ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայացք Հայաստանից. Եթե Սառը պատերազմի ավարտին ԽՍՀՄ լուծարմամբ և Վարշավյան պակտի վերացմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը, ապա Արաբական գարուն կոչված գործընթացով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը:Ըստ էության կարող ենք ասել, որ ներկայումս ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմով սկսված ավելի քան հարյուրամյա շրջափուլը, որից հետո ձևավորվելու է նոր աշխարհակարգ՝ այսօր դեռևս ոչ ամբողջությամբ ըմբեռնելի դարակազմիկ փոփոխություններով հանդերձ:Պատահական չէ, որ այս շրջափուլի ավարտը դրսևորվում է վերջին տարածքային կայսրություն Ռուսաստանի դե ֆակտո կազմաքանդմամբ, որին անմիջապես հետևելու է նրա զուգընկեր Օսմանյան կայսրության մնացորդ Թուրքիայի կազմաքանդումը:Այո՛, աշխարհը փոխվում է և դա մեծ ազդեցություն է ունենալու նաև մեր ընդհանուր միջավայրի՝ աշխարհաքաղաքական կիզակետ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի վրա: Մենք պետք է նոր ռազմավարություններ մշակենք՝ միանգամայն նոր միջավայրում մեր հետագա գոյությունն ու զարգացումն ապահովելու համար: Մեր նոր ռազմավարությունների մեջ պետք է առնվազն նկատի ունենանք, որ.1. Մեր տարածաշրջանը լինելու է առանց Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունների ու միջամտությունների: Բնականաբար, չի լինելու նաև ռուսական և թուրքական ռազմական ներկայություն՝ ռազմակայաններ, զորքեր, գործողություններ: Մինչդեռ էապես փոխվելու է Իրանի կշիռն ու դերը: Դա լինելու է որպես հետևանք ԱՄՆ-ի և ամբողջ Արևմուտքի համար Իրանի կարևորության շեշտակի աճման հետ և նրա հարաբերությունների անխուսափելի հետզհետե բարելավման:2. Իրանը Արևմուտքի համար մասամբ կատարելու է Թուրքիայի այսօրվա դերը, դառնալու է Ռուսաստանի փոխարեն Արևմուտքին էներգակիրներ մատակարարող հիմնական երկրներից մեկը, ինչպես նաև հիմնական կամուրջ Հնդկաստանից, Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա նախատեսվող Հյուսիս-Հարավ հաղորդակցային ուղու վրա՝ դրանով իսկ հանգուցային դեր ստանձնելով ԱՄՆ-ի հետ գլոբալ մրցակցության մեջ մտած Չինաստանի Մեկ գոտի-Մեկ ուղի հաղորդակցային նախագծի չեզոքացման նպատակ հետապնդող արևմտյան ռազմավարության մեջ: 3. Բացի այդ, Չինաստանին զսպելու նույն նպատակով մեր տարածաշրջանի հետ ռազմավարական շփման մեջ է մտնում զարգացող հսկա Հնդկաստանը՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցային ուղու հարավային հիմնական օպերատորն ու շահառուն: 4. Անշո՛ւշտ, մեր տարածաշրջանի վրա ազդելու են նաև ամերիկա-չինական աճող մրցակցության համատեքստում սպասվող այլ զարգացումներ ու լարումներ:5. Այս ամենի ֆոնին հավանաբար նվազելու է Իսրայելի գործոնը: Համենայն դեպս, այն չի կարող մնալ ներկա ձևի ու բովանդակության մեջ, այլ որոշակի կերպափոխում է ապրելու: Այս ամբողջ համատեքստում՝ հատկապես նոր աշխարհակարգի կայացման առաջին՝ ավելի տուրբուլենտ փուլում, տարածաշրջանի բնիկ ազգերի ու երկրների՝ յուրաքանչյուրի և բոլորի համար էապես մեծանալու են թե՛ մարտահրավերների և թե՛ զարգանալու ու հզորանալու հնարավորությունները:Ըստ այդմ, բոլորս միասին կարիք ունենք հարթելու միմյանց միջև առկա տարաձայնությունները և որոնել ու արդյունավետ կերպով օգտագործել համագործակցային բոլոր հնարավոր լուծումները: