ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային- ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը`2023թ․ մարտի 2-ին Բեռլինում կայացած Շոլց-Փաշինյան ասուլիսի կապակցությամբ

Ս․/թ․ մարտի 2-ին Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի Հանրապետության փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ազգային- ժողովրդավարական Բևեռը ողջունում է նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կանցլեր Շոլցի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արտահայտած ԳԴՀ-ի դիրքորոշումը։

Իր ելույթում Գերմանիայի կանցլերը միանշանակորեն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու փաստը և դրա «խաղաղ հանգուցալուծան» անհրաժեշտությունը։

Գերմանիայի կանցլերը հակամարտության լուծումը խարսխել է առաջին հերթին  «Հայասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ապաև ժողովուրդների ինքորոշման սկզբունքների վրա։

Միաժամանակ նա շեշտել է, որ այդ «սկզբունքները հավասարազոր են»:

Ազգային-ժողովրդավարական Բևեռը մեկ անգամ ևս ողջունում է պետությունների` մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծելու դիրքորոշումը և վերահաստատում իր մոտեցումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի և միջպետական օրինական փաստաթղթերի հիման վրա, այն է` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով։

Ժողովուրդների ինքորոշման սկզբունքը կարող է լրացուցիչ գործոն հանդիսանալ այս հարցը լուծելու ճանապարհին, որովհետև ինքորոշում կարող է նշանակել նաև միացում մայր Հայրենիքին,  այդուհանդերձ այն չի կարող ապահովել արդարություն, քանի որ տարածաշրջանում ներկայումս ստեղծված ժողովրդագրական վիճակը հետևանք է 1920թ․-ից ի վեր Սովետական Ռուսաստանի, ՍՍՀՄ-ի, ապաև Ադրբեջանի վարած խտրականության և էթնիկ զտման քաղաքականության։

Ազգային- ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքով որևէ հարց լուծելու համար և լուծելուց առաջ, նախ պետք է միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա հստակեցվեն և ամրագրվեն խնդրո առարկա երկրների օրինական  տարածքները, ապա նոր միայն ձեռնամուխ լինել դրանց պահպանմանը։Ուստի, ինչպես ժամանակին Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը դարձավ առաջին պետության հարցը, որը քննարկվեց Ազգերի լիգայում (1920թ․ նոյեմբեր-դեկտեմբեր), այնպես էլ հիմա՝ Հայաստանի Հարապետության կարգավիճակի և սահմանների հարցը պետք է միջազգային համայնքի շահագրգիռ ներկայացուցիչների համաժողովում համապարփակ և բազմակողմ քննարկման առարկա դառնա, որպեսզի ավարտին հասցվեն ռուս-թուրքական օկուպացիայի և գործարքների հետևանքով գրեթե մեկ դար կասեցված գործընթացները։

Հարավային Կովկասում և Միջին արևելքում առկա բարդագույն խնդիրները չեն կարող ունենալ մասնակի լուծումներ։

Նշյալ տարածաշրջաններում նշմարվող փոփոխությունները, ինչպես նաև Ռուսաստանում ու Թուրքիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները Արևմուտքից ավելի արմատական, կտրուկ և արդար մոտեցումներ են պահանջում։

Միևնույն ժամանակ Ազգային- ժողովրդավարական Բևեռը ընդգծում է հետևյալը՝ անընդունելի է հիշյալ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կրավորական և խուսափողական պահվածքը մասնավորապես, ինչպես նաև նրա դավաճանական և հայրենուրաց քաղաքականությունն ընդհանրապես։

Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

4 մարտի,  2023թ, Երևան