Վարուժան Ավետիսյան
ՍԱՀՄԱՆՈՒՄ
Պետության իրավաքաղաքական հայեցակարգը պետության անձնագիրն է, որը պարունակում է տվյալ պետությունում պաշտոնապես և/կամ սովորութորեն ընդունված համակարգված հայացքներ և պատկերացումներ հետևյալ հիմնարար հարցերի վերաբերյալ.
- Պետության տիտղոսակիր ազգի էթնոմշակութային և/կամ քաղաքական ինքնություն և նրա անօտարելի իրավունքներ:
- Պետության առաջացման (երբեմն՝ նաև շարունակականության) իրավաքաղաքական հիմքեր:
- Պետության տարածքի պարամետրներ և հարևան պետությունների հետ տարածքային հարցեր:
- Պետության առաքելություն, արժեսկզբունքային ուղենիշներ և գործառույթներ:
- Պետության կառավարման ձև, պետական կառուցվածքի ձև և քաղաքական ռեժիմ:
- Տվյալ պետության և ազգի պատմական, աշխարհաքաղաքական և/կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված հարցեր (օրինակ, հայության և Հայաստանի համար՝ Ցեղասպանության, Հայրենիքի վերատիրացման, Սփյուռքի):
ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐ
Պետության իրավաքաղաքական հայեցակարգերը կարող են լինել.
- Պատմական-էվոլյուցիոն (նեղ իմաստով), որի պարագայում տվյալ պետության իրավաքաղաքական հայեցակարգը ձևավորվել է պատմականորեն՝ մինչ արդի միջազգային իրավունքի կայացման փուլը, այնուհետև պաշտոնապես և/կամ սովորութորեն ինտեգրվել է միջազգային իրավունքին: Օրինակ՝ Իրան, Մեծ Բրիտանիա և այլն:
- Միջազգային-իրավական, որի պարագայում տվյալ պետության իրավաքաղաքական հայեցակարգը բխում է միջազգային իրավունքին համապատասխան՝ որպես ազգային-ազատագրական հաղթական պայքարի և/կամ միջազգային հարաբերությունների գերակա սուբյեկտների (մեծ տերությունների և/կամ նրանց դաշինքների և/կամ իրավասու կազմակերպությունների) կողմից ստեղծման և/կամ ճանաչման միջոցով այդ պետության հիմնադրման հանգամանքից: Օրինակ՝ 1-ին համաշխարհային պատերազմից արդյունքներով ճանաչված և/կամ հիմնադրված մերձավորարևելյան և եվրոպական պետություններ, այդ թվում՝ 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետություն:
- Օկուպացիոն, որի պարագայում տվյալ պետության իրավաքաղաքական հայեցակարգը հիմնված է ապօրինի կամ օրինական օկուպացիայի միջոցով օկուպանտին ձեռնտու կերպով տվյալ պետության մինչօկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի վերանայումների վրա: Օրինակ՝ օկուպացիոն է 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով և դրանցից բխող/դրանցով պայմանավորված հետագա այլ ապօրինի օկուպացիոն ակտերով 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգի վերանայումների հիման վրա ձևավորված ներկայիս՝ այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը: Օկուպացիոն են նաև 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին օկուպացված Գերմանիայի և Ճապոնիայի՝ օկուպացիայի պայմանների հիման վրա վերանայված իրավաքաղաքական հայեցակարգերը:
Հատկանշական է Թուրքիայի օրինակը: Այն 1-ին համաշխարհային պատերազմի արդյունքներով պետք է հաշտվեր օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի հետ, սակայն քեմալական շարժման և բոլշևիկյան Ռուսաստանի մեծածավալ աջակցության շնորհիվ կարողացավ պարտադրել նոր իրավաքաղաքական հայեցակարգ և, բացի Հայկական և Քրդական հարցերի և Հայաստանի Հանրապետության հետ սահմանի խնդիրներից, մնացյալ առումներով հաստատագրեց այն Լոզանի պայմանագրով:
ՀԻՄՔԵՐ
