ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ինչպե՞ս ենք վերաբերվում տարբեր պետությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ այս կամ այն կերպով դրական վերաբերմունք են արտահայտել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի ռազմակալման փաստի նկատմամբ։

Նախ՝ մենք այդ պետություններին տարանջատում ենք ըստ երկու խմբերի։

Առաջին խմբում են՝ Հայաստանը (չզարմանաք), Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը և նրանց անվերապահ դաշնակիցները։ Վերջին երեքն ի սկզբանե պաշտոնապես ընդունել և հայտարարել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է։

Հայաստանը, թեև ուղիղ ձևով Արցախը չի հայտարարել որպես Ադրբեջանի մաս, սակայն Արցախի ինքնորոշման (այն էլ՝ իրականում ընդամենը ԼՂԻՄ տարածքով) հակահայ քաղաքականությամբ սպասարկել է և այսօր էլ սպասարկում է Ադրբեջանական ԽՍՀ վարչական սահմաններով ներկայիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության հայեցակարգը։

Երկրորդ խմբում մնացած պետություններն են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իրան և այլն։ Նրանք ստիպված ընդունել են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և իրենց քաղաքականությունները հարմարեցրել են դրան։

Հայաստանը, կամ, ավելի ճիշտ, Հայաստանի անունից անկախության առաջին իսկ վայրկյանից հանդես եկող ռուսահպատակ կգբ֊ական բոլոր չորս ադմինիստրացիաները, որդեգրել են Հայաստանի շահերի հաշվին 1921 թ. ռուս֊թուրքական դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության համատեքստում Ռուսաստանի շահի սպասարկման քաղաքականություն։

Վարուժան Ավետիսյան

Այդ քաղաքականության վերջնական նպատակն ի սկզբանե հայտնի էր՝ նորովի վերականգնել Արցախյան առաջին հաղթական պատերազմով խախտված ճարտարապետությունը և խափանել հայկական գործոնի կայացումը։ Ավելի պարզ ասած՝ ռուս֊թուրքական դաշինքին վերահանձնել Արցախը, ինչպես նաև Ռուսաստանին մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը։

Չորս իրարահաջորդ ադմինիստրացիաները երեսուն տարվա ընթացքում կարողացան այնպես քայքայել և թուլացնել Հայաստանն ու հայությանը, որ 2020 թ. աշնանը մեզ համար անբարենպաստ միջազգային ու տարածաշրջանային իրավիճակում Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կարողացան (Հայաստանի նախկին և ներկա գաղութային ադմինիստրացիաների ներկայացուցիչների գործուն աջակցությամբ) պատերազմական սցենարով և հետագա թշնամական քայլերով հաջողությամբ մեկնարկել այդ ծրագիրը։

Ի՞նչ արեցին և ի՞նչ են անում մյուս՝ երկրորդ խմբի պետությունները։ Առանձնապես ոչ մի արտառոց բան չեն անում։ Տեսնելով պատմության մեջ հազվադեպ երևույթ՝ Հայաստան անունով կեղծպետության ինքնադավաճանական և ինքնասպանական գործողությունները, մի քիչ զարմացան, այնուհետև որոշեցին պրագմատիկ լինել և իրենց շահը հետապնդել։

Հանուն արդարության նաև պետք է նշել, որ այդ մյուս պետությունները, այնուամենայնիվ, մեծ հույս ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ (հարկավ, ամեն մեկը՝ իր շահերի հաշվառմամբ), ուստի, անկախ իրենց այսօրվա ընթացիկ (մեզ համար տհաճ և վրդովեցուցիչ) հայտարարություններից ու քայլերից, տեղ և հնարավորություն են թողնում Հայաստանի ապագայի համար։

Մեր գերխնդիրն է՝ ժամ առաջ ձերբազատվել գաղութային ադմինիստրացիայից, քաղաքական դաշտը մաքրել ռուս֊թուրքական շահերն սպասարկող ուժերից և ձևավորել ազգային կառավարություն, որպեսզի կարողանանք շուռ տալ դեպի անդունդը գլորվող պատմության անիվը։

Վարուժան Ավետիսյան

10 փետրվար 2021 թ.