Ս․թ․ դեկտեմբերի 2-ից Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչներ Արա Պապյանը, Դավիթ Գրիգորյանը և Դայանա Բենիստրը (Միացյալ Նահանգներում ԱԺԲ լոբբիստ) մասնակցում են Վաշինգտոնում մեկնարկած Ժողովրդավարության միջազգային միության (International Democracy Union — IDU) հերթական համաժողովին։

Ժողովրդավարության միջազգային միությունը համաշխարհային քաղաքական կառույց է։ Հիմնադրվել է 1983թ. Մարագարետ Թեթչերի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Միավորում է կենտրոնամետ-աջ, ազգային պահպանողական և քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություններ բազմաթիվ երկրներից։

Միությունն ընդգրկում է ավելի քան 80 քաղաքական ուժ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից մինչև Գերմանիայի CDU/CSU, Իսրայելի «Լիկուդ», Ճապոնիայի LDP և այլ ազդեցիկ կուսակցություններ։
Համաժողովի շրջանակներում Բևեռի պատվիրակությունն ունեցել է մի շարք արդյունավետ հանդիպումներ բարձր մակարդակի քաղաքական առաջնորդների, փորձագետների և մամուլի ներկայացուցիչների հետ։

Քննարկումների առանցքում եղել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ներկայիս մարտահրավերները, Փաշինյանի վարչակազմի կողմից Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ աճող սպառնալիքները, Հայաստանեայց առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանության ոտնձգությունները, ինչպես նաև ազգային ուժերի միջազգային համագործակցության ընդլայնման ուղիները։
Այս հանդիպումները ԱԺԲ-ին հնարավորություն տվեցին ներկայացնելու հայաստանակենտրոն դիրքորոշումներ, ամրապնդելու կապերը գործընկեր կառույցների հետ և ուրվագծելու հետագա համագործակցության նոր հնարավորություններ։
Համաժողովի աշխատանքները շարունակվում են։

Ի հիշեցումն․ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակաությունը հրավիրված է եղել և ս․թ․ մայիսին Բրյուսելում մասնակցել է Միջազգային ժողովրդավարության միության նախորդ համաժողովին ևս։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
4 դեկտեմբերի, 2025թ․ Երևան