական
Կեանք իրական,
Իր ճակատի նման լուսեղ, նման մտքին
իր առնական,
Եւ կստեղծի կեանք իրական, ծաղկած
ոսկի մի արեւով:

Կոստան Զարեան

Ցանկ

  1. Հայքի Արարատյան աշխարհայացքը
  2. Որպեսզի դերերը չփոխվեն
  3. Զվարթնոց
  4. Ժողովրդավարության վերածննդի Արարատյան մոդել
  5. Պետության իրավաքաղաքական հայեցակարգը և ազգի ու պետության ճակատագիրը
  6. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՄԱԿԱՐԳ

 

Ներբեռնել աբողջական տարբերակը

 


ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հայության վերածնունդը և նրա ձեռամբ Արարատյան առաքելության վերաստանձնումը ոչ միայն համահայկական, այլև համամարդկային հրամայական է:

Որովհետև հրամայական է ոչ միայն հայության, այլև համայն մարդկության արարատացումը:

Հայք նախագիծն այս գերնապատակի իրագործման ծրագրային մտահղացում է:

Նախագիծը սնվում է հայ ազգի կոլեկտիվ հանճարի ստեղծած բաներից, որոնց շարքում առանցքային է Հայոց հավատամքային համակարգն արտացոլող Սասնա Ծռեր էպոսը:

Նախագիծը մշակելիս ելակետային են եղել Հայոց ինքնության և առաքելության ճանաչողության հարցում էական ավանդ ունեցող հայերի, մասնավորապես՝ Կոստան Զարեանի, Հայկ Ասատրյանի, Գարեգին Նժդեհի, Կարլեն Ավետիսյանի և Արթուր Արմինի տեսախոհական մոտեցումներն ու պատկերացումները:

Նախագիծը կազմված է որպես միասնական թեմատիկ թղթապանակում հավաքված հոդվածաշար:

Հոդվածաշարի սկզբում զետեղված է նույն՝ «Հայք նախագիծ» վերնագրով մայր հոդվածը, որը ներկայացնում է նախագծի ընդհանուր, շրջանակային նկարագիրը, իսկ մյուս հոդվածներն ավելի հանգամանալից կերպով ներկայացնում են նախագծի հիմնական բաժինները:

Մայր հոդվածում ներառված են նաև 2012-2014 թթ. ընթացքում Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի մշակած «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգ»-ի նախագծի այն հիմնադրույթները, որոնք վերաբերվում են Հայքի (հայության և նրա կազմակերպվածքի) բնութագրին:

Հոդվածը հրապարակվում է առաջին անգամ:

«Որպեսզի դերերը չփոխվեն» հոդվածում Կոստան Զարեանի «Սպանիա» գրքում արտացոլված բանաձևումների և լուծումների անդրադարձով ներկայացված է այն վտանգը, որ առանց դիմադրության շարունակվելու պարագայում թուրքական թշնամական կեղծիքը կարող է հաղթել հայկական ճշմարտությանը, որից հետո մեր Հայրենիքի յուրացումը և հայության ինքնության ոչնչացումը կդառնա դառը իրականություն:

Հոդվածը հրապարակվել է 2023 թ. Lragir.am կայքում:

«Զվարթնոց կառավարման համակարգ. Զվարթնոցի տաճարը՝ ազգային առաքելության պատգամ և կազմակերպվածքի մոդել» հոդվածը Արարչի և մարդու (մակրոտիեզերքի և միկրոտիեզերքի) և նրանց կապի ու հարաբերակցության ընկալումային պատկերացումների ճարտարապետականացման առավել լիակատար ու ամբողջական դրսևորման՝ Զվարթնոցի տաճարի ճարտարապետական հայեցակարգի և չափական տվյալների հիման վրա ներկայացնում է հայության Արարատյան առաքելության պատմամշակութային հիմնավորումը և այն վերաստանձնելու հայության արարչահանձն պարտականությունը, ինչպես նաև այդ առաքելության իրականացման կառավարման համակարգի մոդելային նկարագիրը:

Հոդվածը հրապարակվում է առաջին անգամ:

«ժողովրդավարության վերածննդի Արարատյան մոդել» հոդվածն ըստ էության նախորդի շարունակությունն է: Այն առավել մանրամասն և գործնական կերպով ներկայացնում է միջերկրծովյան քաղաքակրթության վրա հիմնված ներկայիս ժողովրդավարության ճգնաժամը և որպես լուծում առաջարկում է Արարատյան քաղաքակրթության վրա հիմնված ժողովրդավարության մոդելային նկարագիրը:

Հոդվածը հրապարակվել է 2023 թ: Ներկայումս հրապարակվում է էապես լրացված և խմբագրված տարբերակով:

«Պետության իրավաքաղաքական հայեցակարգը և ազգի ու պետականության ճակատագիրը» հոդվածը սահմանում է պետության իրավաքաղաքական հայեցակարգը՝ մատնանշելով դրա որոշիչ նշանակությունը ազգի և պետության կյանքի ու ապագայի համար, ինչպես նաև այդ համատեքստում զուգադրում է Հայաստանի Հանրապետության ներկայիս օկուպացիոն և առաջարկվող իրավաքաղաքական հայեցակարգերի բնութագրերը՝ ցույց տալով օր առաջ ազգային իրավաքաղաքական հայեցակարգ որդեգրելու և այն կյանքի կոչելու կենսական անհրաժեշտությունը:

Հոդվածը հրապարակվել է երկու անգամ՝ 2023 թ. սեպտեմբերին և դեկտեմբերին՝ Lragir.am կայքում: Ներկայումս հրապարակվում է 2023 թ. դեկտեմբերին հրապարակված տարբերակը՝ փոքր խմբագրական շտկումներով:

«Ազգ-բանակ համակարգ» հոդվածը ներկայացնում է ազգի և պետության անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու և արդյունավետ կերպով կիրառելու համապարփակ անվտանգության համակարգի նկարագիրը:

Հոդվածը հրապարակվում է առաջին անգամ: