ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Փետրվարյան ապստամբության 100 ամյակի առթիվ

Հայրենակիցնե՛ր

Այսօր Փետրվարյան ապստամբության 100 ամյակն է:Թեև ուժերն անհավասար էին և ապստամբությունը ֆիզիկապես պարտվեց, սակայն այդ յուրօրինակ Սարդարապատի վճռական պոռթկումը կարողացավ զավիթչներին պարտադրել հայկական գործոնի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը։

1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբության, ինչպես նաև Նժդեհի գլխավորած Զանգեզուրի ինքնապաշտպանության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշևիկյան պլանների և նկրտումների:70 տարվա զավթումից հետո, երբ ԽՍՀՄ-ը լուծարվեց, տարբեր պատճառներով մենք չկարողացանք իրապես անկախ պետություն ստեղծել։

1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա անկախ պետություն վերստեղծելու փոխարեն մեզ պարտադրվեց Արցախը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ռուս-թուրքական դաշինքին վերահանձնելու տրամաբանությամբ կոդավորված պետական կառավարման մի կիսագաղութային համակարգ, որ պայմանականորեն կոչվեց 3-րդ հանրապետություն։

Այսօր արդեն ականատես ենք լինում, որ այսպես կոչված 3-րդ հանրապետություն-համակարգը ռուս-թուրքական դաշինքին է հանձնել Արցախը և ավարտում է պետական ինքնիշխանությունը հանձնելու իր առաքելությունը։Սակայն պատմությունը կրկնելու նրանց ծրագիրը ձախողվելու է, քանի որ ներկայիս որոշ իրողություններ միայն արտաքուստ են նմանվում 100 տարի առաջ իրենց նախնիների հաջողության դրվագներին։

Ընդամենը մի քանի հիմնական գործոնների թվարկումը բավարար կլինի հակառակն ապացուցելու համար. այսօր մենք ապրում ենք դարակազմիկ փոփոխությունների աշխարհում, մեր տարածաշրջանում, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, կան շատ ավելի հզոր խաղացողներ, որոնց շահերը համընկնում են մեր շահերին և, այս ամենի հետ մեկտեղ՝ 100 տարի առաջ մենք գործ ունեինք հզորացող ու վերադարձող, իսկ այսօր՝ թուլացող ու նահանջող, Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ՝ այս ամենը կարևորելով հանդերձ, պետք է նկատի ունենանք, որ ամենակարևոր գործոնը մենք ենք՝ Սարդարապատի, 1-ին Հանրապետության և Փետրվարյան ապստամբության ժառանգորդներս, որ տեր ենք կանգնելու մեր արժանապատվությանն ու ճակատագրին։

Մենք ունենք Նժդեհյան դաստիարակությամբ մի ոգեղեն սերունդ, որ գիտակցված ինքնազոհաբերությամբ կասեցրեց ցեղասպանության ու վերջնական հայրենազրկության ռուս-թուրքական ծրագիրը և ճիշտ կազմակերպվելու պարագայում պատրաստ է շուռ տալու պատմության անիվը։

Հայրենակիցնե՛ր

Ահա ա՛յս գիտակցությամբ և համոզմունքներով ասպարեզ ենք իջնում՝ կազմակերպելու զավթիչներից ու նրանց տեղական գործակալներից ազատագրվելու համազգային դիմադրական շարժում, որ պետք է ավարտվի
1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա ազգային պետության վերակերտմամբ։

Պայքարի ճանապարհը հեշտ չի՛ լինելու։ Կլինեն թե՛ վերելքներ, թե՛ վայրէջքներ։

Սակայն համոզված ենք՝ բոլորիս նվիրումի և ջանքերի շնորհիվ մեր դիմադրական շարժումը դառնալու է այն Քաղաքական Սարդարապատը, որ վերակերտելու է Հայաստանի Հանրապետությունը։

Ի գո՛րծ

Մե՛նք ենք տերը մեր երկրի

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

18 փետրվար 2021 թ., Երևան