«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ (ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ) ԾՐԱԳԻՐ
(2021 թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ)

ԺԱՄԿԵՏ – ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ

  • ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  • ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերակայություններ

1. Ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:

2. Մեկնարկել գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկել այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:

3. Քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ որպես Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մասի, հեռանկարի և համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում.

. պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծել էլեկտրոնային առևտրի (ecommerce) հարթակներ,

. պետության աջակցությամբ ստեղծել կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ,

. հիմնել բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ,

. առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկել Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր,

. կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին,

. օրենսդրությունը և ֆինանսավարկային համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին։

Ռեսուրսային ապահովում

4. Ձևավորել Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և արտերկրահայության բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվել օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից:

5. Ձևավորել պետական կառավարման մասնագետների վերապատրաստման արդիական համակարգ:

6. Օրենսդրական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար:

7. ԱԺ-ին և Կառավարությանը կից ստեղծել գիտափորձաքննական խորհուրդներ:

8. Ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ՝ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ից գողացված կապիտալը վերադարձնելու ճանապարհով:

9. Հայաստանի Հանրապետություն հրավիրել հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների հայազգի սեփականատերերին՝ ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար:

10. Ընդլայնել պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը:

11. Հիմնել «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (այսուհետ՝ ՀՆԶԲ) և դրա կանոնադրական կապիտալում ներգրավել Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչը նաև հնարավորություն կտա ձևավորելու մրցակցային նոր իրավիճակ:

12. Հնարավոր բոլոր միջոցներով էապես նվազեցնել վարկերի տոկոսադրույքները:

13. Հիմնովին վերանայել պետական գնումների համակարգը և օրենսդրությունը, այդ թվում՝ մրցույթում հաղթող ճանաչելու սկզբունքները և հետագա վերահսկողության մեխանիզմները:

Ենթակառուցվածքային և տարածքային զարգացում

14. Ազգային վերահսկողություն հաստատել ռազմավարական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ:

15. Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարի հաշվառմամբ ստեղծել երկրի կամրջայնության ու տնտեսական-ենթակառուցվածքային ինքնաբավության ապահովման հեռահաղորդակցային, ջրաբաշխման-ջրօգտագործման և էներգետիկ համակարգ-առանցքներ՝

. Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի հետ միասին երկրի մայրուղային ցանցի ռազմավարական ամբողջացման նպատակով Արևելք-Արևմուտք ուղղության վրա համապատասխան հատվածի թունելախորշային լուծմամբ կառուցել Երևան-Մարտունի-Վարդենիս ավտոմոբիլային մայրուղի, որը նաև կդառնա Վարդենյաց լեռնանցքով Վայոց Ձորն ու Սյունիքը երկրի մնացած մասին կապող ավելի պաշտպանված ներքին ճանապարհ,

. արդիականացնել առկա հաղորդակցային և այլ ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծել նոր ենթակառուցվածքներ,

. Նախիջևանի ապառազմականացման ու բացման հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ պատրաստ լինել դրա հաղորդակցային ենթակառուցվածքների շահագործմանը,

. ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման և օգտագործման նպատակով թունելախորշային լուծումների կիրառմամբ կառուցել Ախուրյան-Քասախ ջրանցք և Քասախ-Արմավիր հիդրոկասկադ (տարեկան 2-2,5 մլրդ կվտ/ժամ), ինչի շնորհիվ հնարավոր կլինի նաև տարեկան շուրջ 1 մլրդ խմ ջուր հասցնել Արարատյան դաշտ, դադարեցնել Սևանից ջրառը և Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շահագործումը,

. քայլեր ձեռնարկել չհարստացված ուրանով աշխատող (By DUPIC technology - "Direct Use of Plutonium in CANDU") նոր ատոմակայան կառուցելու համար,

. կառուցել Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար,

. լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը,

. ստեղծել պետության մասնակցությամբ ազգային ավիափոխադրող:

16. Իրականացնել հանքավայրերի ստուգաչափական իրական քարտեզագրում և մշտադիտարկում:

17. Ուսումնասիրել ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը և բացահայտել դրանց իրական սեփականատերերին:

18. Ստեղծել պետության մասնակցությամբ գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ:

19. Ներդնել գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ:

20. Ներդնել ջրի մեխանիկական կորուստը բացառող ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման և հետագա արդիականացման ծրագիր՝ դրանում ներառելով նաև տեղային (լոկալ) ջրահավաք ավազանների ստեղծումը և ջրամատակարարման համար անհրաժեշտ խողովակների և այլ դետալների արտադրությունը, իսկ մինչ այդ բացահայտել և պատասխանատվության ենթարկել ջրօգտագործման ոլորտում չարաշահումներ կատարած անձանց:

21. Հնարավոր բոլոր միջոցներով աջակցել և սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ ստեղծելով մասնագիտական ծառայությունների, օժանդակության, սպասարկման և գյուղտեխնիկայի միջհամայնքնային միավորումներ:

22. Ներդրումային նպատակային ծրագրերի միջոցով հիմնել էքստրեմալ, արշավային (hiking) և մշակութային խոշոր տուրիստական կենտրոններ:

23. Իրականացնել տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր:

24. Մեկնարկել սահմանային գոտին (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ ամբողջ տարածքով) արտոնյալ վարչատնտեսական գոտու վերածելու ռազմավարության համատեքստում դրանց վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի (կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն) սաղմերի (մոդելների) փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագիր:

25. Մշակել և իրագործել ՀՀ նախկին վարչական շրջանները վերականգնելու, դրանք որպես միասնական խոշորացված համայնքներ տեղական հանրաքվեների և ՏԻ մարմինների միջոցով կառավարելու, ինչպես նաև ՀՀ մարզային բաժանումը խոշորացնելու և մարզպետների գործառույթները բացառապես ՀՀ կառավարության տարածքային կառավարման քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ համակարգման ու հսկողության լիազորություններով սահմանափակելու ծրագիր:

Հարկային քաղաքականություն

26. Վարել ներդրումները և ռազմավարական ծրագրերը խթանող հարկային քաղաքականություն:

27. ՏՏ ոլորտում կիրառել արտոնյալ հարկային քաղաքականություն՝ հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:

28. Դիտարկել փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու, իսկ հետագայում նրանց համար առավելագույնս պարզեցված մեկ հարկատեսակ վճարելու հարցը: Սոցիալական քաղաքականություն

29. Ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ՝ այդ նպատակով առկա սոցիալական քարտերը փոխարինելով գործառնական քարտերով և դրանց կիրառմամբ.

. վերացնել առողջապահության պետպատվերային սկզբունքը և վճարել բուժօգնության ու սպասարկման համար,

. վճարել սոցիալական օգնություններն ու նպաստները,

.վճարել նախակրթարանից մինչև հետբուհական մասնագիտական կրթության ծախսերը,

. նպաստել ստվերի արմատական կրճատմանը՝ մանրածախ առևտրում դրանք օգտագործելով որպես վճարահաշվարկային քարտեր,

. ապահովել մանրածախ առևտրում կատարված գործարքների մինչև 10 տոկոսի վերադարձը քարտի տիրոջը (չհարկվող ամսական եկամուտ),

. ստացված եկամտով պետբյուջեի միջոցների հաշվին կազմակերպել բնակչության պետական առողջապահական ապահովագրություն:

30. Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնել արհմիությունները:

31. Ըստ իրական պահանջների սահմանել նվազագույն սպառողական զամբյուղը:

32. Մշակել և իրականացնել ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:

33. Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնել սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:

34. Վերանայել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի:

35. Սահմանել արժանավայել սոցիալական ապահովություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված անձանց ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց ընտանիքների անդամների համար:

36. Մշակել և իրագործել (սույն բաժնի 31-րդ կետում նշված համակարգի օժանդակությամբ) ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը:

37. Իրագործել սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով։

38. Իրագործել բնակարանաշինության ծրագիր 1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժած և մինչ օրս բնակարան չունեցողների, պատերազմի հետևանքով տեղահանվածների, պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած կարիքավոր զինծառայողների ու մարտական գործողությունների այլ մասնակիցների ընտանիքների, ինչպես նաև հակամարտությունների կամ այլ պատճառներով ունեցվածքը կորցրած հայրենադարձների համար՝ բնակարանների սեփականության իրավունքով:

39. Բանակցություններ սկսել առևտրային բանկերի և վարկային կազմակերպություննեի հետ՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով:

40. Նվազեցման նպատակով էապես վերանայել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները:

1. Անցումային արդարադատության համատեքստում․

. կազմակերպել քրեական արդարադատություն՝ անցումային արդարադատության ատյանի (ad hoc դատարան) միջոցով,

. կատարել գործակալական, տնտեսական և քաղաքական լյուստրացիա (գաղտնազերծում) և ըստ դրա արդյունքների ցկյանս արգելել նախկին ռեժիմների և դրանց մաս կազմած կուսակցությունների ղեկավար կազմի անձանց հանրային գործունեությունը, մյուսներին ցկյանս զրկել պետական ու տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել երկիրը կեղեքած ու թալանած անձանց և ժողովրդին ու պետությանը վերադարձնել թալանված հարստությունը:

