ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աջակցում ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ հանուն սահմանադրականության և ժողովրդավարությանՀայաստանի Հանրապետության և հայ ազգի ճակատագիրը կախված է կեղծ ձևականի և ճշմարիտ իրականի միջև ընտրությունից։

Ընտրելով ճշմարիտ իրականը, մենք.
1) ընտրում ենք իրավունքը՝ նրանից չբխող և այն ոտնահարող օրենքի փոխարեն,
2) ընտրում ենք սահմանադրականությունը՝ այն բացառող և ոչ լեգիտիմ՝ “սահմանադրություն” անվամբ փաստաթղթի փոխարեն,
3) ընտրում ենք ազգայինը՝ օտարի թելադրանքով գործող ազգապառակտիչ խավարամիտ ազգայնամոլության փոխարեն,
4) ընտրում ենք ժողովրդավարությունը՝ զավթված պետության ռեսուրսի միջոցով մատուցվող բոլշևիկյան մեծամասնականության փոխարեն,
5) ընտրում ենք համընկնող շահերով դաշնակցին՝ մեզ թշնամու հետ մենակ թողնող գաղութարարի փոխարեն,
6) այս ամենի հաշվառմամբ՝ ընտրում ենք 1-ին Հանրապետության իրավահաջորդությունն ու նրա սահմանները՝ որպես պետություն գոյություն չունեցած Հայկական ԽՍՀ-ի “իրավահաջորդության” և ամեն առումով ապօրինի՝ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի, ինչպես նաև դրանք վերաթարմացնող՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ գծվող սահմանների փոխարեն։

Վերը նշվածի հիման վրա անընդունելի և հակապետական ենք համարում ակնհայտորեն իր հոգեվարքն ապրող այսպես կոչված “երրորդ հանրապետություն” կիսագաղութային համակարգի ձևական ու կեղծ սահմանադրության և օրենքի գերադասումը, որոնց չարաշահմամբ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած կապիտուլյանտ Փաշինյանի  կառավարությունը ձգտում է պաշտոնանկ անել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ նրա և նրա գլխավորած բարձրագույն հրամկազմի քաղաքացիական կեցվածքի համար։

Մենք արձանագրում ենք, որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած կապիտուլյանտ Փաշինյանի հրաժարականը պահանջող և ոստիկանական բռնությունը զսպող Գլխավոր շտաբի պետի ու բարձրագույն հրամկազմի կեցվածքը չեզոքացնում են բռնապետություն հաստատելու նրա նպատակը, ապահովում են կայունության, սահմանադրականության և ժողովրդավարության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ և նախադրյալներ, ինչպես նաև էապես դժվարացնում են նույն Փաշինյանի ձեռամբ ազգային շահը հանձնելու շարունակական քայլերը՝ զուգահեռաբար պաշտպանելով նաև ՀՀ բնակչության ֆիզիկական անվտանգությունը, պետական ինքնիշխանությունը և տարածքի անձեռնմխելիությունը։

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և բարձրագույն հրամկազմի կեցվածքը ծառայում է ստեղծված քաոսից նոր, ազգային-ժողովրդավարական կարգ ստեղծելու հրամայականին։Նշված պատճառներով Օնիկ Գասպարյանի հետագա պաշտոնավարումը դառնում է ազգային անվտանգության ապահովման ռազմավարական հարց։ Մեր ժողովրդին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ արժանապատիվ ու փոխշահավետ գործակցության ձգտող բոլոր ուժային կենտրոններին, պետություններին և կազմակերպություններին հորդորում ենք  աջակցել Հայաստանում ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու գործին, որին կամա թե ակամա ծառայում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի և բարձրագույն հրամկազմի քաղաքացիական կեցվածքը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
10 մարտի 2021թ., Երևան