ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության մասին հռչակագրի 31-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի անկախության Հռչակագրի ընդունման պահից անցել է երեսունմեկ տարի:

Շնորհավորելով մեր ժողովրդին այս համազգային տոնի առթիվ, միևնույն ժամանակ ցավով և ափսոսանքով արձանագրում ենք, որ անցնող 31 տարիների ընթացքում ըստ էության անտեսվել և ուրացվել է ոչ միայն Հռչակագրի ոգին, այլև կոնկրետ դեպքերում նաև նրա տառը։

Հռչակագրին դավաճանելու երկու հիմնական դրսևորումներն են․

1․ 1-ին հանրապետության իրավահաջորդության խափանումը։ Թեև Հռչակագրում խոսվում է 1-ին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու մասին, ըստ այդմ՝ անուղղակիորեն ընդունելով նաև նրա իրավահաջորդությունը, վերաանկախացող Հայաստանի Հանրապետության իրարահաջորդ վարչակազմերն ի սկզբանե և մինչ օրս որդեգրել են Հռչակագրին հակասող՝ Խորհրդային Հայաստանի «իրավահաջորդության» իրավաքաղաքական հայեցակարգ:

2․ Հռչակագրի շարունակականության, դրանով իսկ՝ նրա կատարման, խափանումը։ Թեև Հռչակագրով հստակ սահմանված է, որ նրանով ընդամենը հռչակվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, մինչ օրս ոչ միայն Հռչակագրից բխող քայլեր չեն ձեռնարկվել դրա նպատակներն իրագործելու և արժեքները հաստատելու համար, այլև ըստ էության ամեն ինչ արվել և արվում է դրանք դեկորացնելու, աղճատելու և/կամ պարզապես կյանքի չկոչելու համար։

Այս դավաճանության և հանցավոր անգործության հետևանքով պետությունը չկայացավ և վերածվեց Ռուսաստանի կիսագաղութի, իսկ 1988-94 թթ․ ազգային-ազատագրական պայքարով ըստ էության լուծված Արցախի հիմնախնդիրը մտավ փակուղի, ինչը վրա հասած աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում անխուսափելիորեն հանգեցրեց 2020 թ․44-օրյա պայմանավորված պատերազմով Արցախի ռուս-թուրք-ադրբեջանական զավթմանը և Խորհրդային Հայաստանի «իրավահաջորդությունը» որդեգրած ներկայիս Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթացի մեկնարկին։

Պետականության կորստի և հայրենաբնակ հայության ցեղասպանության տանող այս աղետալի ընթացքը տեղի է ունենում համաշխարհային մասշտաբի դարակազմիկ տեխնոլոգիական եւ քաղաքակրթական փոփոխությունների հորձանուտում, ինչը հավելյալ գոյութենական մարտահրավերներ է ստեղծում մեզ համար։

Միևնույն ժամանակ՝ համաշխարհային և դրանից բխող տարածաշրջանային դարակազմիկ փոփոխությունները նաև նույնպիսի դարակազմիկ հնարավորություններ են ստեղծում Հռչակագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար։

Ուստի մեր գերնպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունն ազատագրել ռուսական գաղութատիրությունից, դուրս բերել ռուս-թուրքական փակուղուց և դարձնել ինքնիշխան, ժողովրդավարական ու կենսունակ ազգային պետություն։

Այդ նպատակով ինքնավերակերտվելու, դեպի աղետը տանող փակուղայնության ու հետընթացի ինքնահոսին հանձնվածի ներկայիս վիճակը հաղթահարելու և թռիչքային զարգացմամբ որպես քաղաքակրթական, քաղաքական ու տնտեսատեխնոլոգիական կամուրջ-միջնորդ կայացած «Նորարար ազգ-սթարթափ պետություն» ցանցային կազմակերպվածք դառնալու համար անհրաժեշտ ենք համարում զուգահեռաբար կյանքի կոչել հետևյալ ռազմավարական առաջնահերթությունները․

1. Վերկուսակցական սկզբունքով լայն համազգային համաձայնության ու ներառականության գերակայությունների հաշվառմամբ համախմբել ազգային-ժողովրդավարական ներուժը, մոբիլիզացնել ժողովրդին, նրա կամքի պարտադրմամբ հեռացնել գործող կիասգաղութային վարչակազմին և ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն անցումային ծրագրի իրականացմամբ կապահովի առկա համակարգային ճգնաժամի հաղթահարումը:

2. Ի կատարումն 1990 թ․ օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջների, ընդունել Անկախ պետականության հաստատման գործընթացի ամբողջացման մասին հռչակագիր և դրանով․

2․1․ ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարել որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն,

2․2․ դատապարտել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության դեմ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի 1920-21 թթ․ ագրեսիան և դրա արդյունքներն արձանագրած փաստաթղթերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը,

2․3․ իրավաքաղաքական գնահատական տալ․

• խորհրդառուսական օկուպացիայի շրջանին (1920 թ․ դեկտեմբերի 2 – 1991 թ․ դեկտեմբերի 26) և առ ոչինչ հայտարարել այդ շրջանի բոլոր միջազգային պայմանագրերն ու այլ ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներին (Արցախ, Նախիջևան և այլն) վերաբերող ներպետական ակտերը,

• Հայաստանի անկախ պետականության վերականգնումից հետո դե յուրե անկախության շրջանին (1991 թ․ դեկտեմբերի 26 – մինչև Անկախ պետականության հաստատման գործընթացի ամբողջացման մասին հռչակագրի ընդունման պահը)։

3. Կազմակերպել իրավաքաղաքական գնահատականից բխող համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն:

4. Իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ մշակել և ընդունել նոր Սահմանադրություն և դրանից բխող նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք։

5. Կազմակերպել արտահերթ ընտրություններ։

6. Ընդունել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության որդեգրումից բխող և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնական նպատակի իրագործմանը ծառայող Ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ և, որպես այդ հայեցակարգի հրատապ միջոցառումներ՝ մինչ դրա ընդունումը․

6․1․ Ռուսաստանից ապագաղութացման հրատապ քայլերին (դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, վերանայել հայ-ռուսական իրավապայմանագրային բազան և այլն) զուգահեռաբար վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն և Հայաստանը Թուրքիային հանձնող Ռուսաստանի փոխարեն ձեռք բերել իրական դաշնակիցներ՝ արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States) կարգավիճակ ստանալու առաջնահերթությունը,

6․2․ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափերում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) և դրա հիման վրա և (կամ) դրանից բխող այլ փաստաթղթերը դատապարտելու ու չեղարկելու, ի կատարումն դրանց առաջացրած հետևանքները չեզոքացնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները 2020 թ․ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր վերադարձնելու, դրանք Շուշիի և Հադրութի շրջաններից դուրս բերելու, Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները լուծելու համար։

7. ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես միանգամայն նոր պաշտպանական համակարգի՝ ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը։

8. Հարավ-Հյուսիս աշխարհատնտեսական ծրագրի մաս կազմելու և դրա ու 4-րդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում․

8․1․ դառնալ Հարավ-Հյուսիս ծրագրում հանգուցային դիրք և դեր ունեցող մասնակից երկիր՝ տեխնոլոգիական հագեցման և տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով տարածաշրջանային բազմամիլիարդանոց ներդրումային փաթեթի հայկական բաղադրիչը ստանալու համար,

8․2․ քայլեր ձեռնարկել Նախիջևանի ապառազմականացման, նրա տարածքում միջազգային վերահսկողության հաստատման և նրա հաղորդակցային ենթակառուցվածքները Հարավ-Հյուսիս միջանցքի համակարգի մաս դարձնելու համար,

8․3․ թեթևացնել ժողովրդի սոցիալական հոգսերը և դյուրացնել բիզնեսը (վարկեր, հարկեր, տույժ ու տուգանքներ, կոմունալ և տարատեսակ այլ վճարումներ, կրթություն, առողջապահություն, արդար ու ազատ մրցակցություն և այլն),

8․4․ երկրի արդյունաբերականացմամբ հասնել թռիչքային զարգացման վիճակի։

9․ Ցանցային տրամաբանությամբ «Հայաստան» կենտրոնի շուրջ համախմբել ու վերակազմակերպել համայն հայությանը՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով բոլոր հայերի Հայրենիք և զուգահեռաբար մեկնարկելով զանգվածային հայրենադարձության ծրագիր։

Կրկին շնորհավորում ենք մեր ժողովրդին օրվա խորհրդի առթիվ և կոչ ենք անում համախմբվել հանուն Հայաստանի անկախության մասին հռչակագրով սահմանված նպատակների իրագործման ու արժեքների հաստատման։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

23 օգոստոսի 2021 թ․, Երևան