Իրավաքաղաքական հայեցակարգերը ձևավորվում և գործառում են՝ ա) պաշտոնական փաստաթղթերի՝ միջազգային և ներազգային իրավական ակտերի, ծրագրային-ռազմավարական և քաղաքական փաստաթղթերի և/կամ բ) ոչ պաշտոնական՝ դոկտրինալ կամ այլ բնույթի դրույթների՝ տվյալ պետության մեջ հանրային կոնսենսուսի կամ հանրության մեծ մասի շրջանում սովորութորեն ընդունվելու փաստի հիման վրա:
ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Իրավաքաղաքական հայեցակարգը կանխորոշում է տվյալ պետության արտաքին ու ներքին ռազմավարությունը և դրանք սպասարկող վերնախավի որակը:
Ըստ այդմ՝ այն կանխորոշում է տվյալ պետության և ազգի ճակատագիրը:
Օրինակ՝ օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգը երբեք չի կարող ծնել պասիոնար ռազմավարություն և ընտրախավ, այլ ընդամենը օկուպանտին սպասարկող ռազմավարություն և վերնախավ:
Լինում են դեպքեր, երբ, ժամանակի ընթացքում, որպես կանոն՝ օկուպանտի բարեհաճության կամ նրա ազդեցության կորստի պարագայում, օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգը կարող է համապատասխանաբար վերանայվել կամ փոփոխվել:
Ներկայիս Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես արդեն նշվեց, օկուպացիոն է:
Ուստի, քանի դեռ գործում է այդ հայեցակարգը, Հայաստանի Հանրապետությունն օբյեկտիվորեն չի կարող կայանալ որպես ինքնիշխան պետություն և ապահովել հայության կենսական շահերի իրացումը:
Ավելին, քանի որ Հայաստանի Հանրապետության պարագայում ռուս-թուրքական օկուպացիոն հայեցակարգը չի ենթադրում ինքնիշխան հայկական պետության առկայություն, այլ Հայաստանը դիտում է որպես Հարավային Կովկասի ենթաբաղադրիչ քվազիպետություն Ռուսաստանի կամ Թուրքիայի ենթակայության ներքո՝ հետագա լուծարման, ձուլման ու ոչնչացման հեռանկարով, ապա դրա մեջ և դրա հիման վրա բոլոր հավանական լուծումները փակուղային են և կործանարար:
1988-ին սկսված Արցախյան շարժման մասնակի հաջողության շնորհիվ հնարավոր եղավ որոշ ժամանակով մասամբ խախտել և վերանայել օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգը և դրա մեջ ներմուծել Հայկական հարցի լուծման և 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական հայեցակարգի տարրեր, որոնք հողի վրա ներկայացան Արցախի մի մասի փաստացի ազատագրմամբ, ինչպես նաև հիմնականում անուղղակիորեն և մասնակիորեն ամրագրվեցին պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում՝ Անկախության մասին հռչակագրում և նրան հղում տվող Սահմանադրության նախաբանում:
Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ և հիմնականում մնացինք ռուս-թուրքական համատեղ օկուպացիայի արդյունք ՀԽՍՀ իրավահաջորդության վրա հիմնված օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի շրջանակում և առ այսօր պետությունն ու նրա ռազմավարությունը փորձում ենք կայացնել ու գործադրել դրան համապատասխան:
Եվ, ցավալիորեն դեռ կանգ չենք առնում, թեև օբյեկտիվորեն ակնհայտ է, որ ձախողել ենք մեր հասակից վեր թռչելու այդ մանկամիտ փորձը՝ անխուսափելիորեն հանգելով 2020-ի պատերազմական դավադիր պարտությամբ երևակված դավաճանական կառավարմանն ու դրանից հետո ակնառու դարձած պետականության լուծարման ընթացքին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐ
Անկախության վերականգնումից հետո Հայաստանի օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի իրականացումն օբյեկտիվորեն դրսևորվում է հետևյալ փուլերի հաջորդականությամբ.
