ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցավոք սրտի մենք ապրում ենք հոգեբանական ահաբեկչության ժամանակաշրջանում։

Չկա մեկ օր, որ Ադրբեջանի կամ Ռուսաստանի ղեկավարությունը չնախաձեռնեն մի նոր գործողություն կամ առնվազն հայտարարություն անեն, որն ուղղված չլինի կաթվածահար անելու հայության հավաքական կամքը։

Ամենացավալին այս պայմաններում այն հանգամանքն է, որ հոգեբանական պատերազմական գործողությունները ոչ միայն թշնամու կողմից են ձեռնարկվում, այլեւ զուգահեռվում են Հայաստանի ադմինիստրատորի գործառույթներ իրականացնող Նիկոլ Փաշինյանի կողմից։

Այս առումով երեկ բացառություն չէր։

Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթը Ազգային ժողովում դասական կոլաբորանտին հատուկ հռետորաբանություն էր, ուր նա փորձում էր թշնամուն ներկայացնել որպես ահեղ հակառակորդ, որին դիմադրելը իմաստ չունի եւ, որ Հայաստանի քաղաքացիների միակ բանական վարքը ներկա պայմաններում Հովհաննես Թումանյանի “Չարի վերջի” մայր կկուի անձնատու գործողությունները կարող են լինել։

Նա հերթական անգամ գերազանցեց իր վարչապետական լիազորությունները եւ միակողմանիորեն հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը մի շարք փաստաբանների հետ հանդես է եկել համատեղ նախաձեռնությամբ, որով ս.թ. ապրիլի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն, ըստ որի Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է մի շարք քրեական հոդվածներով` իշխանության յուրացման, պետական դավաճանության, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված և սահմանադրական կարգը տապալելու գործողություններ ձեռնարկելու համար։

Արձանագրում ենք, որ ՀՀ դատախազությունը անմիջապես չի կանխել հանցագործին շարունակական հանցագործություն կատարելիս, ուստի վերջինս անարգել շարունակում է կատարել այն հանցագորձությունները, որի մասին հաղորդում է տրվել։

Միաժամանակ արձանագրում ենք, որ Բևեռը չի հանդուրժելու դրածո կառավարիչների բարձրաձայնած ազգակործան ծրագրերի իրականացումը` նպատակադրվելով կազմակերպել համընդհանուր դիմադրություն:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

19.04.2023 թվական, Երևան