ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

«ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՄԱԿԱՐԳ

Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան

Փաստաթղթի բնութագիրը

Փաստաթուղթը մշակվել է ՀՀ-ն որպես նոր որակի հայկական պետություն վերակերտելու հայեցակարգային պատկերացումների հիման վրա: Փաստաթուղթը ներառում է այդ պատկերացումներն արտացոլող Ազգային անվտանգության ռազմավարության անվտանգային-պաշտպանական բաժինը, այդ բաժնով պայմանավորված՝ Պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները, ինչպես նաև վերջինից բխող՝ Ռազմական ռազմավարության (Ռազմական դոկտրին) համակարգաստեղծ բաղադրիչները:

Ըստ փաստաթղթի մտահղացման, Հայաստանը՝ որպես պաշտպանության սուբյեկտ, տեսանելի հեռանկարի համար աչքի առաջ ունի առնվազն Արցախի և Նախիջևանի նկատմամբ հայկական վերահսկողությունը, ուստի անվտանգային-պաշտպանական համակարգի կայացումը նախատեսվում է ըստ այդ հեռանկարի:

«Ազգ-բանակ» համակարգի նկարագիրը

Սահմանումը

«Ազգ-բանակ»-ը համապարփակ անվտանգության համակարգ է, որի պարագայում հնարավոր է դառնում համախմբել և զարգացնել ամբողջ ազգի անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ (ազգի բովանդակ անվտանգային-պաշտպանական զորություն) և արդյունավետ կերպով ապահովել դրանց կիրառումը:

Նպատակը

ՀՀ պաշտպանական անվտանգության և պաշտպանական բաղադրիչի մասով ՀՀ-ի ու հայության հեռանկարային ռազմավարական շահերն արտահայտող նպատակների իրագործման ապահովում:

Կարճաժամկետ հեռանկարում (3-5 տարի)

Խնդիրները

  • Առկա կարողությունների գնահատում և խնդիրների առաջադրում:

  • Հավանական հակառակորդի հետ պաշտպանական հաշվեկշռի վերականգնում:

  • Պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության մեծացում:

  • Պաշտպանության կազմակերպման գործում պետության և նրա այլ ինստիտուտների արդյունավետ ու համակարգված ներգրավում և դրանց հնարավորությունների օպտիմալ և արդյունավետ գործադրում:

  • Զինված ուժերի համալրման, պահեստազորի և մոբիլիզացիոն այլ ռեսուրսների ձևավորման, զարգացման ու գործադրման, պաշտպանական կրթության, կադրերի ընտրազատման ու պաշտոնեական առաջխաղացման համակարգերի ու մեխանիզմների օպտիմալացում և դրանց հնարավորությունների զարգացում:

  • Առավելապես ՀՀ պաշտպանական կազմակերպվածքի միջոցով պաշտպանության նպատակների իրագործում և դրանցից բխող խնդիրների լուծում:

  • Բնակչության և զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանության ապահովում:

  • Միջազգային պաշտպանական համագործակցության օպտիմալացում և դաշնակցային ներուժի արդյունավետ կիրառման ապահովում:

Գործողությունները

  1. Իրականացնել ՀՀ գործող պաշտպանական կազմակերպվածքի ռազմավարական վերանայում և դրա արդյունքների ու Ազգային ռազմավարական հայեցակարգի նպատակների և խնդիրների հաշվառմամբ մշակել ՀՀ պաշտպանական կազմակերպվածքի հետամնացությունը հաղթահարելու, այն արդի դասական ու հիբրիդային պատերազմների մակարդակի հասցնելու (սահուն կերպով ապագայի պատերազմի մակարդակին հասցնելու միտվածությամբ) և շարունակաբար կատարելագործելու երկարաժամկետ պլան:

Նշված Պլանին համապատասխան`

  1. ազգային աշխարհընկալման ու շահերի մեկնակետից մարդկային, ազգային, տարածաշրջանային և համաշխարհային գործոնների, այդ թվում` ռազմական թատերաբեմի և ռելիեֆի առանձնահատկությունների հաշվառմամբ մշակել և ընդունել ՀՀ Պաշտպանական ռազմավարություն, Ռազմական ռազմավարություն (Ռազմական դոկտրին) ու այլ անհրաժեշտ ռազմավարական փաստաթղթեր,

  2. պաշտպանական ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքներ և այլ իրավական ակտեր.

  3. ձեռնամուխ լինել Պլանի և դրա հիման վրա մշակված ռազմավարական փաստաթղթերի ու իրավական ակտերի պահանջների կատարմանը` ըստ այդմ ճշգրտելով պաշտպանական ոլորտի բոլոր ծրագրերը, պլաններն ու միջոցառումները, առաջին հերթին ուշադրություն դարձնելով պաշտպանական կրթության, պաշտպանական արդյունաբերության և պաշտպանության տեղեկութային բաղադրիչի (տեղեկութային գիտատեխնոլոգիական բազա և ռեսուրսներ, տեղեկութային անվտանգության և պայքարի համակարգեր) զարգացմանը:

  1. Վերանայել պաշտպանական ոլորտի կառավարման համակարգը, առաջին հերթին կատարելով անհրաժեշտ կադրային փոփոխություններ, մեկ կառույցի մեջ միավորել առնվազն երկայիս պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սահմանապահ զորքերի կառավարման մարմինները, ինչպես նաև ստեղծել ռազմական ռազմավարական հետախուզության և հակահետախուզության մարմիններ:

  2. Կառուցել ռմբապաստարաններ և զորքերի պաշտպանության ենթակառույցներ:

  3. Կուտակել բավարար նյութական միջոցներ և ձեռք բերել հավանական հակառակորդի հետ պաշտպանական հաշվեկշռի վերականգնման համար անհրաժեշտ սպառազինություն ու ռազմական տեխնիկա:

  4. Ձեռնամուխ լինել ազգային բովանդակությամբ և մարդկային նկարագրով Զինված ուժերի շինարարությանը` առաջին հերթին ըստ այդմ արմատապես վերանայելով համազորային և մարտական կանոնագրքերը:

  5. Կազմավորել ակտիվ պահեստազոր:

  6. Մշակել և իրականացնել ազգային ընտրախավի մեծ մասին և հատկապես` հատուկ օժտված անձանց պաշտպանական կազմակերպվածքում, հիմնականում` Զինված ուժերում ներգրավելու, մտավորական սպայի կերպար ձևավորելու քաղաքականություն:

  7. Ստեղծել կանանց զինվորական ծառայության համար անհրաժեշտ պայմաններ:

  8. Մինչև ուսման ավարտը բացառել հատուկ օժտված երիտասարդների և աղջիկների զորակոչը:

  9. Ստեղծել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության արժանապատիվ համակարգ:

  10. Մշակել պաշտպանական արդյունաբերության և տեղեկութային անվտանգության ու պայքարի համակարգերի զարգացման և/կամ օտարերկրյա աղբյուրներից դրանց ձեռքբերման, ինչպես նաև համատեղ արտադրության ծրագրեր և ձեռնամուխ լինել դրանց կատարմանը:

  11. Վերանայել Զինված ուժերի կառուցվածքը. զորատեսակների և միավորումների հրամանատարությունները տարանջատել Զինված ուժերի գլխավոր շտաբից և դրանց միավորմամբ ստեղծել Զինված ուժերի կառավարման օպերատիվ կենտրոն, Զինված ուժերի գլխավոր շտաբը վերածել մտքային-խորհրդատվական և մոնիտորինգային մարմնի, ինչպես նաև անցնել գումարտակ-բրիգադ-կորպուս համակարգի:

  12. Ստեղծել ԱԹՍ զորքեր (ուժեր)`դրանք հետախուզական-հարվածային ամբողջական (այդ թվում՝ զանգվածային կիրառման) համակարգերի վերածելու միտվածությամբ:

  13. Ստեղծել կիբեռանվտանգության և կիբեռ պատերազմի հատուկ նշանակության ուժեր:

  14. Սահմանապահ գործառույթը փոխանցել Զինված ուժերին և սահմանապահ զորքերը ներառել Զինված ուժերի կազմում:

  15. Վերացնել Ոստիկանության զորքերը` դրանց գործառույթները վերապահելով Ոստիկանության պրոֆեսիոնալ ստորաբաժանումներին, իսկ ազատված ռեսուրսն օգտագործել սահմանապահ զորքերն ընդլայնելու համար:

  16. Վերացնել ռազմական արդարադատության անհարկի տարրերը` զինվորական դատախազությունը ու ռազմական ոստիկանությունը, որպես իրական գործառույթներով չծանրաբեռնված և ըստ այդմ` կոռուպցիոն ռիսկի աղբյուր դարձած մարմիններ, իսկ զինվորական հանցագործությունների գործերով մինչդատական վարույթն իրականացնել ընդհանուր իրավապահ համակարգի միջոցով:

  17. Ստեղծել Զինված ուժերի պարեկապահակային ծառայություն` զինվորական կարգապահության ապահովման նպատակով:

  1. Դիվերսիֆիկացնել անվտանգային-պաշտպանական ոլորտի արտաքին ռազմավարությունը և, ըստ այդմ`

  • վերանայել ՌԴ հետ հարաբերությունները և դրանցից բխող համագործակցության, ներառյալ՝ ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության (սահմանապահ, հետախուզական, ռազմական), որակն ու բնույթը և այդ համատեքստում․

  • դուրս գալ ՀԱՊԿ-ից,

  • ի կատարումն ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի առկայության վերաբերյալ 1992 թ. սեպտեմբերի 30-ի միջազգային պայմանագրին համապատասխան հայկական սահմանապահ զորքերով փոխարինել ռուսական սահմանապահ զորքերին և ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից,

  • առնվազն միջնաժամկետ հեռանկարում ՀՀ-ում գտնվող Ռուսաստանյան ռազմակայանը փուլային եղանակով դուրս բերելու նպատակով առնվազն վերանայել դրա խնդիրները, գտնվելու պայմանները, կառուցվածքը, կազմը և այլ պարամետրները՝ առաջին հերթին հանելով հետախուզական և ցամաքային բաղադրիչները,

  • ըստ ՀՀ շահերի՝ անվտանգային-պաշտպանական համագործակցություն զարգացնել այլ պետությունների և ռազմաքաղաքական դաշինքների հետ,

  • դադարեցնել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը:

Միջնաժամկետ հեռանկարում (5-10 տարի)

Խնդիրները (մեկնարկը՝ Կարճաժամկետի սկզբից)

Հիմնական խնդիրը

  • Արդի պատերազմի կարողությունների (արդիական, այդ թվում՝ գերճշգրիտ սպառազինությամբ, կիբեռանվտանգության միջոցներով և համապատասխան կառավարման համակարգի ու ռազմարվեստի որդեգրմամբ) ձևավորման հիմնական բաղադրիչների գեներացում:

Մյուս խնդիրները

  • ՀՀ-ի ռազմական պարտության բացառում, ինչը ենթադրում է.

  • ՀՀ-ի վրա զինված հարձակման և ՀՀ տարածքում ռազմական գործողությունների վարման հնարավորինս բացառում:

  • ՀՀ-ի վրա զինված հարձակման սպառնալիքի դեպքում նախահարձակ լինելու, նախականխիչ հարվածներ կիրառելու, ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու ու հակառակորդին իր տարածքում խաղաղության հարկադրելու, ինչպես նաև հակառակորդին անդառնալի վնաս հասցնող հարվածներ կիրառելու հնարավորությունների ստեղծում և դրանց հարաճուն զարգացման ապահովում:

  • Զինված հարձակումից ՀՀ բնակչության, տարածքի և ինքնիշխանության պաշտպանություն, ինչպես նաև նրա պաշտպանական կենսունակության ապահովում, ինչը ենթադրում է.

  • Ժամանակակից նորագույն սպառազինությամբ, տեխնիկայով ու տեխնոլոգիաներով հագեցած և համապատասխան ռազմարվեստին տիրապետող Զինված ուժերի ձևավորում ու դրանց արդյունավետ կիրառման ապահովում:

  • Պետության, ազգի և տարածքի պաշտպանական պատրաստում:

  • ՀՀ և հայության դեմ ուղղված ոչ զինված գործողությունների (տեղեկութային պատերազմ, կառավարման, տնտեսական, ֆինանսական և այլ համակարգերի դեմ ուղղված գործողություններ) նախականխում, կանխում, կասեցում, չեզոքացում, դրանց հետևանքների վերացում, ինչպես նաև այդ գործողությունների աղբյուրների դեմ պատասխան միջոցների ձեռնարկում:

  • Տեղեկութային պայքարի կարողությունների ու մեխանիզմների գեներացում և դրանց արդյունավետ կիրառման ապահովում:

  • Արդյունավետ պաշտպանական կազմակերպվածքի ձևավորում և դրա գործառման ապահովում, ինչը ենթադրում է.

  1. Որակական պարամետրների գերակայության և դրանց հարաճուն զարգացման ապահովում:

  2. Կոպիտ ուժի ու մեղմ («խելացի») ուժի օպտիմալ հարաբերակցության ապահովում և դրանց համադրված զարգացում ու կիրառում:

  • Մարդկային գործոնի դերի վերաիմաստավորում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:

  • Պաշտպանական կազմակերպվածքում պետության կառավարման մոդելին համապատասխան պաշտպանության իրականացման և պաշտպանության իրականացման ապահովման համակարգերի, Զինված ուժերի հրամանատարական շղթայի և պաշտպանական կազմակերպվածքի ղեկավար շղթայի, որոշումների տարբերակների մշակման, դրանց կայացման ու կատարման համակարգերի գործառութային դերաբաժանում և լիազորությունների որոշակիացում:

  • Զինված ուժերում միանձնյա կառավարման և ինքնուրույնության ու ազատության սկզբունքների օպտիմալ հարաբերակցության ապահովում և դրանց համադրված զարգացում ու կիրառում:

  • Մարդու կյանքի և արժանապատվության` որպես բարձրագույն արժեքների առաջնահերթ պաշտպանության, իրավունքի ու օրենքի գերակայության և Զինված ուժերի քաղաքական չեզոքության ու դրանց նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ապահովում:

    • Ինքնաբավության և արտաքին ներուժի անհրաժեշտ կիրառման ապահովում, ինչը ենթադրում է.

  • Բավարար պաշտպանական ներուժի և կենսունակության ապահովում:

    • Պաշտպանական կարիքների ռազմավարական մասի ապահովում ներքին ուժերի և ռեսուրսների հաշվին:

    • Դաշնակցային և համագործակցային ներուժի անհրաժեշտ ներգրավում ու զարգացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:

Գործողությունները (մեկնարկը՝ Կարճաժամկետի սկզբից)

  • Զինված ուժերը համալրել համընդհանուր զորակոչի, պայմանագրային ծառայության և աշխարհազորային սկզբունքների օպտիմալ հարաբերակցության որոշման ու դրանց համադրված կիրառման հիման վրա` պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ձևավորմանը զուգահեռաբար կրճատելով զորակոչի հիման վրա իրականացվող պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև 1 տարի, այդպիսի ծառայությունը վերածելով մարտական պատրաստման գործընթացի (միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում այդ կոնտինգենտին ներգրավելով մարտական առաջադրանքների կատարման մեջ):

  • Ստեղծել տարածքային պաշտպանության համակարգ և ռազմական սպառնալիքներին համապատասխան ժամանակակից պարամետրներով սարքավորել ՀՀ տարածքը, ինչպես նաև զարգացնել ոչ համաչափ, այդ թվում` ցանցային պատերազմի կարողություններ:

  • Ձևավորել պաշտպանական արդյունաբերություն, այդ թվում և առաջին հերթին՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի ու սպառազինության արտադրություն, այն կազմակերպելով կլաստերային մոտեցմամբ ձևավորվող արժեքային շղթաների միջոցով: Այդ շղթաները, բացի արտադրականից, պետք է ներառեն նաև հետազոտությունների, մշակումների, խորհրդատվական ծառայությունների, ֆինանսավորման, օրենսդրական կարգավորումների և, անգամ կրթական բաղադրիչներ: Ընդ որում՝ դրանք չեն կարող ձևավորվել առանց պետական պատվերի, առանց նրա օրենսդրական կանոնակարգման, կազմակերպական ուղղորդման և վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ֆինանսական մասնակցության: Ուստի այդ շղթաների միայն մի հատվածը կարող է մասնավոր լինել, իսկ մյուս հատվածը պարտադիր կերպով պետք է կազմված լինի պետական օղակներից: Ընդ որում՝ պետությունը պետք է լինի այդ շղթաների հիմնական պատվիրատուն և կազմակերպիչը: Ըստ այդմ՝ պետությունը պետք է նաև օրենսդրական կարգավորումների միջոցով բարենպաստ միջավայր, այդ թվում՝ արտոնյալ հարկային պայմաններ ստեղծի այդ շղթաների կայացման ու գործունեության ապահովման համար:

  • Ձևավորել և գործադրել Զինված ուժերի բոլոր կազմերի զինծառայողներին (շարքայինից մինչև բարձրագույն) իրենց իրավասություններին համապատասխան որոշումների կայացման և կատարման գործընթացներում առավելագույնս ներգրավելու, ինքնուրույն մտածելու և ազատորեն գործելու հնարավորություններ և մեխանիզմներ:

  • Հիմնովին վերանայել Զինված ուժերի կենցաղի ու առօրյա գործունեության կազմակերպումը, մասնավորապես` վերացնելով մարդուն, հատկապես շարքային կազմի ներկայացուցիչներին ռեսուրսի վերածող, նրանց անհատականությունից, մարդկային սոցիալիզացման բնականոն հնարավորությունից ու միջավայրից ի սկզբանե զրկող զորանոցային համակարգը և ընտանիքի մոդելով ստեղծել զինծառայողների կացարաններ` ըստ այդմ կազմակերպելով նրանց կենցաղը:

  • Կազմակերպել և իրականացնել պաշտպանությանը հասարակության համընդհանուր պատրաստում` համապատասխան մշակույթի գեներացմանը համընթաց բոլոր չափահաս քաղաքացիներին փուլ առ փուլ զենք կրելու իրավունքի տրմամբ և զենքի հատկացմամբ: Այդ գործընթացում կամավոր սկզբունքներով հնարավոր մասով ներգրավել արտերկրում բնակվող հայերին:

  • Ձևավորել և կիրառել դպրոցականների, նախազորակոչային տարիքի պատանիների ու աղջիկների հայրենասիրական դաստիարակության, Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստման գործուն համակարգեր: Այդ գործընթացում հնարավոր մասով ներգրավել արտերկրաբնակ հայերին:

  • Ձեռնամուխ լինել ժամանակակից միջազգային պարամետրների ու ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ պաշտպանական գիտության ու կրթության և կադրերի ընտրազատման ու առաջխաղացման համալիր համակարգի ստեղծմանը` այն վերածելով երկրի նույնաբնույթ համակարգի օրգանական բաղադրիչի:

  • Ռուսաստանյան ռազմակայանը դուրս բերել ՀՀ տարածքից:

  • Վերանայել օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ Զինված ուժերի համար կադրերի պատրաստման քաղաքականությունը` այդ տարբերակով կադրեր պատրաստելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Միևնույն ժամանակ՝ դաշնակիցների և գործընկերների նյութատեխնիկական և մասնագիտական աջակցությամբ ՀՀ տարածքում ստեղծել ուսումնական կենտրոններ և/կամ կազմակերպել որակավորման դասընթացներ:

Երկարաժամկետ հեռանկարում (10 տարի և ավելի)

Խնդիրները (մեկնարկը՝ Կարճաժամկետի սկզբից)

Մարդկային գործոնի մասով

  1. Իր, ազգի և պետության իրավունքները գիտակցող ու դրանք պաշտպանելու ունակ քաղաքացու պատրաստում:

  2. Պաշտպանական համակարգի անձնակազմի և այդ համակարգի հետ առնչվող քաղաքացիների արժանապատվության, ազատությունների ու իրավունքների գերակայության ապահովում:

  3. Պաշտպանական համակարգի ձևավորում ազգային աշխարհընկալման ու համամարդկային առաքինություններից բխող արժեքների հիման վրա՝ անձնակազմին և ամբողջ երիտասարդ սերնդին դաստիարակելով ազգային առաքելության և ազատագրական պայքար մղող ժողովուրդներին աջակցելու պարտքի գիտակցությամբ, ռազմահայրենասիրական մղումով և զորային եղբայրության ոգով:

Ազգային սուբյեկտության ապահովման մասով

  1. Ինքնաբավության ապահովում՝ ինչպես յուրային ուժերով ու միջոցներով պաշտպանվելու, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների և կրթության յուրային համակարգեր ունենալու առումներով:

  2. Լիակատար պետական ինքնիշխանության ապահովում, այդ թվում՝ վերպետական և ռազմաքաղաքական-դաշինքային կազմակերպությունների անդամության բացառում:

  3. Ազգային շահի գերակայության, ինչպես նաև ազգային, աշխարհաքաղաքական և աշխարհագրական առանձնահատկությունների հաշվառման ապահովում:

Զորահավաքի և հասարակության պատրաստման մասով

  1. Առանց սեռի խտրականության ՀՀ բոլոր քաղաքացիների պարտադիր և օտարերկրյա պետությունների քաղաքացի ու քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի՝ կամավոր մասնակցության ապահովում Հայրենիքի պաշտպանությանը` սեռի, տարիքի, առողջական վիճակի, հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական որակների ու կարողությունների հաշվառմամբ և օպտիմալ օգտագործմամբ:

  2. Պատերազմի և/կամ ռազմական դրության ժամանակ գերկարճ ժամկետում զորահավաքային ռեսուրսի ներգրավման և օգտագործման ապահովում՝ Զինված ուժերի համալրման բոլոր երեք՝ զինակոչային, պայմանագրային և աշխարհազորային համակարգերի կիրառմամբ:

  3. Պաշտպանությանը հասարակության համընդհանուր պատրաստում` բոլոր չափահաս քաղաքացիներին զենք կրելու իրավունքի տրմամբ և զենքի հատկացմամբ՝ այդ գործընթացում կամավոր սկզբունքներով հնարավոր մասով ներգրավելով նաև արտերկրում բնակվող հայերին:

Տարածքի սարքավորման և տարածքային պաշտպանության մասով

  1. Երկրի տարածքի պաշտպանական սարքավորում՝ այն վերածելով արդի դասական և հիբրիդային պատերազմների մարտահրավերները հաղթահարելու ունակ, ինչպես նաև ապագայի պատերազմի մարտահրավերներին դիմակայելու մակարդակի զարգացման ու կատարելագործման ռեսուրս պարունակող ամբողջական ամրաշինական և դիմադրական ցանցային համակարգի («Երկիր-ամրոց):

  2. Սահմանամերձ շրջանների վերածում ուժեղացված պաշտպանությամբ հատուկ և արտոնյալ վարչատնտեսական գոտու:

  3. Տարածքային պաշտպանության և սահմանապահ գործառույթների համալիր ապահովում:

Պետության, տնտեսության և հայկական գործոնի պատրաստման մասով

  1. Ազգի և պետության մարդկային ու նյութական ռեսուրսների առաջնահերթ հատկացում պաշտպանական ոլորտին:

  2. Պետական կառավարման համակարգի և համազգային կառույցների, ինչպես նաև ազգի և պետության անվտանգային ներուժի համախմբում պաշտպանական ոլորտի առանցքի շուրջ:

  3. Արտակարգ իրավիճակների ազգային դասակարգման մշակում ու ներդրում և դրանց նախականխման, կանխման, չեզոքացման և հետևանքների հաղթահարման ու վերացման ապահովում պաշտպանական համակարգի ուժերով ու միջոցներով կամ առնվազն դրանց առանցքային ներգրավմամբ:

  4. Պաշտպանական համակարգի բաղադրիչների ինքնուրույնության, շարժունության և ինքնաբավության ապահովում:

  5. Բավարար չափով ռազմավարական պաշարների պահուստավորում, պահպանություն, պաշտպանություն և արդյունավետ կերպով օգտագործում:

  6. Պաշտպանության գործառույթի գերակայությունն ապահովող օրենսդրության ձևավորում:

  7. Պետական կառավարման համակարգի համապատասխանեցում պաշտպանական նպատակներին, ինչպես նաև գերկարճ ժամկետում խաղաղից պատերազմական դրության անցնելու արդյունավետ մեխանիզմների ձևավորում:

  8. Պաշտպանական համակարգի վերածում ազգային ընտրախավի ձևավորման դարբնոցի:

  9. Պաշտպանական գիտության և կրթության լիակատար ինտեգրում համազգային գիտության և կրթության համակարգերին:

  10. Պաշտպանական գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության վերածում երկրի գիտատեխնոլոգիական և արդյունաբերական զարգացման շարժիչ ուժի:

  11. Արդի պատերազմի կարողությունների (արդիական, այդ թվում՝ գերճշգրիտ սպառազինությամբ, կիբեռանվտանգության միջոցներով և համապատասխան կառավարման համակարգի ու ռազմարվեստի որդեգրմամբ) վերջնական ձևավորում և ապագայի պատերազմի կարողությունների (տեղեկութահոգեբանական առանցքի շուրջ զարգացող հակամարտային մարտահրավերների հաղթահարման միջոցների զարգացմամբ) գեներացում ու շարունակական կատարելագործում:

  12. Հայկական ցանցի բոլոր բաղադրիչների (մարդուժային, քաղաքական, դիվանագիտական, տեղեկութային, հաղորդակցային, տնտեսական, ֆինանսական, գիտատեխնոլոգիական, մշակութային և այլ) պաշտպանական կարողությունների առավելագույն գեներացում, զարգացում և արդյունավետ կերպով օգտագործում:


* Այդ պատկերացումները պետք է ամփոփվեն Ազգային ռազմավարական հայեցակարգի վերաբերյալ ազգի և պետության գլխավոր ծրագրային-քաղաքական փաստաթղթում:

Տես՝ Վարուժան Ավետիսյան, «Հայկ նախագիծ» հոդվածը:

** Կորպուսների կազմում պետք է լինեն նաև զորահավաքի միջոցով համալրվող «կրճատված» բրիգադներ:

*** «Ազգ-բանակ» համակարգի տրամաբանությունը բացառում է երկրի տարածքում օտարերկրյա զինուժի մշտական ներկայություն: