ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ այսպես կոչված Վերաքննիչ դատարանը մերժեց հետազոտության եւ բուժման նպատակով Վարուժան Ավետիսյանին արտասահման մեկնելու թույլտվություն տալու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։

Սա սպասված որոշում էր, քանի որ Հայաստանը զավթած գաղութային համակարգը չի փոխվել, ուստի դատարանները շարունակում են սպասարկել գաղութային համակարգին ու նրա ադմինիստրացիային։

Զավեշտալի էր այսպես կոչված դատարանի “հիմնավորումը”, թե բժիշկների եզրակացություններից չի երևում, որ Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում։

Այս որոշմամբ գործող ռեժիմը ևս մեկ անգամ ցույց տվեց իր անմարդկային ու ցինիկ դեմքը` ևս մեկ անգամ ապացուցելով, որ նախորդ ռեժիմների շարունակություն- ժառանգորդն է։

Այս որոշումը գաղութատիրոջ հերթական քաղաքական պատվերի կատարումն էր` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության և Հայրենիքի հավատարիմ զավակների` հանձինս Վարուժան Ավետիսյանի և հանուն Հայրենիքի ազատագրման ընդվզած մյուս ապստամբների։

Սակայն ժամանակները փոխվել են և ազգային զարթոնքը թափ է առնում։ Նման ճղճիմ որոշումներով ռեժիմը չի կարող ընկճել մեզ և կոտրել մեր կամքը։

Մեր շարքերն օրեցօր ավելի են ստվարանում, ամրանում և դառնում վճռական։ Շատերն են արդեն հասկանում, որ խաբված են։

Ազգային-ազատագրական պայքարի հաղթանակը մոտ է և անխուսափելի։

Հայաստանը թոթափելու է գաղութային կապանքները, իսկ գաղութային ռեժիմների բոլոր պարագլուխներն ու նրանց սպասարկուները անպայման կանգնելու են հայ ժողովրդի արդար դատի առջև։

Հայկական Նյուրնբերգը մաքրելու է երկիրը օտարին սպասարկողներից` ճանապարհ բացելով ազգային-ժողովրդավարական Հայաստանի, ներառյալ` արդար ու անկախ դատական համակարգի կայացման համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

8 դեկտեմբերի 2021 թ., Երևան