- ՀԽՍՀ պլյուս ԼՂԻՄ – (կեղծ միացման փուլ):
- ՀԽՍՀ – (զուտ ՀԽՍՀ առանց ԼՂԻՄ փուլ):
- ՀԽՍՀ մինուս – (օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի առաքելության ավարտի՝ հայոց պետականության վերացման փուլ, ինչը ենթադրում է ՀԽՍՀ մինուս հայկական ազգային ինքնություն, ինքնիշխանություն և պետության տիտղոսակիր հայ ազգի մեծամասնություն, պետության լուծարման այլ դրսևորումներ, ինչպես նաև անխուսափելիորեն՝ հավելյալ տարածքային զիջումներ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ
- Պետության տիտղոսակիր ազգի էթնոմշակութային ինքնությունը որոշակի չէ, լղոզված է, փոխարենը ներդրվում է «հայաստանցի» արհեստական և անբովանդակ ինքնությունը, որը ենթադրում է նաև հայությանը քանակով գերազանցող այլազգիների առկայություն և հայության տիտղոսակիր ինքնիշխանության ու ինքնության վերացման հավանականություն: Ընդ որում՝ «հայաստանցի» արհեստական քաղաքական ինքնությունը տարանջատվում, իսկ որոշ հարցերում՝ նույնիսկ հակադրվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող արտերկրաբնակ հայության հատվածի՝ ՀՀ քաղաքացիությունից և ամբողջ արտերկրահայության՝ հայ էթնոմշակութային ինքությունից բխող անօտարելի իրավունքներին: Եվ դա ամրագրված է Սահմանադրությամբ և օրենքներով:
- Պետությունն առաջացել է 1990 թ. օգոստոսի 23-ի ՀՀ անկախության հռչակագրի և 1991 թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի հիման վրա՝ ԽՍՀՄ լուծարման/փլուզման համատեքստում՝ ՀԽՍՀ վարչական տարածքի վրա՝ uti possidetis սկզբունքով:
-
Պետության տարածքը և սահմանները համընկնում են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ եղած ՀԽՍՀ վարչական տարածքին ու դրա սահմաններին: Ըստ այդմ՝ պետության տարածքը կազմում է 29.800 քառ. կմ: Հարևանների հետ տարածքային հարցեր չկան, եթե նրանք ճանաչում են տարածքի նշված պարամետրները:
Արդեն ներկայումս իրականացվող «ՀԽՍՀ մինուս» փուլում Արցախի վերջին կտորի ադրբեջանական զավթումից և արցախցիների բռնագաղթից հետո հայտարարվեց, որ Արցախի հարց չկա, իսկ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն և եթե ցանկանում են, կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ:
- Պետության իրական առաքելությունը օկուպացիայի ապահովումն է, ինչն առաջին հերթին դրսևորվում է 1920-21 թթ. ռուս-թուրքական օկուպացիայի արդյունքներով ձևավորված տարածաշրջանային ռուս-թուրքական ճարտարապետության պահպանության և հայկական գործոնի կայացումը բացառելու գերակայություններով:
- Պետությունը կառուցվածքի ձևով ունիտար է, ինչը պատմական իրողություններից բխող փաստ է:
Ասվածի ապացույցներից են Հայաստանի տարածքի, ազգային ինքության, արքետիպերի, Հայրենիքի և պետության հակադրման, «խաղաղության» օրակարգի, տարածաշրջանայնացման, պետական խորհրդանիշների վերանայման, Ցեղասպանության ուրացման և բոլոր մյուս հայեցակարգային թեզերը, որոնք պետությունը զավթած և նրա անունից հանդես եկող սպասարկու ռեժիմն այսպես կոչված երրորդ հանրապետության օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի իրականացման ներկայիս վերջին փուլում («ՀԽՍՀ մինուս», կամ, որ նույնն է՝ մի նոր Բաթումի պայմանագրով Հայաստանը Թուրքիայի վիլայեթ դարձնելու) մեթոդաբար դնում է շրջանառության մեջ և ձգտում է կյանքի կոչել:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Բոլոր փորձերն ու ճիգերը՝ ուղղված օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի հիման վրա և դրա շրջանակներում աղետը կասեցնելուն և պատմության անիվը շուռ տալուն, այդ թվում՝ Արցախը վերաազատագրելուն և Հայաստանի Հանրապետությանը միացնելուն, դատապարտված են ձախողման:
Անհրաժեշտ է ազգային իրավաքաղաքական հայեցակարգ, ըստ դրա՝ ռազմավարություն և ընտրախավ և, ըստ այդմ՝ ժողովրդի ազգայնացում, համախմբում ու նրա անսպառ ուժի գործադրում:
Ըստ այդմ՝ պետք է դադարեցնել օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի վերարտադրությունն ու սնուցումը, ինչի դրսևորումներից են այն տեսակետները, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1990-91 թթ., թե Արցախն ունի ինքնորոշման իրավունք և ըստ այդմ անկախացել է, մնացել է միայն այդ անկախությունը ճանաչել:
Կամ թե՝ հայ ժողովուրդն ինքնորոշվել է 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով:
Այդ հանրաքվեն, Արցախում 1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեն, ինչպես նաև դրանց հետ կապված ակտերն ու գործողություններն ընդամենը պետք է դիտել որպես օտար տիրապետությունից ազատ ապրելու կամաարտահայտության դրսևորումներ:
Որևէ այլ առմամբ դրանք ազգային ինքնախայտառակության ցուցանիշներ են: Ուստի դրանք պետք է մոռացության տալ որևէ այլ առմամբ, առաջին հերթին՝ որպես պետության հիմնադրման նպատակով ազգային ինքնորոշման ակտեր:
Օկուպացված պետություն լինելով՝ որպես գաղութային տարածք uti possidetis սկզբունքով անկախանալու թեզն առաջ տանելն ազգային պետականությունից և իրավաքաղաքական ժառանգությունից կամովին հրաժարվելու ուղիղ ճանապարհ է:
Այդպես անկախացել են միջինասիական հանրապետությունները, բայց ոչ մենք:
Եթե բալթյան հանրապետությունները Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հետևանքով օկուպացվեցին, ապա մենք՝ Լենին-Քեմալ պակտի:
Եվ, ինչպես նրանք վերաանկախացան Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի դատապարտմամբ՝ դրա հետևանքների վերացման համատեքստում, այնպես էլ մենք պետք է ամրագրենք մեր անկախության վերականգնումը՝ Լենին-Քեմալ պակտի դատապարտման և դրա հետևանքների վերացման համատեքստում:
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով նաև մեր՝ էապես թուլացած լինելու պարագան և հատկապես այդ պատճառով արտաքին լծակներին ևս դիմելու անհրաժեշտությունը, մենք պետք է որդեգրենք պատմականի անհրաժեշտ տարրերով միջազգային-իրավական իրավաքաղաքական հայեցակարգ, որը պետք է բխի ներկայիս Հայաստանի Հանրապետության՝ որպես 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության շարունակության (կոնտինիուտետ) հայեցադրույթից:
Ըստ մեկ և միակ Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգի.
- Պետության տիտղոսակիր ազգը հայ ազգն է՝ իր բազմահազարամյա յուրատիպ էթնոմշակութային ինքնությամբ: Հայաստանում ապրում են և կարող են ապրել նաև այլազգիներ՝ ՀՀ քաղաքացու կամ ոչ քաղաքացու կարգավիճակով: Բոլոր դեպքերում՝ հայությունը պետք է մեծամասնություն կազմի և որոշիչ ձայն ունենա իր և իր պետության ճակատագրական հարցերում:
- Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թ. մայիսի 28-ին և միջազգայնորեն ճանաչվել է 1920 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում: Չկա և չի կարող լինել երրորդ հանրապետություն: Նաև՝ քանի որ չի եղել և չէր կարող լինել երկրորդ հանրապետություն:
Կա մեկ և միակ հանրապետություն՝ 1918-ին հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը:
- 1920-21 թթ. բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան օկուպացրել են Հայաստանի Հանրապետությունը, մասնատել և բռնակցել են նրա տարածքը:
- Պետության սահմանները.
- Իրանի հետ՝ համընկնում են Իրանի (Պարսկաստանի) և Ռուսական կայսրության սահմաններին,
- Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ որոշվել են Ազգերի լիգայի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկով,
- Թուրքիայի հետ՝ որոշվել են Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով:
- Պետության առաքելությունը Հայկական բարձրավանդակի բնիկ հայ ազգի՝ որպես իր Հայրենիքում բնակվող և Հայրենիքի հետ ինքնության պահպանումը երաշխավորող կենսունակ կապի մեջ գտնվող օտարերկրաբնակ հատվածներից բաղկացած ամբողջական ու միասնական հայ էթնոմշակութային հանրության, համամարդկային առաքելության իրականացման ապահովումն է:
- Պետությունը կառուցվածքի ձևով ունիտար է:
Առկա հակահայ և հակապետական իրավաքաղաքական հայեցակարգը մերժելու, դրա աղետալի հետևանքները հաղթահարելու և, զուգահեռաբար՝ ազգային իրավաքաղաքական հայեցակարգ որդեգրելու ու դրա հիման վրա արդյունավետ ռազմավարությամբ ազգի և պետականության ապագան երաշխավորելու համար նպատակահարմար է վերը նշվածի հաշվառմամբ ընդունել Հայաստանի Հանրապետության հիմնադրման, վերաանկախացման և դեօկուպացիայի մասին հռչակագիր՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնման մասին հռչակագիր» (այսուհետև՝ Հռչակագիր) անվանմամբ:
Հռչակագիրը պետք է ընդունվի հանրաքվեով (Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ) և հարցմամբ (Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության ոչ քաղաքացի ազգությամբ հայերի հնարավոր առավելագույն մասնակցությամբ):
Հռչակագիրը նպատակահարմար է ընդունել ի կատարումն «Հայաստանի անկախության մասին» 1990 թ․ օգոստոսի 23-ի հռչակագրով նախատեսված՝ «Անկախ պետականության հաստատման գործընթացի ամբողջացման» պահանջի:
Բոլոր դեպքերում՝ Հռչակագիրը, ի թիվս վերանայման ենթակա փաստաթղթերի, պետք է ըստ այդմ քննադատաբար անդրադառնա նաև Հայաստանի անկախության մասին 1990 թ․ օգոստոսի 23-ի հռչակագրին, վերանայի այն անհրաժեշտ մասով և վերահաստատի 1918 թ. հիմնադրված Հայաստանի Հանրապետության շարունակականությունից (կոնտինիուտետ) բխող իրավաքաղաքական հայեցակարգի ամբողջական և վերջնական համակարգը:
1 Իրականում ՀԽՍՀ-ն նախ եղել է որպես ՀՀ տարածքի մի մասի վրա միջազգայնորեն չճանաչված Խորհրդային Ռուսաստանի օկուպացիոն իշխանության կարգած օկուպացիոն վարչակազմի ենթակայությամբ ապօրինի քվազիպետություն, այնուհետև նույն օկուպացիայի շարունակության տրամաբանության մեջ դարձել է ԽՍՀՄ վարչատարածքային միավոր: ՀԽՍՀ-ն չի եղել ո՛չ պետություն, ո՛չ միջազգային իրավունքի սուբյեկտ: Ուստի ՀԽՍՀ-ն չէր կարող լինել 2-րդ հանրապետություն և նոր պետության իրավանախորդ: Ըստ այդմ՝ այսպես կոչված «3-հանրապետություն» արտահայտությունն ինքնին տգիտություն է որպես գիտական կամ նույնիսկ որպես հրապարակախոսական կատեգորիա և աճպարարություն է՝ որպես օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի ապօրինի լեգիտիմացման հնարք:
2 «Միացում»-ը հայկական խոսույթ է մտել որպես խորհրդային իրողությունների պայմաններում խորհրդային օրենսդրությանը համապատասխան ՀԽՍՀ-ին ԼՂԻՄ-ի միավորման նպատակի ու բովանդակության արտահայտություն: Այն խորհրդային իրողությունների մնացորդ է, որն արհեստականորեն ներմուծվել է այսպես կոչված երրորդ հանրապետության օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգ:
