ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջում ենք գործուն քայլեր գերիներին վերադարձնելու ուղղությամբՀայաստանի Հանրապետության կառավարությունը հանցավոր անգործության աստիճան պասիվ է գերիների վերադարձի հարցում:

Ակնհայտ է, որ այս հարցում ևս կառավարությունն ապավինում է Ռուսաստանին, մինչդեռ Ռուսաստանն իրականում աջակցում է Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա գերիներին պահելու հանգամանքն օգտագործել Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու համար:Միևնույն ժամանակ՝ կառավարությունն ըստ էության անտեսում է Եվրոպայի և, հատկապես՝ ԱՄՆ-ի պաշտոնական շրջանակների քայլերը, որոնք միտված են գերիներին ազատելու նպատակին:

Ավելին՝ կառավարությունն ըստ էության սպասարկում է Արցախյան հիմնահարցը Մինսկի խմբի ձևաչափից հանելու ռուս-թուրքական ծրագիրը՝ ամեն կերպ ձեռնպահ մնալով հիմնահարցի լուծումը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելուց:

Դատապարտում ենք նման ապազգային ու անմարդկային քաղաքականությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունից՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, պահանջում ենք.

1) որպես պետության արտաքին ռազմավարության գերակայություն որդեգրել Արցախյան հակամարտության լուծման հիմնահարցը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու հրամայականը,

2) հանդես գալ Ադրբեջանին և նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակ ու երաշխավոր Ռուսաստանին ուղղված պահանջով՝ անհապաղ կերպով կատարելու գերիներին վերադարձնելու վերաբերյալ այդ հայտարարությամբ արձանագրված դրույթը, իսկ մինչ պահանջի կատարումն առնվազն սառեցնել բոլոր մյուս պայմանավորվածությունները,

3) կառավարության, արտաքին գործերի նախարարի և միջազգային կառույցներում ու օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակներով համակարգված գործունեություն ծավալել գերիների վերադարձի հարցն օրակարգային դարձնելու և հնարավոր սեղմ ժամկետում լուծելու ուղղությամբ:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ9 ապրիլի 2021 թ., Երևան