ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Հարգելի պարոն դեսպան

2020 թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմը,  չնայած Արցախի ժամանակավոր կորստին և մեր ժողովրդին պատճառված խորը ցավին, ազդարարեց տարածաշրջանում մեծ փոփոխությունների, մասնավորապես՝ 1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության վերածննդի մեկնարկի մասին։

Այդ գործընթացը մենք պատկերացնում ենք Իրանի ռազմավարական մասնակցությամբ և Հայաստանի ու Իրանի եղբայրական գործակցությամբ։

Սակայն մինչ այդ՝ Հայաստանը ծանր օրեր է ապրում։ Ռուսաստանը, հակառակ այն հանգամանքին, որ ԽՍՀՄ լուծարումից հետո պաշտոնապես մեր դաշնակիցն է համարվում, անցնող ավելի քան երեք տասնամյակի ընթացքում վարում է Հայաստանը հարևան ու բարեկամ Իրանից, ինչպես նաև առհասարակ՝ տարածաշրջանի բոլոր նախագծերից ու ձեռնարկումներից մեկուսի պահելու և նրա զարգացումը խափանելու քաղաքականություն։

44-օրյա պատերազմի ընթացքում նա, արդեն որպես թուլացող և տարածաշրջանից հեռացող տերություն, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միասին դավադրաբար հանդես եկավ որպես մի մեծ թշնամական պլանի անմիջական իրագործող և շահառու, որի նպատակն է՝ ջախջախել Հայաստանը, բացել Իրանի թիկունքը, ապա նաև մեզ միմյանցից անջատելով՝ կոտրել տարածաշրջանի քաղաքակրթական և հաղորդակցային ողնաշարը։

Այս պլանի մաս է կազմում նաև Հայաստանի էներգետիկ կախյալության մեծացումը, ինչի հերթական դրսևորմանն ականատես եղանք օրերս, երբ պարզվեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարելու թշնամի Ադրբեջանի տարածքով։

Հարգելի պարոն դեսպան Հաշվի առնելով, որ Հայաստանը կեղծ դաշնակցի խարդավանքների ու պատերազմի կորուստների պատճառով դեռևս չունի արդյունավետ կառավարում, եղբայրական Իրանին հորդորում ենք չհապաղել և այսօրվանից նախաձեռնել Հայաստանն էներգետիկ կախյալությունից ձերբազատելու գործը։

Այդ ձեռնարկումի հեռանկարը պետք է լինի նաև ներմուծվող ու տեղայնացվող գերարդիական տեխնոլոգիաների հիման վրա էներգետիկ անվտանգության ապահովման փոխշահավետ համակարգի ձևավորումը, որի մաս է կազմելու ռուսականի փոխարեն իրանական էներգետիկ ռեսուրսների այլընտրանքը, տարանցումն ու վերամշակումը։

Համոզված ենք, որ, չնայած այսօրվա դժվարություններին, եղբայրական Իրանն ունի դրա համար անհրաժեշտ ռազմավարական ներուժ և ազդեցության ռեսուրս և իր ջանքերը կծառայեցնի տարածաշրջանի ողնաշարը կոտրելու նպատակ հետապնդող թշնամական պլանը ձախողելու, ինչպես նաև այդ ողնաշարն արդիականացնելու ու ամրացնելու գերկարևոր հրամայականին։

Համոզված ենք նաև, որ կարճ ժամանակ անց Հայաստանը կունենա արդյունավետ ու ինքնիշխան կառավարում և ամբողջ թափով կմիանա Իրանի գործադրելիք ջանքերին։

Հարգանքով՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
23 մարտի 2021 թ., Երևան