ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները այսօր՝ հունիսի 26-ին, նամակ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հարգելի դեսպան Քվին,
Ռուսաստանի Դաշնությունում վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան խոցելի և փխրուն է Արցախի անվտանգությունը։
Այսպես կոչված «ռուսական խաղաղապահները» ոչ միայն չեն կատարում իրենց պետության կողմից ստանձնած հանձնառությունները, այլև ամեն պահ՝ հենց Ռուսաստանի ներքին անկայության պատճառով, կարող են լքել Արցախը։
Ազգային- ժողովրդավարական Բևեռը մշտապես գտել է և հիմա էլ գտնում է, որ Արցախում ցանկացած խաղաղապահ գործունեություն պետք է բովանդակությամբ լինի միջազգային ու բազմազգ և խարսված պետք է լինի ոչ թե ալիևյան ռեժիմի բարեհաճության, այլ միջազգային իրավունքի կայուն հենքի վրա։
Այս առումով Ազգային – Ժողովրդավարական Բևեռը ողջունում է ս․/թ․ հունիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի լսումների ժամանակ հնչած այն միտքը, որ Արցախում խաղաղապահ գործունեության հիմք կարող է ծառայել ՄԱԿ-ի Վեհաժողովի կողմից 2005թ․ ընդունված «Պաշտպանելու պատասխանատվության» (Responsibility to Protect) սկզբունքը։
Այս սկզբունքն իր ամբողջական, հանգամանալից և իրավական մարմնավրումն է գտել ՄԱԿ-ի A/RES/60/1, 24.10․2005թ․ փաստաթղթի մեջ։ Այս փաստաթուղթը պարտավորեցնում է միջազգային համայնքին հետևյալ չորսը հանցագործությունների առկայության կամ դրանց վտանգի դեպքում՝ ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ հանցագործություններ և էթնիկ զտումներ (genocide, war crimes, crimes against humanity and ethnic cleansing), ինչպես նաև անհատ երկրների ձախողման դեպքում գործուն քայլերով աջակցել երկրներին՝ նշյալ հանցագործությունները կանխելու համար։
Հաշվի առնելով, որ Արցախի հայ բնակչությունը կանգնած է ցեղասպանության շեմին, առկա են փաստաթղթավորված պատերազմական հանցագործությունների, մարդկայնության դեմ հանցագործությունների և էթնիկ զտումների բազմաթիվ դեպքեր, որի մասին ԱՄՆ Կոնգրեսի վերոհիշյալ լսումների ժամանակ բազմիցս պաշտոնապես վկայեցին փորձագետներն ու կոնգրեսականները, Ազգային- ժողովրդավարական Բևեռը դիմում է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և բոլոր շահագրգիռ երկրներին` իրականացնել համապատասխան գործողություններ, այն է` Պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի շրջանակում ձևավորել և Արցախում ու տարածաշրջանում տեղակայել միջազգային խաղաղապահ ուժեր։
Միևնույն ժամանակ Ազգային- ժողովրդավարական Բևեռը դիմում է Արցախի ՀՀ քաղաքացիներին և տեղական իշխանություններին` բոլոր հնարավոր միջոցներով դրսևորել սեփական կամարտահայտությունը՝ դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և բոլոր շահագրգիռ երկրներին և խնդրել Պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի կիրարկում Արցախում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, 26 հունիսի 2023թ․, ք․ Երևան