ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիժեցնել Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագրի կնքումը

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միանձնյա, անպատասխանատու, ընդ որում՝ դավաճանական, որոշումներ կայացնելու հերթական դրսևորումը։

Աշխարհը, մասնավորապես՝ հայ ժողովուրդը, այսօր անակնկալ կերպով տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և մասնակցությամբ  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքել սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանանշման (դեմարկացիա) համաձայնագիր, որն իր բնույթով հանրաքվեի հիման վրա կնքվող և վավերացման ենթակա միջազգային պայմանագիր է։

Փաստում ենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր այդ կարգավիճակի բերմամբ ոչ միայն չունի նման տիպի պայմանագիր ստորագրելու իրավասություն և իրավազորություն, այլև զուրկ է նվազագույն լեգիտիմ հիմքերից՝ համազգային նշանակության նման կարևորագույն հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու առումով։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանանշման հարցին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն չի կարող լուծվել  Խորհրդային Միության կողմից իր հանրապետությունների միջև ապօրինի և կամայական կերպով կատարված վարչատարածքային բաժանման հիման վրա։

Նման մոտեցումը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ և չի կարող դրվել բանակցությունների հիմքում։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը այժմյան Միացյալ Ազգերի Կազմակերպության իրավանախորդ Ազգերի Լիգայի 1920 թ․ փետրվարի 24-ի որոշումն է, որի տակ դրված են այդ կազմակերպության խորհրդի անդամներ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները։

Ըստ այդմ, դիտարկվող հարցը կարող է լուծվել ապագայում՝  նշված փաստաթղթի հիման վրա և հայ ժողովրդից լեգիտիմ իրավասություն և իրավազորություն ստացած իշխանության օրոք։

Մինչ այդ, աշխարհասփյուռ հայ ժողովրդին կոչ ենք անում միասնական և միահամուռ կերպով ընդդիմանալ հայտարարված ազգադավ գործընթացին և վիժեցնել դրա իրականացումը հենց սկզբնավորման փուլում։

Հակահայկական աշխարհաքաղաքական կենտրոն Ռուսաստանը և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոկանատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող հակազգային ուժերը չեն կարող հայ ազգին զրկել իր նվիրական՝ միացյալ Հայաստան ունենալու երազանքից և դրա անխուսափելիության հեռանկարից։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Երևան, 20 մայիսի 2021 թ․, Երևան