ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովրդավարական բևեռը, վերահաստատելով նախկինում վարչախմբի վարած քաղաքականությանը տված իր գնահատականները, արձանագրում է, որ.

1) Գործող վարչախումբը, հանդես գալով որպես գաղութային ադմինիստրացիա,  սպասարկում է ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածություններով մեր տարածաշրջանում իրականացվող աշխարհաքաղաքական վերաձևումների ռազմավարությունը, որի նպատակն է խաղից դուրս թողնել Արևմուտքին և թուլանալու պատճառով նահանջող Ռուսաստանի փոխարեն տարածաշրջանը, այդ թվում և առաջին հերթին՝ Հայաստանը, փուլ առ փուլ հանձնել Թուրքիային։  

2) Արցախյան պատերազմում Հայաստանի կրած խայտառակ պարտությունն այդ պայմանավորվածությունների իրագործման առաջին փուլն էր։

3) Երկրորդ փուլի իրագործման պայմաններ և նախադրյալներ ապահովելու համար նախատեսվում է թաղել Հայկական հարցն ու Հայոց պահանջատիրությունը, 1-ին Հանրապետության իրավահաջորդության վերարծարծման հիմքով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և, այդ ամենով հանդերձ՝ Հայկական պետականության և գործոնի վերականգնման հեռանկարը, մեկ խոսքով՝ հայ ազգի քաղաքական հեռանկարը։

Նշված նպատակի իրագործումը նախապատրաստելու համար ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի պաշտոններն զբաղեցնող անձինք իրար հերթ չտալով խոսում են Արցախյան հիմնահարցն ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ամբողջությամբ հանելու և, միջազգայինի փոխարեն՝ ռուս-թուրքական առանցքով իրականացվող տարածաշրջանային տրամաչափում լուծելու, Հայկական բանակը Ռուսական բանակի զորամիավորման վերածելու (հայ-ռուսական զորախումբը ՀՀ անվտանգության հիմնական երաշխիք դարձնելու քողի ներքո), Հայաստանի տարածքը թուրք-ադրբեջանական թափանցիկ միջանցք դարձնելու (տարածաշրջանի հաղորդակցային ենթակառուցվածքները բացելու քողի ներքո, ինչը կհանգեցնի առվազն Սյունիքի կորստին), Ադրբեջանի հետ խաղաղության և ստալինյան վարչական սահմանները որպես պետական ճանաչելու վերաբերյալ պայմանագիր կնքելու թեզերի, Թուրքիային որպես թշնամի չհամարելու և նմանատիպ այլ երևույթների մասին։

Ցեղասպանության տարելիցին նախորդող շրջանում կրեմլակատարածու վարչախմբի առաջին դեմքերի կողմից նման հայտարարությունների առաջին նպատակն է՝ ձախողել Արևմուտքի և, հատկապես ԱՄՆ-ի, միջամտող-զսպող քայլերը, այդ թվում՝ Բայդենի կողմից  Ցեղասպանության մասին խիստ հավանական հիշատակումը։

Իր հերթին՝ նույն Ցեղասպանության տարելիցի նախօրերին Հայաստանում ներազգային ծայրահեղ հակադրություններով լեցուն նախընտրական քաոսի մեկնարկմամբ էլ ավելի է հեշտացվում վերոհիշյալ ծրագրի իրագործումը։

Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ հայ ժողովրդի համախմբմամբ ձախողվելու է այս հայադավ ծրագիրը, իսկ դավադիրները խստագույնս պատժվելու են իրենց կատարածի համար։

Ազգային – ժողովրդավարական բևեռի խորհուրդ    
30 մարտի 2021թ.