Արդեն Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո խոսել «միացում»-ից, նշանակում է ընդունելով և վերահաստատելով լեգիտիմացնել ռուս-թուրքական 1920-21 թթ. օկուպացիան, մասնատումը և անեքսիան, դրանից հետո՝ արդեն ԽՍՀՄ օրոք, ռուսական օկուպացիայի տակ հայտնված Հայաստանի Հանրապետության տարածքների մասերը, այդ թվում՝ Արցախը, Խորհրդային Ադրբեջանին հանձնելու, ներառյալ՝ Խորհրդային Ադրբեջանին հանձնված հայաբնակ տարածքների մի փոքրիկ մասի վրա միայն ԼՂԻՄ ստեղծելու, ինչպես նաև գերազանցապես հայերով բնակեցված այդ տարածքներից հայերին դուրս մղելու և հայրենազրկելու բոլոր գործողությունները:
Իրականում ամբողջ Արցախը, նաև Գարդմանքն ու Նախիջևանը, որ ռուս-թուրքական օկուպացիայի, մասնատման և անեքսիայի հետևանքով հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետության տարածքներ են:
Այդ պատճառով պետք է խոսել Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներն ազատագրելու, դրանց դեօկուպացիայի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին:
Այս փուլն անվանել ենք «կեղծ միացման» փուլ, քանի որ ըստ օկուպացիոն իրավաքաղաքական հայեցակարգի՝ միացում իրականում տեղի չունեցավ և չէր կարող տեղի ունենալ: Սկզբում լինելով ժողովրդի իղձի արտահայտություն, «միացում»-ը հետագայում օգտագործվեց և դեռ օգտագործվում է ընդամենը որպես օկուպացիայի մի դրվագի առթիվ (Արցախի ազատագրման) ընդվզած և որոշակի հաջողություն արձանագրած հայ ժողովրդին խաբելու ու մոլորեցնելու միջոց:
Կեղծ «միացում»-ը հնարավոր դարձավ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության որոշակի մոդելով պայմանավորված օպերատիվ դադարի հետևանքով, սակայն օրինաչափորեն պետք է փլուզվեր և ըստ օկուպացիոն հայեցակարգի առաքելության ու նպատակների պետք է մեկնարկ տար մեր աչքի առջև տեղի ունեցող հաջորդական իրադարձություններին՝ բերելով մեզ նախ «զուտ ՀԽՍՀ առանց ԼՂԻՄ», ապա նաև՝ «ՀԽՍՀ մինուս» փուլերին:
Ուստի, հարկավոր է ժամ առաջ դուրս գալ ինքնախաբեության կործանարար ընթացքից, դադարեցնել Հայոց պետականության ոչնչացման առաքելություն ունեցող օկուպացիոն հայեցակարգի սպասարկումն ու թշնամիների պլանների սնուցումը և որդեգրել ազգային իրավաքաղաքական հայեցակարգ, այլ ոչ թե շարունակել զուր փորձերը՝ օկուպացիոն հայեցակարգով ենթադրվող նախորդ փուլի նարատիվներին հետամուտ լինելու միջոցով դեպի այդ փուլ վերադառնալու, այն է՝ իբրև թե «միացում»-ը կյանքի կոչելու համար:
Բաց դռնով ներս մտնելու փոխարեն թշնամիներից դուռը ջարդելու «իրավունք» ստանալու կարիք չկա: Ավելին՝ դա հավաստի ձախողման և կործանման ուղի է, քանի որ այդ դեպքում հայտնվում ենք թշնամիների ծուղակում:
3 Հանրային, այդ թվում՝ փորձագիտական, տիրույթում, ԽՍՀՄ-ի մասնատման ձևի վերաբերյալ զուգահեռաբար դիտարկվում է երկու տեսակետ. լուծարում կամ փլուզում: Ձևական-իրավական տեսակետից ԽՍՀՄ-ը լուծարվել է: Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ը իրավական առմամբ իրականում Խորհրդային Ռուսաստանի կողմից նախկին Ռուսական կայսրության տարածքի հիմնական մասի վերաօկուպացման արդյունք էր, ընդ որում՝ նաև արդեն ճանաչված պետությունների օկուպացման արդյունք, իսկ ԽՍՀՄ ստեղծման պայմանագիր իրականում չի կնքվել, ապա ճիշտ է այն տեսակետը, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է:
4 Կոնտինիուտետի, այլ ոչ իրավահաջորդության, քանի որ իրավահաջորդությունը տեղի ունի նոր պետության առաջացման դեպքերում, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության անկախությունը վերականգնվել է նրա մասամբ դեօկուպացված տարածքի (ՀԽՍՀ + ԼՂԻՄ + մյուս դեօկուպացված տարածքներ) վրա: