ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ապստամբ, ռազմագերի Սմբատ Բարսեղյանի նամակը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ից

Հանցավոր ռեժիմի կողմից ժողովրդի ենթագիտակցության մեջ ներարկված կարծիք կա, իբրև թե մենք մեր 2016 թվականի հուլիսյան ապստամբական գործողությունն իրականացրել ենք ռեժիմի գիտությամբ և թույլտվությամբ:

Նորություն չէ, որ սա ազգային ուժի դեմ ուղղված հակաքարոզչության ստոր մեթոդներից մեկն է, որով փորձում են դիմադրական պայքարի ֆոնին իբր վարկաբեկել Բևեռի մաս կազմող ուժին:

Ընդ որում, սա իրականացվում է նախկին ու ներկա հանցավոր ռեժիմների կողմից՝ համատեղ սցենարով, քանի որ նրանք երկուսն էլ իրենց տերերի հետ միասին ամենաշատն են վախենում բևեռի հզորացումից: 2016 թվականին Սասնա Ծռեր խումբն իր ապստամբական քայլով 4 տարով կասեցրեց Արցախի տարածքների հանձնման դավաճանական ընթացքը:

Դա ապացուցելու կարիք բնավ չկա, քանի որ, ցավոք, այդ մասին վկայեց 44 -օրյա դաժան պատերազմն ու նախկին-ներկա ռեժիմների ներկայացուցիչների տարաբնույթ հայտարարություններն ու խոստովանությունները այն մասին, որ վաղուց են պատրաստ եղել զիջումների:

Եւ հիմա Կրեմլի խաղը խաղացող նախկին դավաճաններն իրենց հերթին են արդարանում, ներկայիս կապիտուլյանտ անհայրենիքներն՝ իրենց հերթին՝ միաժամանակ վարկաբեկելով այն միակ ուժին, որը տարիներ առաջ Արցախը փրկեց, հիմա էլ Սյունիքն ու ամբողջ Հայաստանն է փորձում փրկել վերջնական կործանումից:Ներկա-նախկին դավաճանների պատճառով մի ողջ սերունդ զոհվեց:

Մենք սխալվելու իրավունք այլևս չունենք։ Եթե այս անգամ էլ սխալվենք, մեր ընկած եղբայրները մեզ չեն ների: Հանե՛ք Ձեր միջից վախը, համախմբվե՛ք Ազգային-ժողովրդավարական բևեռի շուրջ, որը միակն է, որ այս աղետալի իրավիճակում ճիշտ ճանապարհ է ցույց տալիս:

Հարգելով բևեռի խորհրդի բոլոր անդամներին՝ ցանկանում եմ հատկապես շեշտել Ժիրայր Սէֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի անգնահատելի նվիրումը այս հարցում, քանի որ անհատապես նրանց եմ ճանաչում:Ժամանակ չպետք է կորցնենք. վաղը ուշ է լինելու:

Ես ինքս ողջունում եմ բոլորիդ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից՝ նշելով, որ Ձեզ հետ եմ ամեն րոպե, ամեն վարկյան։ Անազատության մեջ լինելով հանդերձ՝ զգում եմ պայքարի շունչը Երևանի փողոցներում և բանտից պայքարում եմ իմ հայրենիքի փրկության համար։

Դուք ևս միացե՛ք ազգային-ազատագրական պայքարին:Նուբարաշեն ՔԿՀ 21.04.2021

Հարգանքներով՝ Սասնա Ծռեր զինված խմբի անդամ, ռազմագերի Սմբատ Բարսեղյան