
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակցությունը Ժողովրդավարության միջազգային միության համաժողովին
Սույն թվականի ապրիլի 29-ից Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը մասնակցում են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովին։
ԱԺԲ-ն Հայաստանից հրավիրված միակ քաղաքական ուժն է այս կարևոր համաժողովին։
Ժողովրդավարության միջազգային միությունը համաշխարհային ազդեցիկ քաղաքական հարթակ է, որը հիմնադրվել է 1983 թվականին Մարգարետ Թեթչեր-ի և Ռոնալդ Ռեյգան-ի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է կենտրոնամետ-աջ, ազգային պահպանողական և քրիստոնեա-դեմոկրատական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ աշխարհի տարբեր երկրներից։
Միության կազմում ընդգրկված են ավելի քան 80 քաղաքական ուժ՝ սկսած ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից մինչև Գերմանիայի CDU/CSU, Լիկուդ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (Ճապոնիա)։
Համաժողովի շրջանակում ԱԺԲ պատվիրակությունն արդեն անցկացրել է մի շարք արդյունավետ հանդիպումներ բարձր մակարդակի քաղաքական գործիչների, տարբեր երկրների ընդդիմադիր առաջնորդների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Քննարկումների առանցքում եղել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության արդի մարտահրավերները, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ առկա մտահոգությունները, իշխանությունների կողմից Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքները, ինչպես նաև ազգային-պետական ուղղվածություն ունեցող ուժերի միջազգային համագործակցության խորացման հնարավորությունները։
Նշված հանդիպումները հնարավորություն են տվել ԱԺԲ-ին ներկայացնելու իր հայաստանակենտրոն մոտեցումները, ամրապնդելու կապերը միջազգային գործընկերների հետ և նախանշելու հետագա համագործակցության նոր հեռանկարներ։
Համաժողովի աշխատանքները շարունակվում են։
Ի հիշեցում․ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը մասնակցել է նաև Ժողովրդավարության միջազգային միության նախորդ համաժողովներին՝ 2025 թ․ մայիսին Բրյուսելում և նույն տարվա դեկտեմբերին Վաշինգտոնում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
30 ապրիլի, 2026թ. , Երևան




