ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Քաղաքակիրթ աշխարհը պաշտոնապես արձանագրել է, որ Կրեմլը նպատակ ունի նոր ձևաչափով վերականգնելու Խորհրդային Միությունը։Այս երևույթը տարբեր դրսևորումներով զավթման ու գաղութացման սպառնալիք է ստեղծում նախկին ԽՍՀՄ կազմում եղած, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ազգերի համար։  Ասվածի մասին են վկայում, մասնավորապես,  ԽՍՀՄ լուծարումից հետո Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում մնացած ռուսական զորքերն առ այսօր այնտեղ պահելը և այդ շրջանի փաստացի ռազմակալումը, 2008 թ. առ այսօր Վրաստանի և 2014 թ. առ այսօր Ուկրաինայի տարածքների զավթումն ու դրանց դե յուրե կամ դե ֆակտո բռնակցումը, Բելառուսին և Հայաստանին այսպես կոչված Միութենական պետության մեջ մտցնելու անթաքույց քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի ձևաչափի չարաշահմամբ օրեր առաջ Ղազախստանում պատժիչ ինտերվենցիայի կազմակերպումը, ներկայումս ՈՒկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստումը, ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը բացառելու և ՆԱՏՕ-ի զորքերը 1997 թ. բնագծեր վերադարձնելու անհիմն ու ապօրինի պահանջները, առհասարակ` հետխորհրդային տարածքը աշխարհի կողմից որպես Ռուսաստանի ազդեցության գոտի ճանաչելու ագրեսիվ ու ցինիկ նկրտումը։ Ստեղծված իրավիճակում հրամայական է դառնում Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի համագործակցությունն այդ սպառնալիքին դիմակայելու գործում։ Վերը նշվածի հաշվառմամբ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի խորհուրդը Կրեմլի սպառնալիքին ենթակա ազգերի` ժողովրդավարական երկրներում գտնվող սփյուռքներին կոչ է անում համախմբվել այդ սպառնալիքին դիմակայելու նպատակով և ստեղծել դրա համար անհրաժեշտ համագործակցության հարթակներ։ Ժողովրդավարական երկրներում բնակվող Բեւեռի աջակիցներին և Հայաստանի ապագայով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին հորդորում ենք ակտիվ նախաձեռնողականությամբ կյանքի կոչել այս մտահղացումը։Ազգային-ժողովրդավարական Բեւեռի խորհուրդ21 հունվարի 2022 թ., Երևան