2. Պարզել 2016 թ․ 4-օրյա և 2020 թ․ 44-օրյա պատերազմների առաջացման և կորուստների պատճառները և անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

3. Հիմնովին վերանայել ՀՀ օրենսդրությունը՝ այն առավելագույնս համակարգելու, պարզեցնելու և ազգադավ ու հանցավոր ռեժիմների կեղեքիչ կառավարման համար ստեղծված անիրավ կամ մասնավոր շահերին ծառայող օրենքները (օրինակ՝ պարտադիր կենսաթոշակային, կարմիր գծեր, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներ և տույժեր և այլն) փոփոխելու նպատակով:

4. Առանձին օրենք ընդունելու միջոցով և դրա հիման վրա՝ իրական արդարադատության հասնելու նպատակով, վերանայել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների, վերաբերյալ գործերը:

5. Առանձին օրենք ընդունելու միջոցով և դրա հիման վրա՝ առանց վաղեմության ժամկետի սահմանափակման, վերականգնելու ունեզրկված իրավաբանական և ֆիզիկական անձանց խախտված գույքային իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու մեղավոր անձանց:

6. Սահմանադրական և/կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով.

. վերացնել միայն ՀՀ քաղաքացի լինելու և միայն ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ պասիվ ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միևնույն ժամանակ սահմանելով պասիվ ընտրական իրավունքի իրացման համար միայն ՀՀ քաղաքացիությունը ճանաչելու պահանջ,

. վերականգնել Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը,

. ստեղծել 9 անդամից բաղկացած Բարձրագույն դատարան՝ միաձուլելով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները,

. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԱԾ հակակոռուպցիոն գործառույթները,

. քրեական դատավարությունում մինչդատական վարույթի փուլը սահմանափակել մեղադրանքի առաջադրմամբ՝ գործի ամբողջական քննությունը դատարանում իրականացնելու նպատակով,

. քրեական գործերով պաշտպանության կողմին օժտել ապացույցներ հավաքելու և վկաներ ներգրավելու իրավունքով,

. քրեական գործերի մինչդատական վարույթը, բացի Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայության գործերից, վերապահել ՀՀ քննչական կոմիտեին և նրան փոխանցել ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ հարկային և մաքսային քննչական մարմինների ենթակայության գործերի քննությունը,

. ՀՀ Ոստիկանության հետաքննչական գործառույթներն ու կառույցները համապատասխանաբար փոխանցել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ Քննչական կոմիտեին:

7. Մշակել և ընդունել նոր Սահմանադրություն, դրա հիման վրա՝ նոր Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին նոր օրենք:

1. Մեկնարկել «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիրի իրականացման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում.

. բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով ապահովել Զինված Ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ,

. պետության ձեռքում կենտրոնացնել բավարար նյութական միջոցներ՝ սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու և պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար,

. միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ ստեղծելու համար,

. արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը (մասնավորապես՝ զորակոչիկների փոխարեն ներգրավելով արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա) և, հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի ռազմավարական, իսկ որոշ հատվածներում՝ նույնիսկ օպերատիվ, խորություն, շփման գծի հետ միասին պետական սահմանի պահպանությունը ևս կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ՝ սահմանի պահպանության և շփման գծի պաշտպանության նպատակով ստեղծելով ԶՈՒ Սահմանապահ զորքեր, որի համալրման համար օգտագործել նաև ԱԱԾ Սահմանապահ զորքերի և Ոստիկանության զորքերի ամբողջ ռեսուրսը,

. ըստ պաշտպանության համար անհրաժեշտ չափանիշների որոշել սահմանային պաշտպանական գոտին (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ ամբողջ տարածքով) և դրանում ձևավորել ԶՈՒ համապատասխան զորամիավորումների հրամանատարության ներքո գործող տարածքային պաշտպանության ուժեր՝ ներգրավելով այդ գոտու բնակիչներին և նրանց հատկացնելով զենք ու զինամթերք,

. մեկնարկել պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի և ԶՈՒ կառուցվածքի արմատական արդիականացման ծրագիր:

2. Արմատապես վերանայել անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։

3. Վերանայել անվտանգային-պաշտպանական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը՝ ՀՀ ընդհանուր գիտակրթական համակարգի մեջ ինտեգրելու և անհրաժեշտ, այդ թվում՝ գիտահետազոտական, բաղադրիչներով համալրելու ձևով, ինչպես նաև համապատասխանաբար բացառել հատուկ ծառայությունների ծառայողների և էապես սահմանափակել Զինված ուժերի կրտսեր սպայական կազմի կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը օտարերկրյա ուսումնական հաստատություններում: