ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ռուս-թուրքական դաշինքը Հայաստանը վերածում է համակենտրոնացման ճամբարի
Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը Պարոն Ավետիսյան, դատարանը երեկ «Սասնա ծռերի» գործով վճիռկայացրեց, որով խմբի անդամները դատապարտվեցին երկարատև ազատազրկման: Որքանո՞վ էր սա քաղաքական որոշում, որքանով էր իրավական, և դուք ի՞նչ քայլերի…

Պարոն Ավետիսյան, դատարանը երեկ «Սասնա ծռերի» գործով վճիռկայացրեց, որով խմբի անդամները դատապարտվեցին երկարատև ազատազրկման: Որքանո՞վ էր սա քաղաքական որոշում, որքանով էր իրավական, և դուք ի՞նչ քայլերի եք դիմելու:

Դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակից այդ առումով որևէ փոփոխություն չի եղել և մեզ համար որևէ անակնկալ չկա: Փոքր տարբերություններ, շտկումներ, իհարկե, քիչ չափով հավանական համարում եմ, բայց խոշոր հաշվով, ամեն ինչ որոշված էր դեռևս այն ժամանակ, որովհետև ոչինչ չի փոխվել: Ինչպես կայինք Ռուսաստանի կիսագաղութ, այնպես էլ մնում ենք: Ուստի գաղութի և նրա պլանների դեմ ապստամբածների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չի կարող լինել: Իսկ բացարձակ մեծ պատժաչափեր ի սկզբանե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ չեն մտածել՝ ժողովրդի ընդվզումը չհարուցելու նպատակով: Պարզ վիճակ է:

Ի՞նչ քայլերի եք դիմելու:

Մենք սրա հետ կապված որևէ քայլի չենք դիմելու: Մենք անտեսում և արհմարհում ենք տեղի ունեցողը: Հայաստանն է գերված, զավթված և Հայաստանը պետք է ազատագրվի: Մեր ազատ լինել-չլինելը երկրորդական ու ածանցյալ է դրանից:

Ի՞նչ է լինելու, երբ ձեր դավաճիռը մտնի ուժի մեջ:

Եթե այս վճիռները մտնեն ուժի մեջ, մենք պետք է հասկանանք, որ ռուս-թուրքական դաշինքը Հայաստանը վերածում է համակենտրոնացման ճամբարի և կիսում են իրար մեջ արդեն արձանագրմամբ: Այդ ժամանակ պետք է սպասենք նոր Մոսկվայի պայմանագրի: Ես գրեթե համոզված եմ, որ մեր կալանավորումը տեղի չի ունենա, իսկ եթե զուտ որպես երևույթ անգամ արձանագրվի, ապա դա շատ կարճ է տևելու, որովհետև կա բնապատմական հակառակ ընթացքը, որը բերելու է Հայաստանի ազատագրման և ռուսական գաղութատիրական լծի վերացման:

Դուք նշեցիք, որ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է: Պատերազմից հետո Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի չի՞ խորացել:

Բնականաբար այդ կախվածությունը խորացել է: Այս պատերազմը նաև դրա համար էր, որ խորացնեն կախվածությունը: Հայաստանն ամբողջությամբ մանրադրամի է վերածում, որպեսզի կարողանան թուրքերի վրա հարմար գներով ծախեն:

Այս դեպքում ձեր քաղաքական ուժն ինչ քայլեր պետք է ձեռնարկի:

Մենք հայտարարել ենք ազգային ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու մասին, որը կմեկնարկի ռուս-թուրքական պայմանագրի օրը՝ մարտի 16-ին: Այդ ժամանակ մեր քայլերը կերևան, կլինեն և հանրահավաքներ, և այլ ակցիաներ: Քարոզչությունն ենք շարունակելու այդ ուղղությամբ: Ժողովրդին պետք է ոտքի հանենք և ազատագրենք երկիրը: Դա մեկ օրվա գործ չի, լուրջ գործընթաց է: Մենք հիբրիդային պատերազմի իրավիճակում ենք գործում: Գաղութատիրող և նրանց տեղական ծառաների կողմից զավթված համարյա ամբողջ մեդիա համակարգը՝ վայ-քաղաքագետներ, վերլուծաբաններ, իրավաբաններ, պաշտոնյաներ, տարատեսակ այլ ենիչերիներ, որոնք բոլորը լծված են մեր ազգային-ազատագրական պայքարը չեզոքացնելու, մեզ փնովելու, պիտակավորելու գործին: Արդեն 4-5 տարի այդ վիճակն է, որին կողմ է նաև գործող իշխանությունը իր պարագլխով: Մեզ համար սա օրինաչափ իրավիճակ է:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում ընդլայնելու անհրաժեշտություն կա: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Սա գաղութացման ընթացքի մի դրսևորում է, հայկական բանակը դարձնում են ռուսական բանակի կցորդը՝ այն կրճատելու, ընդհանրապես Արցախից մեր զորքը հանելու, մնացյալ Հայաստանի տարածքը կրճատելու քայլեր են: Ինչպես տեսնում եք՝ ռուսական ռազմակայանի կարողությունները վերաբաշխում են, որովհետև պարզվում է՝ թուրքը մեզ այլևս չի ուտելու: Իրականում շատ վտանգավոր վիճակ է առաջացել: Կարծես թե Ռուսաստանը թողնում է Հայաստանի արևմտյան մասը թուրքական ռազմակալման համար:

Այսինքն ավելի վտանգավոր իրավիճա՞կ է ստեղծվում:

Այո, ավելի վտանգավոր իրավիճակ է առաջանում: Այն, ինչ փորձարկեցին Հայաստանի արցախյան մարզի հատվածում, հավանականությունն ավելի է մեծանում, որ կցանկանան դա փորձարկել ամբողջ Հայաստանի համար: