ԲԵՎԵՌԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԲԱՆՏԻՑ
Սիրելի զինակիցնե՛ր,
1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրն արձանագրեց դեռևս 18-րդ դարի սկզբին գլխավորապես Հայաստանի ու հայության հաշվին թուրքական ու ռուսական հրեշավոր համակարգերի բախմամբ առաջացած հակադրությունների պայքարի ու միասնության ռուս-թուրքական փոխլրացնող գոյաձևի և, որպես դրա գործառման կենսապայման՝ Հայոց պետականությունն ու հայկական գործոնը բացառող տարածաշրջանային ճարտարապետության նորովի վերականգնումը:
Այդ ապօրինի փաստաթուղթը և դրա փաստացի հավելվածները՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, Արցախի բռնակցման վերաբերյալ 1921թ. հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշումը, ինչպես նաև մինչ ԽՍՀՄ-ի լուծարումը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի վարչական տարածքներն ու սահմանները հարևան խորհրդային հանրապետությունների օգտին ձևավորած ու փոփոխած մյուս ապօրինի ակտերը, ապա նաև՝ ԱՊՀ-ի, Հայաստանից Արցախի անկախացման, Արցախի հարցի կարգավորման, 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ու դրան հաջորդած համապատասխան փաստաթղթերն ու պայմանավորվածությունները ունեցել են և այսօր էլ ունեն ուղղակի և անուղղակի երկու աղետալի հետևանքներ:
Ուղղակի հետևանքն ակնհայտ է՝ Հայաստանի պետականության կամ առնվազն անկախության վերացման, նրա տարածքի զավթման, մասնատման ու բռնակցման փաստագրումը:
Մինչդեռ անուղղակի հետևանքը թերևս ավելի խորն է ու դժվար հաղթահարելի, քանի որ դրանց հիման վրա ամփոփվում ու ավարտուն տեսք է ստանում «ռուս-թուրքական երկընտրանք» պայմանական անվանմամբ մեր ինքնասպանական «քաղաքական կրոնը»:
Այս ինքնասպանական «քաղաքական կրոնը»՝ իր ապօրինի ու հակահայ «հավատո հանգանակով», 29.800քառ. կմ-անոց Խորհրդային Հայաստանի իրավաքաղաքական հայեցակարգով, սատանայածին մարգարեներով ու կեղծ հերոսներով, ապազգային ու պետականամերժ դոգմաներով ու ծեսերով, դարձավ հիմնական արմատն ու պատճառը թե՛ 1988-ի ազգային զարթոնքի ու պայքարի արդյունքների արհեստական սահմանափակման ու պղծման, թե՛ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության չկայացման և թե՛ 2020-ի պարտության ու դրանով մեկնարկած պետականության լուծարման գահավիժող ընթացքի:
Այս ինքնասպանական «քաղաքական կրոնն» առ այսօր այնքան ամուր է, որ անգամ այդ կրոնի մոլագար սարկավագ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դրա հիմնադրույթների իրականացման ակնհայտ սնանկության ու աղետաբերության ֆոնին հայ հասարակության, ցավալիորեն՝ նաև Արևմուտքի ազատ երկրներում բնակվող հայության, գերակշիռ մեծամասնությունը շարունակում է կառչած մնալ մեռած չաստվածների ու պիղծ մարգարեների այդ «կրոնին»:
Մենք, որ ճակատագրի բերմամբ դարձել ենք փրկության ու վերածննդի «Հայրենատիրություն» քաղաքական հավատամքի նվիրյալներ, թեև խորը ցավով ու տագնապով առճակատվում ենք մեր հայրենակիցների մեծամասնության աղետաբեր մոլորությանը, այդուհանդերձ, անսասան հավատով ու հաղթահարումի անխորտակ կամքով պարտավոր ենք մինչև վերջ ծառայել մեր առաքելությանը՝ սիրով ու համբերատար լինելով թե՛ միմյանց և թե՛, առավել ևս՝ դարձի ենթակա հայրենակիցների հանդեպ:
Համոզված լինենք, որ աշխարհաքաղաքական ներկայիս նպաստավոր պայմաններում, առաջին հերթին՝ Ռուսաստանի ռազմավարական նահանջի և Թուրքիայի թուլացման շնորհիվ, կարո՛ղ ենք անձնական օրինակի, կազմակերպվածության ու ճիշտ քարոզչության միջոցով ոչ ևս դարձնել «ռուս-թուրքական երկընտրանք» ինքնասպանական «քաղաքական կրոնը», ազատագրվել որպես ազգ և մեր հերոսական ժողովրդին տոգորել հայրենատիրության կենսատու գաղափարներով:
Միևնույն ժամանակ, պատրա՛ստ լինենք անհրաժեշտ պահին ընդվզելու և բոլոր հնարավոր միջոցներով խափանելու գաղափարական ու գործնական դավաճանությունը, եթե այն փորձի մոտենալ անդառնալիության կետին:
16.03.2023թ, Նուբարաշեն ՔԿՀ