ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄՈԴԵԼ
Վարուժան Ավետիսյան
ՆԱԽԱԲԱՆ
Միջնադարում տեղի ունեցավ մշակութային, քաղաքակրթական վերածնունդ:
Դրա համատեքստում մեկնարկեց նաև ժողովուրդների ինքնակառավարման կամ ժողովրդավարության վերածնունդը:
Սակայն ժողովրդավարության վերածնունդը մնացել է կես ճանապարհին՝ վիժեցման արդեն տեսանելի մարտահրավերին դեմ հանդիման:
Մեր կարծիքով, այս կիսատությունը հիմնականում պայմանավորված է առավելապես երկու համակարգաստեղծ բաղադրիչների (ընդհանրականի նկատմամբ անհատականի գերակայություն և առևտրային-պայմանագրային) գեներացմամբ կայացած Միջերկրծովյան քաղաքակրթության վրա հիմնվելու:
Մեր պատկերացմամբ, ժողովրդավարությունը կարող է հաղթահարել ճգնաժամը և վերածնունդ ապրել, եթե հիմնվի երկու այլ համակարգաստեղծ բաղադրիչների (ընդհանրականի ու անհատականի ներդաշնակություն և հոգևոր-արժեքային) գեներացմամբ կայացած Արարատյան քաղաքակրթության վրա, ինչպես նաև կիրառի արդի հաղորդակցային տեխնոլոգիաների հնարավորությունները:
ՆՊԱՏԱԿ
Ստեղծել պետության կառավարման համակարգ, որն իրապես կարտահայտի ժողովուրդ-ինքնիշխանի ընդհանուր կամքը և.
- հնարավոր կդարձնի մտքի ու կամքի ազատագրումը՝ ստեղծագործաբար սնվելով անցյալից և խիզախորեն կերտելով ապագան,
- կապահովի առավելագույն հնարավոր արդյունավետություն, քանի որ ժողովրդին կբերի ներդաշնակ ամբողջականության «երամ» վիճակի և առավելագույն սիներգիականությամբ կբազմապատկի նրա կարողականությունը և կերաշխավորի լավագույն լուծումներ,
- գրեթե կբացառի իշխանության յուրացումը, ինչն այս կամ այն չափով առկա է ներկայիս անգամ ամենաժողովրդավարական երկրներում,
- կուսակցությունները կզտի պատեհապաշտներից և դրանք կվերածի իրապես գաղափարների գեներացման և քաղաքական կամքի ձևավորման ու արտահայտման ինստիտուտների,
- էապես կսահմանափակի չարիք դարձած պոպուլիստների ու կարիերիստ-դուրսպրծուկների մուտքը քաղաքականություն՝ այն վերածելով իրապես նվիրյալ գաղափարականների ու բարձրակարգ մասնագետների գործունեության,
- կչեզոքացնի օտար համակարգերի և ներքին կոռուպցիայի բացասական միջամտությունն ու ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄԸ՝ ՈՐՈՇԻՉ ՄԵԿՆԱԿԵՏ
Ազատության ըմբռնումը որոշիչ է մարդու աշխարհընկալման և, ըստ այդմ, վարքի համար:
Մինչ օրս ազատության հասկացությունը սահմանելու մեկնակետը համեմատությունն է որևէ հոգևոր կամ նյութական արժեք (բարիք) ձեռք բերելու կամ արդեն ունեցածը չկորցնելու կամընտրանքի հնարավորությունների սպեկտրի (լուսակն) տիրույթում՝ դրա հակադիր բևեռների մեջ և միջև:
Սա ոչ թե արմատից բխող, այլ ածանցյալ մեկնակետ է:
Սակայն, սխալանքը մեծ չի լինի, եթե ազատության հասկացությունը նման մեկնակետից սահմանելիս աչքի առաջ ունենանք իդեալական, արարչակերպ մարդուն, քանի որ նրա կամընտրանքը բխում է արարչականից և ծառայում է արարչականին:
Մինչդեռ առօրեական մարդը հեռու է իդեալից, ուստի ազատության հասկացությունը նման մեկնակետից սահմանելիս իրականում սահմանում ենք կամայականությունը:
Այդ պատճառով հարկ է սահմանումը բխեցնել արմատից և որպես սահմանման մեկնակետ դիտել ազատության՝ որպես արարչական շնորհի, իմաստը, դրա նախանշանակումը:
Ըստ այդմ՝ ազատությունը մարդուն Արարչի տված հիմնական արարչական շնորհն է, որի շնորհիվ նա կարողանում է դրսևորել Արարչից ստացած իր մյուս բոլոր շնորհները և ի կատար ածել մարդու առաքելությունը՝ նմանվել Արարչին, դառնալ արարչակերպ:
Ըստ այդմ՝ կամքը, ներառյալ՝ ընտրության հնարավորությունը, դրսևորվում է ազատությունն օգտագործելու, դրանից օգտվելու երկու տարբերակներից մեկն ու մեկի ձևով՝ հանուն արարման կամ հանուն կործանման:
Առաջինն ազատություն է, մինչդեռ երկրորդը՝ ինքնակամություն:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ
Պետության կառավարման ասպարեզում մարդկությունը հայտնվել է փակուղում:
Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքական, տնտեսական, մեդիա և այլ համակարգերն ու ինստիտուտները, օգտագործելով առաջանցիկ տեմպերով ու ծավալներով զարգացող քարոզչական ու մեդիա տեխնոլոգիաները, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև բռնության մեքենան, ոչ միայն հաղթահարում են մարդկանց մեծ մասի քննադատական մտքի կարողականության վերին սահմանը, այլև գաղութացնում են նրանց գիտակցությունը, թելադրում գաղափարներ, ճաշակ, ուստի նաև՝ կամք:
Մարդկությունը յուրօրինակ ձևով վերադարձել է խավար միջնադար:
Ժողովուրդների ամբոխացումը հանգեցնում է ժողովրդավարության վերասերման ու ամբոխականացման:
Սովորական են դառնում վերնախավերի կեղծացումը, զուգահեռաբար՝ իշխանության յուրացումը, չարաշահումն ու պետության զավթումը:
Ըստ այդմ՝ մեծ ու հզոր պետությունները և վերպետական ու անդրազգային համակարգերն ապամարդկայնանում են, իսկ փոքր պետությունները վերածվում են ռեսուրսի:
Ազատ միտքը և ազատ կամքը կանգնած են պատմության շրջադարձային մարտահրավերներին դեմ հանդիման:
Ժողովրդավարությունը երբեք այսքան վտանգված չի եղել:
Ուստի կենսականորեն կարևոր է դառնում առաջացած ճգնաժամի հաղթահարումը և ժողովրդավարության վերածնունդը:
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ-ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԵՎ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ
Պատմական-էվոլյուցիոն
Ներկայիս ժողովրդավարական համակարգերն արդյունք են հպատակների միապետության և քաղաքացիների հանրապետության միջև փոխզիջման:
Մինչդեռ սրանք անհամատեղելի են և չեն կարող սիմբիոզ ստեղծել:
Այս փոխզիջումը տեղի է ունեցել հետևյալ կերպ. կողմերը պահպանել են միապետականության և ֆեոդալիզմի հայեցակարգային-կառուցվածքային համակարգը, այդ թվում՝ դրա համակարգաստեղծ բաղադրիչ անձակենտրոնությունը, սակայն փորձել են այն լցնել նոր բովանդակություններով՝ առաջին հերթին և գլխավորապես միապետ-ինքնիշխանի կամքի փոխարեն առանցքում դնել ժողովուրդ-ինքնիշխանի կամքը:
Մինչդեռ հետզհետե ակնհայտ է դառնում, որ հին տիկի մեջ նոր գինի լցնելու այս փորձը ստիպված ենք արձանագրել որպես մարդկության հերթական ձախողում:
Սահմանադրական միապետությունների աչքառու հանգամանքը զատ թողնելով, առանց երկմտելու կարելի է փաստել, որ ներկայիս կառավարման համակարգերի նախագահներն ու վարչապետները ոչ այլ ինչ են, եթե ոչ բավականին լայն լիազորություններով օժտված ժամանակավոր միապետներ:
Ըստ այդմ՝ նրանց շուրջ ձևավորվող պաշտոնեական դասը մի յուրօրինակ արքունիք է՝ բնորոշ արատներով, եսակենտրոնությամբ և խմբակենտրոնությամբ:
Առաջին դեմքերի սրբազնացումը, միջազգային-դիվանագիտական արարողակարգն ու էթիկետը, առաջին տիկնոջ ինստիտուտը, կառավարման մարմինների տեղակայումը պալատներում կամ պալատանման կառույցներում, վերնախավերի արքունական վարքուբարքը և շատ այլ երևույթներ մատնում են միապետականությունն ու ֆեոդալիզմը, դրան բնորոշ անհավասարությունն ու անարդարությունը, արտոնյալությունը, ժողովրդից մեկուսացումն ու նրա կամքն իմիտացմամբ շահագործելը:
Իշխանությունն ունի կենտրոնաձիգ կուտակման բնական մղում, ուստի առկա կառավարման համակարգերում իշխանության իրականացման ճյուղերի ոչ լիարժեք տարանջատումը հանգեցնում է ժողովրդի կամքի ոտնահարման և ստեղծում է այդ կամքի իմիտացիայի ու դրա միջոցով իշխանության յուրացման հնարավորություններ:
Կուսակցություններն առկա կառավարման համակարգերում ձևավորվում են հասարակության շահախնդիր խմբերից: Որպես կանոն, դրանցում գերակշռում են զոհաբերականությունից զուրկ եսամոլ կարիերիստները, որոնց գերակա նպատակն է հասնել կառավարման ղեկին և այն օգտագործել անձնական ու խմբային շահերն սպասարկելու համար:
Հզոր գաղափարական մեկնարկային լիցքը, կամքն ու զոհաբերականությունը, որ բնորոշ են եղել առկա կառավարման համակարգերի կայացման շրջանի հեղափոխական քաղաքական գործիչների դասին, այլասերվել ու անկել են հատկապես վերջին տասնամյակների ընթացքում:
Ժողովրդավարական համարվող կառավարման համակարգերում մեր աչքի առաջ հաստատվում է անբարո, արկածախնդիր ու բռնապետական մղումներով պոպուլիստների կամ անդրկուլիսյան խմբերի կամակատար աթոռակալների կառավարչական դաս, ինչն, ըստ էության, ժողովրդավարության հոգեվարքի հիմնական նախանշաններից մեկն է:
Պրոբլեմն օբյեկտիվ է, քանի որ ներկայիս ժողովրդավարական կառավարման համակարգերը հիմնված են ոչ թե հասարակության օրգանիզմում սիմբիոզի, այլ սիմբիոզի ձև ու կերպի տակ թաքնված հակաբիոզի վրա:
Մարդաբանական
Ըստ Էթիկական (արժեսկզբունքային) չափանիշների և բարոյակամային հատկանիշների՝ մարդիկ դրսևորվում են որպես.
- hնազանդներ,
- ինքնակամներ,
- ազատներ:
Հնազանդներ – Առանձնապես չեն ձգտում ազատության և իրավունքի և ենթարկվում են առկա (պարտադրվող) էթիկական չափանիշներին ու նորմերին (բացասական թե դրական):
Ինքնակամներ – Ձգտում են ազատության և իրավունքի, բայց միայն հանուն իրենց, չունեն էթիկական մղումներ և ինքնասահմանափակումներ, հակված են սահմանազանցելու, ներառյալ՝ շրջանցելու և ոտնահարելու, էթիկական չափանիշներն ու նորմերը, այդ թվում՝ այլոց ազատությունն ու իրավունքը:
Ազատներ – Ձգտում են ազատության և իրավունքի, բայց ոչ միայն հանուն իրենց, այլև առաջին հերթին հանուն բոլորի, ունեն բարձր էթիկական մղումներ և ինքնասահմանափակված են էթիկական չափանիշներով ու նորմերով, այդ թվում՝ այլոց ազատությամբ և իրավունքներով:
Ըստ քաղաքական գիտակցության, մարդիկ պայմանական «քաղաքական պարույր»-ում (տե՛ս սխեմատիկ պատկերը) դրսևորվում են որպես.
Բանիմացներ – Աջ են, պահպանողական, ստատիկ, ձգտում են կայունության: Բանիմացությունը քաղաքական պարույրի մեկնարկն է: Բանիմացը միայն ընդհանրական, հասկացության մակարդակի պատկերացում ունի կյանքի, ներառյալ՝ քաղաքական ինստիտուտների և գործընթացների, վերաբերյալ, չի տեսնում բացերն ու արատները, իսկ եթե նույնիսկ ինչ-ոչ չափով տեսնում է, ապա դրանք ընդունում է որպես անխուսափելիություններ և այդ պատճառով վախենում է վերանայել իրերի դրությունը և ձգտում է կայունության ու անփոփոխության, հարմարվում է և պաշտպանում է եղած իրերի դրությունը, միակողմանի է և աչառու, հաճախ կաղապարված է և ժամանակից հետ ընկած:
Գիտուններ – Ձախ են, հեղափոխական, դինամիկ, ձգտում են փոփոխության: Գիտունությունը քաղաքական պարույրի բեկումն է: Գիտունը բավականին խորը, դատողության մակարդակի պատկերացում ունի կյանքի, ներառյալ՝ քաղաքական ինստիտուտների և գործընթացների, վերաբերյալ, տեսնում է բացերն ու արատները և գիտակցում է դրանց վերացման անհրաժեշտությունը, այդ պատճառով ձգտում է վերանայել իրերի դրությունը: Միևնույն ժամանակ՝ չունենալով կյանքի ամբողջական պատկերացում, որպես կանոն, չափն անցնում է, դառնում է միակողմանի եւ աչառու, հաճախ անտեղի է և ժամանակից առաջ ընկնող:
Իմաստուններ – Հավասարակշռող-համադրող ամբողջական են: Իմաստնությունը քաղաքական պարույրի ավարտ-ամբողջացումն է: Իմաստունն ամբողջական, մտահանգման մակարդակի պատկերացում ունի կյանքի, ներառյալ՝ քաղաքական ինստիտուտների և գործընթացների, վերաբերյալ, այդ պատճառով գիտակցում է, թե ինչը և ինչպես պետք է պահպանել և ինչը ու ինչպես պետք է փոփոխել: Նա հավասարակշիռ է, արդար և տեղին ու ժամանակին:
Կան նաև երկու միջանկյալ տիպեր՝ բանիմաց-գիտուններ և գիտուն-իմաստուններ:
Բանիմաց-գիտուններ – Աջ կենտրոնամետ են, չափավոր պահպանողական և ստատիկ-մասամբ դինամիկ:
Գիտուն-իմաստուններ – Ձախ կենտրոնամետ են, չափավոր (էվոլյուցիոն) հեղափոխական և դինամիկ-մասամբ ստատիկ:
Կից ներկայացվող «Քաղաքական պարույր» սխեմատիկ պատկերում նշված տիպերը ներկայացված են հետևյալ համարակալմամբ.
- Բանիմաց,
- Բանիմաց-գիտուն,
- Գիտուն,
- Գիտուն-իմաստուն,
- Իմաստուն:
Քաղաքական պարույր
Մեկ բացառությամբ նույն անձի մեջ էթիկական-բարոյակամային եռյակի (հնազանդներ, ինքնակամներ, ազատներ) և դրանց միջանկյալ տիպերից յուրաքանչյուրը կարող է համադրվել քաղաքական գիտակցության եռյակի (բանիմացներ, գիտուններ, իմաստուններ) և դրանց միջանկյալ տիպերից յուրաքանչյուր հետ:
Բացառությունը իմաստունի և ինքնակամի համադրումն է: Իմաստնությունը համադրելի չէ ինքնակամության հետ:
Էթիկակական-բարոյակամային հատկանիշները պայմանավորում են անձի դրսևորման բնույթը, մինչդեռ քաղաքական գիտակցության հատկանիշները՝ որակը:
Կառավարման բնութը հիմնականում պայմանավորված է հասարակության անդամների էթիկական-բարոյակամային հատկանիշներով, իսկ գիտակցական հատկանիշներն ունեն ածանցյալ, սպասարկող դեր:
Հասարակության էթիկական-բարոյակամային եռյակում (հնազանդներ, ինքնակամներ, ազատներ) հարաբերակցությունը տարբեր է պատմական, աշխարհագրական, մշակութային և այլ, բայց գործնական դրսևորման առմամբ՝ հիմնականում քաղաքական մշակույթի և կառավարման համակարգի, պատճառներով:
Անշուշտ, կան սրանց նվազագույն բացարձակ քանակներ: Սակայն, որպես կանոն, կյանքում դրանցից յուրաքանչյուրի քանակը միջանկյալ վիճակների հաշվին նվազագույն բացարձակից ավելին է:
Բարձր էթիկայի և ազատությունը խրախուսող և ինքնակամությունը սահմանափակող քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի պարագայում ինքնակամության և հնազանդության հակումներ ունեցողների զգալի մասը կդրսևորվեն որպես ազատներ:
Մինչդեռ ցածր էթիկայի և ինքնակամությունը խրախուսող քաղաքական մշակույթի և կառավարման համակարգի պարագայում ինքնակամները կզավթեն ամեն ինչ, հնազանդներին կդարձնեն գործիք և կհալածեն ու դուրս կմղեն ազատներին:
Առաջինը ժողովրդավարություն է, երկրորդը՝ բռնապետություն:
Ժողովրդավարության պարագայում ազատներն առաջին պլանում են, նրանց կողքին կան նաև ինքնակամները, բայց ազատները գերակշռում են:
Բռնատիրության պարագայում ազատները շատ քիչ են (ամբողջատիրության պարագայում ձգտում են բացարձակ նվազագույն քանակի) և մղված են հետին պլան (լուսանցք), հալածվում են քաղաքական և, որոշ չափով նաև այլ ասպարեզներում (ամբողջատիրության պարագայում բոլոր ասպարեզներում և շատ ավելի կոշտ կերպով): Գերիշխում են ինքնակամները, որոնք ամեն կերպով և առումով օգտագործում են հնազանդներին:
Ըստ այդմ՝ կախված քաղաքական մշակույթից և կառավարման համակարգից, տեղի է ունենում ժողովրդի ազգացում կամ ամբոխացում և ինքնացում կամ ինքնամերժում (ինքնաքայքայում, ինքնաոչնչացում):
Վերը նկարագրված ժողովրդավարությունը և բռնատիրությունը, հարկավ, նկատի ունենք իրենց զուտ, «իդեալական» վիճակներում:
Իրականության մեջ դրանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով ունի մյուսի տարրեր, ինչի հետևանքով առաջանում է գրեթե անսահման բազմազանություն:
Ասվածի համատեքստում կա մի սինթետիկ տարբերակ, որն ավելի ու ավելի է սպառնում ներկայիս մարդկությանը:
Ցածր ու պարզունակ էթիկայի և ցածր ու պարզունակ կոլեկտիվ գիտակցության պայմաններում ինքնակամությունը շփոթվում է ազատության հետ, իսկ ինքնակամները՝ ազատների: Դրա շնորհիվ ինքնակամները չարաշահում են մարդկանց վստահությունը, խաբում են հասարակությանը, նրան վերածում են հնազանդ ամբոխի և, օգտվելով նրա թմրաքնած ու հիպնոսացած վիճակից, տիրանում են կառավարման բռնության, մեդիա ու տնտեսական լծակներին, այնուհետև յուրացնում են իշխանությունը, զավթում են պետությունը և պետությունը դարձնում են իրենց հանցագործությունների գործիք: Այս եղանակով հաստատվող բռնատիրությունը նախկինում հանդես էր գալիս բացառապես դասական դիմագծով, ինչի ամենացայտուն օրինակը նացիստական Գերմանիան է: Ներկայումս՝ գիտակցության և կամքի կառավարման, առաջին հերթին՝ մեդիա և կրթական, տեխնոլոգիաների զարգացման ու հարաճուն ազդեցության շնորհիվ, բռնատիրությունը ավելի հաճախ է հանդես գալ որպես կեղծժողովրդավարություն:
Քանի որ հասարակության շարժիչ ուժերն են ազատներն ու ինքնակամները, ուստի մարդկության խնդիրն է ստեղծել այնպիսի կառավարման համակարգ, որը կերաշխավորի ազատների հնարավորինս մեծ քանակ և որոշիչ դեր:
Կարող է զարմանալի թվալ, բայց մինչ օրս մարդկային մտքի, նրա աշխարհընկալման ելակետային չափանիշների համակարգը չի փոփոխվել և մնացել է մարդու զգայարանների (հիմնականում՝ տեսողության և լսողության) անմիջական հասանելիության տիրույթի շրջանակում:
Մարդը հասարակությունը և հասարակական հարաբերությունները, ինչպես շրջապատի առարկաներն ու երևույթները, պրոյեկտում է իր զգայարաններին հասու տիրույթի վրա, տեղավորում է դրա շրջանակներում, ապա նոր միայն դիտում ու դիտարկում է դրանք:
Սա բնական է, օրինաչափ և անփոփոխելի:
Պատահական չէ, որ տարածության և ժամանակի մեջ իրերի և երևույթների ներսն ու կապերը, դրանց քանակական և որակական դրսևորումները, տարածական տեղակայվածությունը և այլ հատկանիշները մարդու համար ավելի ու ավելի հասանելի ու ճանաչելի դարձնող արդի տեխնիկատեխնոլոգիական հնարավորություններն ընդամենը ծառայում են դրանք մարդու զգայարանների համար հասանելի դարձնելու նպատակին:
Այս է պատճառը, որ մարդը հասարակությունը պատկերացնում է որպես իր համար տեսանելի ու լսելի միջավայր, իրեն ճանաչելի և ֆիզիկապես հասանելի մարդկանց խումբ, իսկ ավելի մեծ քանակությամբ մարդկանց հանրության մասին պատկերացում կազմելու համար այն պրոյեկտում է իրեն հասու մոդելի վրա:
Պետություններն սկսեցին ձևավորվել, երբ երկրագնդի վրա մարդիկ սակավաթիվ էին, իսկ նրանց կազմած հասարակությունները՝ փոքրաքանակ: Եվ, բնականաբար, դրանք ձևավորվեցին փոքր հասարակությունների (ցեղ, տոհմ, քաղաք) ու դրանց բնորոշ հարաբերությունների համակարգերի տրամաբանությանը համապատասխան:
Առաջին միապետները տոհմապետներն էին: Միապետությունը տարածվում էր ցեղերի, տոհմերի բնակության փոքր արեալներում:
Մենք այդ ժամանակներից առ այսօր մեր պատկերացումներում ունենք հոր նման հոգատար, «բարի միապետ»-ի ֆենոմեն, ըստ որի նա իր ցեղի, տոհմի զավակներին վերաբերվում է ծնողի նման, արդարամիտ է և արդարադատ:
Եվ, քանի որ այսպիսի պատկերացումները ևս բնական են ու բնորոշ են մարդկանց, կյանքում պատահում են նաև իսկապես բարի միապետներ:
Մյուս տարբերակը քաղաք-պետությունների ժողովրդավարությունն է, որ գործում էր փոքր՝ մարդու աչքի ու ականջի համար անմիջականորեն հասանելի տիրույթում՝ քաղաքի հրապարակում:
Բոլոր պատմական դեպքերում, երբ կառավարման համակարգերը և հասարակություններն աճել են և դուրս են եկել մարդու զգայարանների համար անմիջականորեն հասանելի շրջանակից, ի վերջո դարձել են բռնապետություններ:
Պատճառն այն է, որ, որպես կանոն, ինքնակամներն են ձգտում իշխանության և, երբ հասնում են դրան, ի վերջո դառնում են բռնապետներ և հաստատում են բռնատիրություն:
Այսպես, թե տոհմացեղային միապետությունների և թե ժողովրդավարական փոքր քաղաք-պետությունների միավորման և/կամ հզորացման ու տարածման պարագայում ստեղծվել են բռնապետական պետություններ կամ կայսրություններ:
Ուստի, մեր հիմնական առաջնային խնդիրն է՝ այնպես անել, որ ինքնակամները չկարողանան զավթել կառավարման լծակները:
Ընդսմին, հարկ է նկատի ունենալ, որ մարդն ինքնին փոքր, մարդաչափ համակարգի տարր է և շատ քչերն են կարողանում մեծ մտածել ու մեծ գործել, մինչդեռ.
1) մեծաքանակ հասարակություններում և մեծ տարածքներում սովորականից, միջին պատկերացումներից ավելի երկար ու բարդ կամք և գիտակցություն է պետք մեծ համակարգ, տվյալ դեպքում՝ պետություն ստեղծելու համար,
2) կարճ և պարզ կամքի ու գիտակցության պարագայում, օրինակ, մարդիկ բարի են, արդար, երբեմն նույնիսկ՝ հերոս, բայց երբ անհրաժեշտ է երկար ու բարդ կամք և գիտակցություն, շատ բարիներ դառնում են չար, շատ արդարներ՝ սրիկա և որոշ հերոսներ՝ նույնիսկ դավաճան:
ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԱՆՏՆԵՐ
Որպես հիմք ընդունելով Կոստան Զարյանի խոհատեսական մոտեցումները, կարող ենք դրանցից բխեցնել այն եզրահանգումը, որ պատմական-էվոլյուցիոն և մարդաբանական գործոնների համախումբ ազդեցությամբ կառավարման մշակույթները և դրանցից բխող կառավարման համակարգերը էական մասով կայանում և գործառում են ըստ հետևյալ քաղաքակրթական դետերմինանտների.
Տիբեթյան – հնազանդություն (Արարիչն ինձ հետ անմիջականորեն հարաբերելի չէ, առաջնորդն Արարչի փոխանորդն է, անքննելի է և անվերապահ, ինքնիշխանը առաջնորդն է, ազգը առաջնորդի հպատակների համախումբն է, ես հպատակներից մեկն եմ):
Միջերկրծովյան – ինքնակամություն (Արարիչը ես եմ, առաջնորդը հավասարների մեջ իմ ընտրածն է, ազգը ինձ նմանների թվաբանական համախումբն է, ինքնիշխանը ազգն է, ես ազգի անդամ եմ):
Արարատյան – ազատություն (Արարիչն իմ հայրն է, առաջնորդը կանչվածների մեջ իմ ընտրած առաջադեմն է, ազգը նախնիների և սերունդների որակական ամբողջությունն է, ինքնիշխանը ազգն է, ես ազգի անդամ եմ):
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԵՂԾԻՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս կիրառվող ժողովրդավարական համակարգերը ծագում են քաղաք-պետությունների ժողովրդավարության մոդելից:
Քաղաք-պետությունների ժողովրդավարությունը հրապարակային ժողովրդավարություն էր՝ իրականացվում էր հրապարակներում: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիները հավաքվում էին հրապարակում որպես ընդհանուր ժողով և որոշում էին քաղաքին վերաբերվող հարցերը:
Քաղաք-պետությունները մեծ չէին, ուստի քաղաքացիները տեղավորվում էին հրապարակում:
Դա մի ժողովրդավարություն էր, որ անմիջականորեն՝ առանց միջնորդի, տեսանելի էր աչքի և լսելի էր ականջի համար:
Քաղաք-պետությունը պարզ ու փոքր համակարգ էր, նրան վերաբերվող հարցերը բարդ չէին, ուստի ամեն քաղաքացի եթե ոչ մտահանգման, ապա դատողության կամ առնվազն հասկացության մակարդակով պատկերացնում էր դրանք և ի վիճակի էր որոշում կայացնել:
Իսկ երբ քաղաք-պետությունը մեծանում ու տարածվում էր, կառավարման օբյեկտն ու լուծելիք պրոբլեմները բարդանում էին, ժողովուրդը չէր տեղավորվում հրապարակում, ուստի ժողովուրդ սուբյեկտի և նրա կառավարմանը ենթակա օբյեկտի միջև կապը դառնում էր միջնորդավորված, ուստի՝ աղավաղված:
Այդ ժամանակ ժողովրդավարությունը ցավոտ ջղաձգումներով մահանում էր՝ տեղը զիջելով միապետությանը: Հռոմի օրինակը խիստ հատկանշական է:
Գաղտնիք չէ, որ անտիկ ժամանակների քաղաք-պետությունների և միջնադարի ազատ քաղաքների ժամանակների համեմատությամբ հասարակությունները քանակապես հազարապատկվել են, բազմապատիկ բարդացել և հետզհետե էլ ավելի է բարդանում կյանքը: Ըստ այդմ՝ բարդանում են կառավարման օբյեկտները, ինչի հետևանքով այդ օբյեկտների կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար հետզհետե ավելի ու ավելի շատ և հաճախ, իսկ որոշ դեպքերում՝ մշտապես, առաջանում է հատուկ գիտելիքների, փորձի ու հմտությունների կարիք:
Պետություն-օբյեկտը, որ թերևս մարդու կառավարմանը ենթակա ամենաբարդ ու բազմապիսի համակարգն է, չի կարող կառավարվել առանց համապատասխան գիտելիքների, փորձի ու հմտությունների:
Կառավարիչների ընտրությունը պետության կառավարման կարևոր ու վճռորոշ մասն է, ուստի դրա համար ևս անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ, փորձ և հմտություններ:
Հակառակ պարագայում պետության կառավարումը կլինի աղավաղված և ոչ արդյունավետ՝ դրանից բխող բացասական, ի վերջո՝ աղետալի հետևանքներով:
Միևնույն ժամանակ, պետության կառավարումը վերաբերվում է յուրաքանչյուրին և բոլորին, ուստի պետք է բխի ընդհանուր կամքից և հաշվի առնի ու երաշխավորի բոլորի և յուրաքանչյուրի արժանապատվությունը, ազատությունն ու իրավունքները:
Ժողովուրդ-ինքնիշխանի կամքի վերահաստատման և իրական ժողովրդավարության հասնելու համար ստիպված ենք ընդունել իրականության մեջ արմատացած կեղծիքների առկայությունը և ձգտենք հաղթահարել դրանց ծնած մարտահրավերները:
Կառավարումը հիմնված է բնության օրենքների վրա, բխում է դրանցից, արտացոլում է դրանք, ուստի կառավարման համակարգը նույնպես պետք է համապատասխանի դրանց:
Որպես գործընթաց, կառավարումը տեղի է ունենում կամքի առանցքով վերից վար իջնող երեք մակարդակներում (միտք, խոսք, գործ) և յուրաքանչյուր մակարդակի հինգ (գաղափարաբանական-հայեցակարգային, գաղափարախոսական-տեղեկութային, օրենսդրական (կարգասահմանման), գործադրական, վերականգնման1) ոլորտներում:
Կրոնական կամ ամբողջատիրական հասարակություններում հայեցակարգայինը և գաղափարախոսկանը ունիֆիկացվում (միօրինակացվում) – յուրացվում –մենաշնորհացվում են և, որպես կանոն, ներառվում են պետության կառավարման համակարգի մաս կազմող հաստատությունների մեջ:
Ժողովրդավարական հասարակություններում հայեցակարգայինը և գաղափարախոսականը կայանում և գործառում են որպես «ամպ»՝ ներառելով պետական ու ոչ պետական հաստատություններ, կազմակերպություններ, անհատներ, լայն առումով՝ ամբողջ հասարակությանը:
Ժողովրդավարական հասարակություններում դրանք արտացոլվում են հասարակական դաշինքով ընդունված արժեքների բարոյական ու իրավական նորմերում, ռազմավարական հայեցակարգերում, որոնց համապատասխան օրենսդիրը (ժողովուրդը և/կամ խորհրդարանը) ընդունում է վարքագծի համապարտադիր նորմեր սահմանող օրենքներ, գործադիրը կատարում է դրանք, իսկ դատարանը (արդարադատությունը) վերականգնում է խախտված իրավունքները և դրանց խախտմամբ պատճառված վնասները:
Այդ է պատճառը, որ ժողովրդավարական հասարակությանը վերաբերվող տեսություններում և իրավական ակտերում առանձնացվում է կառավարման (իշխանության իրականացման) ոչ թե հինգ, այլ երեք (օրենսդիր, գործադիր, դատական) ճյուղ: Միևնույն ժամանակ, առանց իրավական սահմանման, մեդիան համարվում է իշխանության իրականացման չորրորդ ճյուղ2:
Այդուհանդերձ, հանուն ժողովուրդ-ինքնիշխանի կամքին համապատասխան ժողովրդավարական կառավարում ապահովելու, այդ թվում՝ օտար թշնամական և/կամ կոռուպցիոն ազդեցությամբ իշխանության յուրացումը բացառելու, ժողովուրդ-ինքնիշխանի կամքի իրագործման գործիք պետությունը պետք է ունենա գերադասաբար փափուկ ուժի միջոցով հայեցակարգային ու գաղափարախոսական ոլորտները կանխադրված առանցքների շուրջը պահելու կարողություններ, ինչպես նաև վերջիններիս ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմներ ու լծակներ:
Այդ նպատակով օրենսդրին (խորհրդարանին), գործադրին և նրա ոլորտային կառուցվածքային մարմիններին, բարձրագույն դատական մարմնին առընթեր պետք է գործեն հետազոտական, կրթական և փորձաքննական հաստատություններ, որոնք դրանց իրավասության տիրույթներում կապահովեն հայեցակարգային ու գաղափարախոսական գեներացումը, համակարգումն ու առանցքաբերումը, այդ թվում՝ մշտադիտման և ուղեվարման միջոցով:
Ինչպես արդեն նկարագրվեց, ժամանակակից պետությունները շատ բարդ և բազմապիսի համակարգեր են:
Ուստի ոչ միայն դրանք կառավարելու, այլև դրանց կառավարիչներին ընտրելու (նշանակելու) համար հարկավոր է ունենալ անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և հմտություններ:
Եվ յուրաքանչյուր մարդ կարող է կողմնորոշվել և համեմատաբար ճիշտ ընտրություն կատարել ըստ իր գիտելիքների, փորձի ու հմտությունների:
Մինչդեռ պետություն կառավարելու մակարդակում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը զուրկ է դրանցից:
Եվ, քանի որ մարդկանց մեծամասնությունը չունի պետություն կառավարելու և կառավարիչներին ընտրելու բավարար կարողություն, նրանց ընտրության իրավունքը չեզոքացվում ու իմիտացվում է և օգտագործվում է ի չարս:
Ուղիղ ընտրական իրավունքը, որ ներկայացվում է իբրև մարդկության ձեռքբերում և ամրագրված է միջազգային ու ազգային օրենքներում, իրականում չի իրացվում իր նպատակային նշանակության իմաստով, նույնիսկ հաճախ չեզոքացված է այլ օրենքներով ու մեկնաբանություններով:
Քաղաքացին ոչ մի իրական ու գործնական լծակ չունի օրենսդիր, գործադիր և դատական մարմինների որոշումների ու գործողությունների վրա արդյունավետ կերպով ազդելու համար: Նա ստիպված է սպասել մինչև հաջորդ ընտրություններ, որոնց ժամանակ ընդամենը ստիպված է ընտրելու չարիքի փոքրագույնին: Նա հարկադրված է հանդուրժելու սահմանափակ թվով շահառուական խմբերին ներկայացնող քաղաքական ուժերի, վերլուծաբանների և մեդիայի սուտն ու կեղծիքը, կամա թե ակամա ենթարկվել դրանց ազդեցությանը և ուղղորդմանը, ապա «ընտրել»:
Պատմության ընթացքում պատահած դեպքերը, որոնք հիմնականում համընկնում են ժողովուրդ-ինքնիշխանի ոգեղեն պոռթկումների կարճ ժամանակահատվածներին, երբ նաև առաջ են եկել ժողովրդի սրտին և մտքին ներդաշնակ առաջնորդներ, շատ սակավաթիվ են: Մնացյալ դեպքերում առաջ են գալիս պատեհապաշտները, որոնց պատճառով հետագայում նաև կորսվում է սերունդների արյուն-քրտինքով ձեռք բերածը:
Ուստի կառավարման համակարգը պետք է ձևավորվի և գործառի բացասական կանխավարկածի հաշվառմամբ, որպեսզի չհայտնվի սրիկաների ձեռքում, իսկ պատահաբար հայտնվելու պարագայում հնարավոր լինի նրանցից ձերբազատվել:
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Ինքնակամների ձեռքում կառավարման լծակների հայտնվելը բացառելու և ժողովուրդ-ինքնիշխանի ընդհանուր կամքն արտահայտող պետության կառավարման համակարգ ստեղծելու մեր նպատակին հասնելու համար առաջարկում ենք կառավարումը բաժանել ըստ մակարդակների և միջանկյալ, փոքր, ավելի հասանելի ու մարդաչափ համակարգ ներմուծելու միջոցով մարդուն հարմարեցնել-համապատասխանեցնել մեծ համակարգին, տվյալ դեպքում՝ պետությանը:
Պատկերավոր ասած՝ անհրաժեշտ է մեծ պետությունը բաժանել յուրօրինակ քաղաք-պետությունների, քաղաք-պետության հրապարակների բջիջների և այդ բջջային համակարգում միջանկյալ օղակի դեր կատարող բջջի միջոցով մարդուն մոտեցնել, հասու դարձնել կառավարմանը:
Հենց այս տրամաբանությամբ ձևովորվող և գործառող պետության կառավարման համակարգ կիրառած մեր նախնիների ժողովրդական իմաստնությունը և մեր ազգային-պետական ինքնությունն ու ժառանգորդությունը շարունակելու նպատակով պետության կառավարման առաջարկվող համակարգն անվանել ենք «Աշխարհաժողով» համակարգ:
Նախկինում «Աշխարհաժողով»-ը ձևավորվում էր դասային և տարածքային սկզբունքներով3:
Մեր պատկերացրած «Աշխարհաժողով» համակարգը նորովի արդիականացված հնի խոստումնալից տարբերակ է4:
Ներկայումս այն պետք է ձևավորվի ժողովրդավարական հասարակության մեջ առկա և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման առավելագույն ներառականություն երաշխավորող բազմաբնույթ սկզբունքներով, այդ թվում՝ մասնագիտական, սոցիալական և տարածքային:
Ասվածի հաշվառմամբ՝ որոշիչ է դառնում ընտրական համակարգի, ինչպես նաև կառավարման մարմինների կառուցվածքագործառութային մոդելի հարցը:
Կառավարման գիտելիքներ, փորձ և հմտություններ չունեցող քաղաքացիների մեծամասնության համար ընտրական համակարգի հիմնական սկզբունքը պետք է լինի չմիջնորդավորված ակտիվ ընտրական իրավունքը: Քաղաքացին պետք է ընտրի այնպիսի մեկին, որին քիչ թե շատ անձամբ ճանաչում և վստահում է:
Մեր պատկերացմամբ, յուրաքանչյուր պայմանական 100 քաղաքացու շրջանում կա առնվազն մեկը, որին մյուսները ճանաչում ու վստահում են5:
Նման եղանակով ընտրված պատվիրակները կյանքին և իրենց միջավայրերին առավելապես քաջածանոթ, ժողովրդի կամքն արտահայտող ու փոխանցող շերտն են կազմում6:
Պայմանականորեն առնվազն 100 անգամ դժվար և բարդ է ազդել նրանց գիտակցության ու կամքի վրա, քանի որ նրանք, եթե ոչ մտահանգման կամ դատողության, ապա առնվազն հասկացության մակարդակով պատկերացնում են պետության կառավարումը և կառավարիչների որակները:
Այս եղանակով ընտրված պատվիրակները կազմում են ժողովրդի կամքը ներկայացնող բարձրագույն ներկայացուցչական մարմինը:
Քանի որ այս մարմինը մեր պատկերացրած «Աշխարհաժողով» համակարգի առանցքն է և պատմական Աշխարհաժողովի նմանօրինակը, առաջարկում ենք այն անվանել Աշխարհաժողով:
Ասվածի համատեքստում նաև առաջարկում ենք մտաբերել հին աշխարհի բնական և անպաճույճ պետական կառավարման համակարգերը և մերօրյա համակարգը կառուցել դրանց արդիականացմամբ՝ կիրառելով նաև գործադիրի ու դրա ոլորտային կառուցվածքային մարմինների պատմական ծագում ունեցող անվանումներ ու բովանդակություններ:
Փորձենք ներկայացնել Հայաստանի համար առաջարկվող պետության կառավարման համակարգի վերաբերյալ մեր պատկերացումները:
ԺՈՂՈՎՈՒՐԴ
Ժողովուրդն ամբողջ ծավալով իշխանություն իրականացնող ինքնիշխան է:
- Ժողովուրդն իշխանությունն իրականացնում է անմիջականորեն կամ Սահմանադրությամբ սահմանված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
- Ժողովուրդն իշխանությունն անմիջականորեն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, ինչպես նաև իր հայեցողությամբ՝ ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներով՝ անզեն կամ զինված7 եղանակներով:
ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ
- Աշխարհաժողովը բարձրագույն ներկայացուցչական մարմին է:
- Աշխարհաժողովը բաղկացած է պատվիրակներից:
- Աշխարհաժողովի պատվիրակության թեկնածու դառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում նրա որոշմամբ հաստատված ձևի հայտ, որը պարունակում է սահմանված ձևաչափի համառոտ կենսագրական, ՀՀ քաղաքացու անձնագրային տվյալներ, լուսանկար, օրենքով ներկայացվող չափանիշների ու պահանջների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:
- Թեկնածուն չի կարող լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ: Կուսակցության անդամ հայտատուն պետք է սառեցնի իր կուսակցության անդամությունը: Անդամակցության կեղծ սառեցման կամ, առավել ևս՝ Աշխարհաժողովի պատվիրակ եղած ժամանակ կուսակցության թելադրանքով գործելու համար նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
- Սահմանված կարգով հայտ ներկայացրած և հայտի պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացիները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի8 կազմած հարցաշարով հանձնում են թեսթային քննություն: Դրական արդյունք արձանագրած հայտատուներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցում է որպես Աշխարհաժողովի պատվիրակության թեկնածուներ և համապատասխան էլեկտրոնային բազայում հրապարակում է նրանց համառոտ կենսագրականն ու լուսանկարը:
- Թեկնածուի ընտրությունը կատարվում է ըստ ընտրողի կողմից նրան անձամբ ճանաչելու, վստահելու և իր կամքն արտահայտելու ու իր անունից հանդես գալու լիազորություններ պատվիրակելու կանխավարկածի սկզբունքի: Այդ պատճառով արգելվում է նրա օգտին քարոզչությունը:
- Աշխարհաժողովն ընտրվում է մեկ տարի ժամկետով:
- Քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ ընտրատեղամասերում: Քվեարկությունը տեղի է ունենում մայիս ամսվա երրորդ շաբաթվա երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ հնգօրյա ժամանակահատվածում:
- Քվեարկությամբ 100 և ավելի ձայն ստացած թեկնածուները դառնում են աշխարհաժողովի պատվիրակներ:
Հատկապես համակարգի կայացման փուլում տարատեսակ պրոբլեմներից, առաջին հերթին՝ իշխանության յուրացման հավանականությունից խուսափելու համար հարկ կլինի դիտարկել թեկնածուներին տրվող ձայների քանակի ողջամիտ վերին շեմ սահմանելու հարցը, որպեսզի Աշխարհաժողովը չվերածվի փոքրաթիվ հայտնի մարդկանց ժողովի:
Միևնույն ժամանակ՝ հարկ կլինի քրեական խիստ պատասխանատվությամբ պաշտպանել համակարգը կազմակերպված կերպով թեկնածուներ առաջադրելու և յուրացնելու դեպքերից:
- Աշխարհաժողովի հինգ ամենաավագ տարիքի պատվիրակներից կազմվում է Աշխարհաժողովի քարտուղարություն9: Քարտուղարությունն իր կազմից ընտրում է համակարգող և տեղակալ: Քարտուղարության ենթակայությամբ գործում է աշխատակազմ: Քարտուղարություն ապահովում է Աշխարհաժողովի գործունեությունը, այդ թվում՝ նրա կապը Պետական խորհրդի հետ:
- Աշխարհաժողովն ընտրում է Պետական խորհուրդ:
- Աշխարհաժողովը հաստատում է Պետական խորհրդի որոշումները.
- հանրաքվե նշանակելու, խաղաղություն հաստատելու, սահմանադրական օրենքներ ընդունելու, միջպետական միջազգային պայմանագրեր վավերացնելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու, Ասպետության10 ծրագրին հավանություն տալու, պետական բյուջե ընդունելու, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու, համազգային նշանակության ռազմավարական փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ,
- Ասպետության անդամներին, Գերագույն դատարանի11 անդամներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Հաշվեքննիչ և աուդիտորական պալատի12 նախագահին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին և Քննչական կոմիտեի նախագահին ընտրելու, ինչպես նաև նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ:
- Պետական խորհրդի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում Պետական խորհրդի նախագահի կամ նրա պարտականությունները կատարող անձի, իսկ եթե հնարավոր չէ՝ ապա Աշխարհաժողովի Քարտուղարության առաջարկությամբ արձակում է Պետական խորհուրդը և նշանակում է Պետական խորհրդի արտահերթ ընտրություններ:
- Աշխարհաժողովը քվեարկում է էլեկտրոնային եղանակով: Աշխարհաժողովի որոշումներն իրավազոր են, եթե դրանց օգտին քվեարկել է Աշխարհաժողովի պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին:
- Աշխարհաժողովը քվեարկում և որոշում է ընդունում Պետական խորհրդի ընդունած որոշումների հրապարակումից հետո՝ երեք օրվա ընթացքում: Երրորդ աշխատանքային օրվա ավարտին քվեարկությունը փակվում է:
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Պետական խորհուրդը միջանկյալ ներկայացուցչական մարմին է:
- Պետական խորհուրդն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
- Պետական խորհուրդը բաղկացած է 61 պատգամավորից13:
- Պետական խորհրդի ընտրական շեմ չի սահմանվում:
- Պետական խորհուրդը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում և Աշխարհաժողովի հաստատմանն է ներկայացնում Աշխարհաժողովի իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներ:
- Պետական խորհուրդը պատգամավորների ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է օրենքներ, նորմատիվ որոշումներ14, իր իրավասությունից բխող այլ որոշումներ, ինչպես նաև հայտարարություններ և ուղերձներ:
- Պետական խորհուրդն ընդունում է Ասպետության հրաժարականը:
- Պետական խորհուրդն Ասպետության ծրագրին հավանություն չտալու, Ասպետությանն անվստահություն հայտնելու կամ Ասպետության հրաժարականի դեպքերում մեկ շաբաթվա ընթացքում ընտրում է նոր Ասպետություն:
- Պետական խորհուրդը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Պետական խորհրդի նախագահին և Պետական խորհրդի նախագահի տեղակալին15:
- Պետական խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում և զբաղեցրած պաշտոնից ազատում է մասնագիտական դատարանների դատավորներին, Գլխավոր դատախազի տեղակալին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, Հաշվեքննիչ և աուդիտորական պալատի անդամներին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին:
- Պետական խորհուրդն Ասպետության առաջարկությամբ որոշում է կայացնում.
- օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչների թեկնածություններին համաձայնություն տալու վերաբերյալ,
- Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման վերաբերյալ,16
- շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ և բարձրագույն դիվանագիտական ու դասային աստիճաններ:
- Պետական խորհրդի ընտրությանը ենթակա պաշտոնների համար թեկնածություններ առաջադրելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են Պետական խորհրդի խմբակցությունները կամ պատգամավորների առնվազն մեկ յոթերորդը:
Մասնագիտական դատարանների դատավորի թեկնածություն առաջադրելու և նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումները կայացվում են Բարձրագույն դատական խորհրդի եզրակացության հիման վրա:
Ասպետության անդամին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում կարող է կայացվել նաև Ասպետության նախաձեռնությամբ:
- Պետական խորհուրդը ձևավորում է հինգ մշտական հանձնաժողով՝
- Կրթության, գիտության, մշակույթի և սոցիալական հարցերի,
- Պետաիրավական և ներքին գործերի,
- Անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների,
- Արտաքին գործերի և Հայկական աշխարհի հարցերի,
- Տնտեսության և ֆինանսաբյուջետային հարցերի:
ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- Ասպետությունը իշխանության իրականացման կոլեգիալ գործադիր մարմին է:
- Ասպետությունը կազմված է հետևալ հինգ անդամից.
- Վանապետ,
- Դեսպանապետ,
- Սպարապետ,
- Մարդպետ,
- Հազարապետ:
Ասպետությունը կազմում և Պետական խորհրդին է ներկայացնում Ասպետության ծրագրի, պետական բյուջեի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, ռազմավարական փաստաթղթերի, օրենքների և Պետական խորհրդի նորմատիվ որոշումների նախագծերը17, ինչպես նաև Պետական խորհրդին առաջադրում է Ասպետության վստահության հարցը:
- Ասպետության անդամները ռոտացիոն կարգով մեկական տարի ժամկետով զբաղեցնում են Ասպետի պաշտոնը: Ասպետը հրավիրում և վարում է Ասպետության նիստերը, համադրում է նրա անդամների աշխատանքը, ներկայացնում է պետությունը և Ասպետությունը և նրանց անունից ստորագրում է փաստաթղթեր, ինչպես նաև ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը: Ասպետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ասպետության այն անդամը, որը ռոտացիոն կարգով պետք է նրան փոխարինի Ասպետի պաշտոնում:
- Պատերազմի ժամանակ Ասպետի պաշտոնը զբաղեցնում է Սպարապետը: Սպարապետը թե խաղաղ, թե պատերազմական ժամանակներում Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է:Սպարապետը նշանակվում է բարձրագույն հրամանատարական կազմի ցուցակից: Սպարապետը պետության բարձրագույն զինվորական պաշտոնյան է:
- Ասպետությունն ունի աշխատակազմ, որի ղեկավարն առանց ձայնի իրավունքի մասնակցում է Ասպետության նիստերին: Անվտանգային և պաշտպանական հարցերի վերաբերյալ քննարկումներին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով18:
- Ասպետության անդամներն ընտրվում են պաշտոնին ձեռնհաս լինելու սկզբունքով19: Կուսակցականները մինչ ընտրությունները սառեցնում են իրենց կուսակցական պատկանելությունը և հանդես չեն գալիս կուսակցության անունից:
- Ասպետությունը նշանակում է Ասպետության անդամների տեղակալներին և մարզպետներին:
- Ասպետության որոշումները, որպես կանոն, ընդունվում են կոնսենսուս մինուս մեկ սկզբունքով: Ասպետության ծրագրի, պետական բյուջեի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, ռազմավարական փաստաթղթերի, օրենքների և Պետական խորհրդի նորմատիվ որոշումների նախագծերի, ինչպես նաև Ասպետության վստահության հարց դնելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:
- Ասպետությունը, ի թիվս իր հիմնական լիազորությունների, իրականացնում է նաև հետևյալ լիազորությունները.
- լուծում է քաղաքացիություն շնորհելու և քաղաքացիությունը դադարեցնելու հարցերը,
- ներում է շնորհում դատապարտյալներին,
- պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով,
- Պետական խորհրդի համաձայնությամբ նշանակում է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին,
- հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին:
Ասպետության կառուցվածքը
Ասպետության մարմինների կառուցվածքում, որպես կանոն, գործում են գործակալություններ, տեսչություններ և ռազմավարական ծրագրերի գրասենյակներ: Գործակալությունների և տեսչությունների կազմում կարող են գործել ծառայություններ: Սպարապետությունն ունի կառուցվածքային առանձնահատկություններ:
Բացի Սպարապետությունից, Ասպետության մյուս մարմիններին առընթեր՝ որպես առանձին գործակալություններ, գործում են ոլորտային մաղխազություններ20: Պաշտպանական ոլորտի մաղխազությունը գործում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմում՝ որպես ծառայություն:
Վանապետություն21
- Աշխատակազմ
- Գործակալություններ
Ժողովրդագրության, որի մեջ
- Ծնելիության և մայրության ու մանկության հարցերի ծառայություն,
- Վերաբնակեցման և տարաբնակեցման հարցերի ծառայություն
- Կրթության
- Գիտության և տեխնոլոգիաների
- Մշակույթի
- Բնապահպանության
- Առողջապահության
- Սոցիալական ապահովության
- Աշխատանքի
- Սպորտի
- Երիտասարդության հարցերի
- Առընթեր գործակալություն
- Ինքնության հարցերի մաղխազության
- Ռազմավարական ծրագրերի գրասենյակ
- Հայրենադարձության
Դեսպանապետություն22
- Աշխատակազմ
- Գործակալություններ
- Արտաքին գործերի
- Հայկական աշխարհի հարցերի
- Առընթեր գործակալություն
- Արտաքին մաղխազության
- Ռազմավարական ծրագրերի գրասենյակ
Սպարապետություն23
- Աշխատակազմ
- Զինված ուժերի գլխավոր շտաբ
- Պաշտպանական մաղխազություն
- Գործակալություն
- Պաշտպանական արդյունաբերության
- Արտակարգ իրավիճակների, որի մեջ՝
- Փրկարար ծառայություն24
Մարդպետություն25
- Աշխատակազմ
- Գործակալություններ
- Էկոնոմիկայի
- Ֆինանսների, որի մեջ՝ Գանձապետական ծառայություն
- Երկրագործության
- Ենթակառուցվածքների և պահուստի,
- Պետական գույքի և քաղաքաշինության
- Առընթեր գործակալություն
- Ֆինանսական մաղխազության
- Ռազմավարական ծրագրերի գրասենյակներ
- Միջուկային
- Իրան-Հայաստան երկաթգծի
- Օդատիեզերական համակարգերի և համագործակցության
Հազարապետություն26
- Աշխատակազմ
- Գործակալություններ
- Համբարապետության27
- Տարածքային կառավարման
- Առընթեր գործակալություն
- Ներքին մաղխազության (ներառյալ՝ հակահետախուզության)
- Տեսչություններ
- Կրթության
- Առողջապահության
- Աշխատանքի
- Բնապահպանության և ընդերքի
- Միգրացիայի
- Հարկային
- Մաքսային
- Միջուկային անվտանգության
- Ճարտարապետության և շինարարության (քաղաքաշինության)
- Տեխնիկական, սեյսմիկ և հրդեհային անվտանգության
- Հասարակական կարգի28, որի մեջ՝
- Անհետաձգելի օգնության (911) ծառայություն
- Սննդամթերքի անվտանգության
- Շուկայի վերահսկողության
- Իրավական փորձաքննությունների
- Այլ
ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
- Առաջարկվող համակարգը պետք է ունենա կառավարման գործընթացներին իրազեկ լինելու, մասնակցելու և միջամտելու (բացառությամբ պետական գաղտնիքի հետ կապված օրենքով սահմանված հատուկ դեպքերի) հնարավորություններով ժողովրդի վերահսկողության և հետադարձ կապի մեխանիզմներ՝ ի դեմս մեդիայի, հասարակական միավորումների, քաղաքացիների, ինչը պետք է երաշխավորվի և կանոնոկարգվի օրենքով:
- Խորհրդարանի, ինչպես նաև գործադիր և դատական մարմինների կադրերի, այդ թվում՝ պատգամավորների, գործադիրի անդամների և դատավորների, ընտրազատման, նաև՝ ընտրության կամ նշանակման, համար պետական կառավարման համակարգում պետք է ստեղծվի Կադրերի անհատական դասակարգիչ, որտեղ ըստ պաշտոնների կսահմանվեն կադրերի համապատասխանության ցանկեր՝ առաջնահերթության սկզբունքով:
Ցանկերում թեկնածուները պետք է ներառվեն իրավիճակային խաղերի ձևով կազմակերպվող քննությունների հիման վրա: Դատավորի թեկնածուների պարագայում էական պետք է լինի նաև մարդկային նկարագրի հանգամանքը: Իրավիճակային խաղերը կազմակերպում և դրանց հիման վրա թեկնածուներին ցանկերում գրանցելու եզրակացությունները տալիս են համապատասխան հետազոտական, կրթական և փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովները:Այդ հանձնաժողովները յուրաքանչյուր խաղի կազմակերպման համար կազմվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով:
- Ներկայացվող համակարգի տրամաբանությամբ՝ հաշվի առնելով բնորոշ առանձնահատկությունները, ընտրվում և գործառում են համայնքային ժողովները, ավագանիները և համայնքապետությունները:
- Համայնքները կազմավորվում են ըստ նախկին ՀԽՍՀ վարչական շրջանների (որոշակի անհրաժեշտ վերանայումներով) և Երևան, Կումայրի ու Վանաձոր քաղաքների:
- Զուգահեռաբար՝ հարկավոր է բեռնաթափել մարզպետարանների գործառույթներն ու լիազորությունները:
- Վերականգնվող շրջանների պարագայում մարզպետարանի աշխատակազմերը և կառույցները դառնում են ավելորդ:
- Մարզպետը պետք է ունենա փոքր աշխատակազմ (մինչև 10 հոգի)՝ օպերատիվ կառավարում և Ասպետության հետ կապ ապահովելու համար:
- Ըստ այդմ՝ պետք է վերանայվեն նաև ֆիսկալ, իրավապահպան և անվտանգային (մաղխազական) մարմինների կառուցվածքները՝ մարզայինից փոխադրելով շրջանայինի և վերացնելով մարզային օղակը:
- Առաջին ատյանի (համայնքային) դատարանների դատավորներին և համայնքային դատախազներին ընտրում են համայնքային ժողովները:
- Գերագույն դատարանի, մասնագիտական դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի նախագահներին ընտրում են դրանց դատավորները (անդամները):
- Քննչական մարմինների իրավասությունն ավարտվում է մեղադրանքի առաջադրմամբ: Այնուհետև դատավարությունը տեղի է ունենում դատարանում, որտեղ դատախազները մրցակցային դատավարության սկզբունքով պաշտպանում են մեղադրանքը:
- Փաստաբանների լիցենիզավորումն իրականացնում է Հազարապետության համակարգում գործող հետազոտական, կրթական և փորձաքննական հաստատությունը: Փաստաբաններն ազատ են՝ ըստ միավորումների մեջ մտնելու ազատության իրավունքի: Նրանք կարող են ստեղծել փաստաբանական միավորումներ, կարող են գործել առանձին, սակայն փաստաբանական էթիկայի հարցերում ենթակա են փաստաբանական համայնքի ընտրած մարմնի որոշումներին:
- Խիստ ցանկալի է պետության եթե ոչ մայրաքաղաքը, ապա վարչական կենտրոնը տեղափոխել Երևանից՝ թերևս Կոտայքի մարզ կամ Արագածոտնի մարզի՝ Կոտայքին հարակից հատված:
- Բոլոր պետական մարմինները տեղակայվում են համեստ շինություններում և նրանց նկուղային մասը կառուցվում է որպես այդ մարմինների գործունեության համար անհրաժեշտ բունկերային համակարգ:
- Առաջարկվող համակարգը շատ արդյունավետ է փոքր՝ պայմանականորեն մինչև 10 միլիոն բնակչություն ունեցող երկրների համար:
- Միջին՝ պայմանականորեն մինչև 100 միլիոն բնակչություն ունեցող երկրներում այն կարող է կիրառվել երկաստիճան տարբերակով, այսինքն՝ պայմանական 100/1 ընտրությունից հետո ընտրվածները մեկ անգամ ևս կատարում են 100/1 ընտրություն, ինչից հետո երկրորդ շրջափուլով ընտրվածները ձևավորում են Աշխարհաժողով:
- Մեծ՝ 100 միլիոն և ավելի բնակիչ ունեցող երկրներում պետք է կիրառվի լայն դաշնայնացում (ֆեդերալացում), ինչի շնորհիվ միջին երկրների նման երկու շրջափուլով ընտրված դաշնային միավորների աշխարհաժողովներն ընտրում են թե դաշնային սուբյեկտի, թե համերկրային խորհրդարաններ: Համերկրային խորհրդարանն ստանձնում է ամբողջ ժողովրդի ներկայացուցչական լիազորությունը:
- Պետք է նկատի ունենալ, որ շատ մեծաքանակ բնակչությունն օբյեկտիվ բացասական գործոն է ժողովրդավարական կառավարման համար:
1 Վերականգնումը համակարգի կենսընթացքի յուրաքանչյուր շրջափուլում համակարգի վերարտադրության անհրաժեշտ բաղադրիչ-գործընթաց է (ռեգեներացիա), որն ըստ գաղափարաբանական-հայեցակարգային, գաղափարախոսական-տեղեկութային և օրենսդրական վերաբերմունքի իրականացվում է բնության շնորհածի, ինչպես նաև անցյալում ու ներկայում հայեցակարգայինով հղացված, գաղափարախոսականով տարածված-ներդրված, օրենսդրականով սահմանված, գործադրականով ձեռք բերված արդյունքի պահպանման ու դրա կորսված (վնասված) մասի վերականգնման (փոխարինման, փոխհատուցման) միջոցով:
2 Իրականում մեդիան, որպես գաղափարախոսական-տեղեկութայինի հիմնական կրող և փոխանցող, կառավարման շղթայի մեջ հայեցակարգայինից հետո երկրորդն է:
3 Ի դեպ՝ մինչ օրս գործող մի շարք երկպալատ խորհրդարաններում առկա է դասայինի և տարածքայինի ծաղրանմանություն:
4 «Աշխարհաժողով» համակարգի ներդրման փուլում ինքնակամներին հնարավորինս դուրս մղելու նպատակով անհրաժեշտ կլինեն զտիչներ: Սակայն, որքան էլ զտիչներ կիրառվեն, սկզբնական շրջանում ինքնակամները, օգտվելով ցածր էթիկայի վրա հիմնված քաղաքական մշակույթի սողանցքներից ու լծակներից (նաև հաշվի առնենք, որ շատ հնազանդներ դեռևս հակված են լինելու ինքնակամներին, նրանց ազդեցության տակ են լինելու), կարող են զգալի թիվ կազմել, բայց հետագայում համակարգը կհաղթահարի նաև այս պրոբլեմը և ազատները կդառնան կայուն կերպով գերիշխող: Այդ ընթացքում հավելյալ առաքելություն կունենա գաղափարական սկզբունքով ընտրված և գաղափարներ ու բարձր էթիկական չափանիշներ գեներացնող ու դրանցով առաջնորդող խորհրդարանը (տե՛ս Պետական խորհուրդ):
5 Հնարավոր է, որ այդ թիվն ավելի մեծ է, օրինակ՝ 150 կամ 200: Հարկ կլինի հետազոտել և ճշգրտել:
6 Ի դեպ, ԱՄՆ-ում մինչ օրս պահպանված ընտրիչների ինստիտուտն այս մոտեցումն է հիշեցնում:
7 Զինված եղանակով իշխանության իրականացումը նման է, բայց նույնական չէ զինված ապստամբությանը: Մեր պատկերացմամբ, զինված ապստամբությունը կեղեքիչ տիրողների դեմ հպատակների զինված ընդվզումն է:
«Ապստամբություն» տերմինը ինքնիշխան-միապետի, միապետության համակարգի հայեցակարգային-գաղափարաբանական բովանդակությունից բխող մնացուկային հասկացության անվանում է:
Բնութագրական է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ապստամբության պայման է համարվում այն իրավիճակը, երբ ժողովուրդը կեղեքման բեռից ստիպված է դրան դիմել որպես վերջին միջոցի: Այս ձևակերպումը.
սահմանափակում է ժողովրդի՝ ըստ իր կամքի և հայեցողության իշխանություն իրականացնելու բացարձակ բնական իրավունքը,
ժողովրդին պարտադրում է մինչ դանակը ոսկորին հասնելը հանդուրժել կեղեքումն ու իշխանության յուրացումը, ինչպես նաև նրա արարքի գնահատականը թողնում է նրան կեղեքող ու նրա իշխանությունը յուրացրած համակարգին, այն համակարգին, որի դեմ ժողովուրդն ապաստամբել է:
Արդեն ժողովուրդ-ինքնիշխան կարգավիճակն ունեցող սուբյեկտը ոչ թե «ապստամբում» է, այլ զինված եղանակով հաստատում կամ վերահաստատում է ըստ իր ընդհանուր կամքի իշխանություն իրականացնելու իր իրավունքը/հնարավորությունը:
«Ապստամբ» վիճակը և «ապստամբություն»-ը առկա են որպես ժողովուրդ կայանալու և զինված կերպով այդ կայացումն ապահովելու շրջափուլում:
Անցումը մի վիճակից մյուսին որակական է, ուստի հնարավոր չէ որոշել դրա քանակային, չափելի սահմանը, բայց հնարավոր է արձանագրել անցումը որպես որակական փոփոխություն:
8 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և տարածքային ու տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են ոչ կուսակցական սկզբունքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հանրային պաշտոնյաներ են, իսկ մյուս հանձնաժողովի անդամները՝ կուսակցությունների հետ չառնչվող հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ ու անհատ կամավորներ: Վերջիններս վճարվում են իրենց կատարած աշխատանքի համար:
9 Որևէ մեկի հրաժարվելու պարագայում Քարտուղարության անդամ է դառնում ըստ ցուցակի հաջորդ ավագ տարիքի պատվիրակը:
10 Գործադիրին «կառավարություն» անվանելը բովանդակային-հասկացութենական սխալ է, քանի որ իրականում կառավարությունը օրենսդիրի, գործադիրի և դատականի ամբողջությունն է: Հայերենում այն փոխառվել է ռուսական իրականության ”правительство” – ից, որը միապետ-ինքնիշխանի կամքի գործադրումն ապահովող կառավարման գործիք է: Առաջարկում ենք օգտագործել «ասպետություն» անվանումը, որն առնված է Հայոց համակարգի «ասպետ» տիտղոսից, իսկ գործառույթը՝ ասպետի գործառույթներից:
Ասպետը, առհասարակ, ձիավոր ազնվականն էր, հեծյալ իշխանավորը:
Հին Հայաստանում ասպետի պաշտոնը զբաղեցնում էր Բագրատունի տոհմի ներկայացուցիչը: «Ասպետն էր իշխան և հրամանատար, ամենայն թագավորութեանն հրամանաց գլուխ, ամբողջ երկրի իշխան, հրամաններ արձակող, Թագավորի մերձավորագույն խորհրդական և նրա անունից երկիրը կառավարող»:
Ցավոք սրտի, մինչ օրս Խորենացու և այլ պատմիչների տեքստերն առավելապես ենթարկվել են հիմնականում լեզվական, այլ ոչ պատմական-համակարգային վերլուծության, ինչի պատճառով ստացվել է կիսատ և սխալ արդյունք: Ասպետը հաճախ ներկայացվել է որպես հեծելազորի պետ, մինչդեռ հեծելազորը զորքի մաս էր և գտնվում էր սպարապետի ենթակայության տակ:
Գաղտնիք չէ, որ Հին աշխարհի ազգերը, հատկապես՝ նույն արմատից ծնված մշակույթ կրողները, ունեցել են նմանատիպ կառավարման մշակույթ և համակարգեր:
Այս տեսակետից դառնալով Հին Հռոմին տեսնում ենք, որ այստեղ վերնախավը բաղկացած էր սենատորների և հեծյալների դասերից:
Սենատորների դասը համապատասխանում է մեր նախարարաց, տանուտիրական, ոստան դասին, որը կայացնում էր ռազմավարական որոշումներ, իսկ հեծյալները մեր ազնվական ազատ դասն են, որոնց միջոցով իրականացվում էին այդ որոշումները: Այսինքն՝ ասպետները այսօրվա պարագայում պետական պաշտոնյաներն են՝ բյուրոկրատիան:
Իսկ ասպետը նրանց բոլորի կառավարիչն է, գլուխը, որ նրանց միջոցով կառավարում է երկիրը: Հռոմեական կոնսուլները և հելենական աշխարհում ստրատեգները համապատասխանում են մեր ասպետին (ի դեպ, ավանդույթի համաձայն Աքիլլեսին, ամենայն հավանականությամբ՝ նրա տիտղոսը և կարգավիճակը նկատի ունենալով, Հելլադայի ցեղերից մեկն իր լեզվով անվանել է «Ասպետ». – ”Предание гласит, что после потопа первым царем молоссов и феспротов был Фаэтонт, один из тех, кто пришел в Эпир вместе с Пеласгом, но есть и другой рассказ: среди малоссов поселились Девкалион и Пирра, основавшие святилище в Додоне. Много спустя Неоптолем, сын Ахилла, явился сюда во главе своего племени, захватил страну и положил начало царской династии Пирридов, носивших это имя потому, что и сам Неоптолем прозывался в детстве Пирром, и одного из своих сыновей, рожденных от Ланассы, дочери Клеодема, сына Гилла, назвал Пирром. С этих пор там чтут наравне с богами и Ахилла, называя его на местном наречии Аспетом”. Плутарх. Избранные жизнеописания в двух томах, том первый, Москва, Издательство ”Правда”-1987, Пирр и Гай Марий, стр. 471-472”:):
Բնականաբար՝ այն ժամանակ կառավարման համակարգը ռազմականացված էր և բյուրոկրատիան հիմնականում զինվորական էր: Այսօր այդպես չէ, բայց էությունը նույնն է:
Փաստորեն՝ ասպետն այսօրվա վարչապետն է:
Քանի որ ներկայումս կառավարումն իրականացվում է ինստիտուտների միջոցով, ուստի Ասպետությունը պատկերացնում ենք որպես գործադիր բնագավառի ինստիտուցիոնալ կառավարման մարմին: Այսինքն՝ անցյալի ասպետի գործառույթներն այսօր առաջարկում ենք իրականացնել «Ասպետություն» ինստիտուտի միջոցով:
11 Գերագույն դատարանն ունի նաև Սահմանադրական արդարադատության իրականացման լիազորություններ:
12 Ներկայիս Հաշվեքննիչ պալատի լիազորություններն ընդլայնվում են:
13 Պետական խորհրդի պատգամավորների փոքր քանակը բխում է 20/80 օպտիմումի բնական սկզբունքից: Նույնիսկ մեծ երկրներում քաղաքական դաշտի երևելի ներկայացուցիչները մի քանի տասնյակ են կազմում: Մնացածը քանակ են լրացնում՝ նոսրացնելով խորհրդարանի որակը:
14 Առկա համակարգերում ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, որոշ երկրներում՝ նույնիսկ օրենքի ուժ ունեցող նորմատիվ ակտեր, ընդունելու վերաբերյալ գործադիրին վերապահվող լիազորությունը իշխանության յուրացում է: Գործադիրը չունի նորմատիվ ակտ ընդունելու մանդատ:
Առաջարկվող համակարգում Պետական խորհուրդը նորմատիվ որոշումներ է ընդունում գործադիրի՝ Ասպետության, նախաձեռնությամբ:
15 Ընդհանրապես՝ ամենուրեք կիրառվում է մեկ տեղակալի սկզբունքը: Տեղակալը տվյալ համակարգի ներքին գործառույթների կառավարիչն է, ինչպես նաև առաջինի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
16 Ասպետությունն անհրաժեշտության դեպքում կարող է ժամանակավորապես՝ մինչ Պետական խորհրդի որոշումը, նշանակել բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:
17 Նախագծերը կազմվում են Ասպետության ոլորտային մարմինների համակարգերում գործող հետազոտական, կրթական և փորձաքննական գիտական հաստատությունների ներգրավմամբ, այնուհետև Ասպետության նիստում ընդունվում են այդ հաստատությունների հեղինակավոր ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական խորհրդի (պայմանականորեն՝ «Իմաստունների խորհուրդ») խորհրդատվական եզրակացության հաշվառմամբ:
18 Անվտանգության խորհուրդ չկա, ենթադրյալ հարցերի վերաբերյալ որոշումներ են կայացվում նշված կազմով հավաքվող Ասպետության նիստերում:
19 Ասպետության (գործադիրի) անդամներին ոչ թե քաղաքական-կուսակցական, այլ պաշտոնին ձեռնհաս լինելու սկզբունքով ընտրելը հիմնական գործոնն է, որ ապահովելու է պատեհապաշտ-կարիերիստների մուտքը կուսակցություններ և դրանց միջոցով՝ քաղաքականություն:
Պետական խորհուրդը (խորհրդարանը) պետք է դառնա միակ վայրը, որտեղ պետք է բախվեն ու մրցեն քաղաքական գաղափարներն ու ծրագրերը:
Գործադիրի ապակուսակցականությունն իմաստազրկում և, այդպիսով, էապես չեզոքացնում է իշխանության յուրացման ու կոռուպցիայի հակում ունեցողների ձգտումը դեպի քաղաքականություն, ինչպես նաև գործադիրի անդամների բացասական, եսակենտրոն մղումները՝ աշխատելու ոչ թե հանուն ազգային շահի, այլ հաջորդ ընտրություններում ամեն գնով վերընտրվելու:
Բացի այդ, մասնագիտական սկզբունքով ձևավորվող ու գործառող գործադիրի անդամ լինելու համար հարկ կլինի ձեռք բերել այնպիսի բարձր մասնագիտական ու կառավարչական գիտելիքներ, փորձ ու հմտություններ, որոնք, որպես կանոն, ինքնին էապես երաշխավորում են նաև բարձր էթիկա:
20 Անվանումն արտածված է Հայոց համակարգի «մաղխազ» տիտղոսից, գործառույթները սահմանված են ըստ մաղխազին բնորոշ՝ ինքնիշխանի անվտանգության ապահովմանբ գործառույթների ընդլայնված ու արդիական պատկերացումների:
21 Անվանումն արտածված է և գործառույթները սահմանված են ըստ կյանքի ծագման և մարդու ու հանրության հոգևոր և նյութական վերարտադրության «ակունք և վայր» իմաստն արտահայտող «վան» բառի իմաստի:
22 Անվանումն արտածված է «դեսպան» բառից, գործառույթները սահմանված են դեսպանին բնորոշ գործառույթների ընդլայնված պատկերացումից:
23 Անվանումն առնված է Հայոց համակարգի «սպարապետ» տիտղոսից, գործառույթները սահմանված են ըստ սպարապետին բնորոշ պաշտպանության իրականացման գործառույթների ընդլայնված ու արդիական պատկերացման:
24 Փրկարար գործառույթը պատերազմական կամ խաղաղ ժամանակների բոլոր բնույթների արտակարգ իրավիճակներում պետք է ունենա անգամ ամենամասշտաբային վնասներից առաջացած մարտահրավերներն հաղթահարելու բավարար կարողություն: Հատկապես փոքր երկրներում նման կարողություն ունի միայն պաշտպանական համակարգը՝ իր տեխնիկական, մարդկային և մոբիլիզացիոն-ռեզերվային հնարավորություններով: Այդ պատճառով այս գործառույթը պետք է վերապահվի պաշտպանական համակարգին:
Ըստ այդմ՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բազային փրկարական պատրաստությունը որպես բաղադրիչ ներառում է Զինված ուժերի անձնակազմի ու ռեզերվի մարտական պատրաստության գործընթացում, իսկ ներկայիս բժշկական ծառայութունը ներառվում է փրկարար ծառայության մեջ:
25 Անվանումն առնված է Հայոց համակարգի «մարդպետ» տիտղոսից:
Հին Հայաստանում մարդպետը, բացի կանանոցի կառավարումից, ուներ նաև ուրիշ պաշտոն՝ արքունական կալվածքների վրա հսկողություն, ինչպես երևում է Փավստոսից:
Այսինքն՝ մարդպետն արքունի տնտեսության, ինքնիշխանի կյանքի նյութական սկզբի հոգածուն ու կառավարիչն էր:
Նա կոչվում էր Հայր մարդպետ, քանի որ համարվում էր Արքայի հայրը, քավորը, օրինական ծառայողն ու խոստովանահայրը:
Ըստ այդմ՝ գործառույթները սահմանված են մարդպետին բնորոշ գործառույթների ընդլայնված ու արդիականացված պատկերացմամբ:
26 Անվանումն առնված է Հայոց համակարգի «հազարապետ» տիտղոսից:
Հազարապետի գործառույթների մասին տեղեկությունները ևս, ինչպես ասպետի պարագայում, խիստ նեղ և մասնակի են մեզ հասել:
Հիմնական տեսակետն այն է, որ Հին Հայաստանում հազարապետը արքունի գործերի, տնտեսության կառավարիչն էր, որ Սասանյան շրջանում զբաղվում էր հարկահավաքությամբ և հարկերն ուղարկում էր Պարսկաստան: Կան առանձին կարծիքներ, որ Պարսկաստանում հազարապետն ավելի լայն գործառույթներ ուներ:
Ինչպես Ասպետը հեծյալների, ազնվականության, պետն էր, այնպես էլ հազարապետը գյուղացիների պետն էր: Գյուղացիությունը հիմնական աշխատուժն էր, ուստի հազարապետը վարում էր տնտեսության և գույքային ելումուտի հաշվառման, հարկերի չափերի և ձևերի սահմանման, հարկահավաքության, ինչպես նաև ներքին կարգ ու կանոնի գործերը:
Եթե այսօրվա պատկերացմամբ դիտենք, ապա հազարապետը պատասխանատու էր բնակչության, հողի և այլ գույքի հաշվառման, հարկերի հավաքման, մաքսերի սահմանման ու գանձման, ինչպես նաև պետության ներքին կարգ ու կանոնի՝ ընդհանուր առմամբ՝ մյուս կառավարման մարմինների գործառույթներից դուրս մնացող հազար ու մի բանի հաշվառման և պահպանության համար:
Ըստ այդմ՝ գործառույթները սահմանված են ըստ հազարապետին բնորոշ գործառույթների ընդլայնված ու արդիականացված պատկերացման:
27 Անվանումն արտածված է «համբար», այսինքն՝ հաշիվ, բառից: Համբար-չարեքային համակարգը շատ հին, հավանաբար՝ Աքեմենյան շրջանից ֆիսկալ նշանակությամբ կիրառվել է օբյեկտների, առաջին հերթին՝ հողի, չափման, գնահատման, հաշվառման, գրանցման ու հարկման համար:
Առաջարկում ենք Համբարապետական գործակալությանը վերապահել ներկայիս բնակչության ռեգիստրի, ընտրողների ռեգիստրի, իրավաբանական անձանց ռեգիստրի, ՔԿԱԳ-ի, նոտարիատի, Կադաստրի և վիճակագրության գործառույթները:
28 Ներկայիս ոստիկանությունը կիսվում է: Հասարակական կարգի պահպանումը՝ հիմնականում պարեկության միջոցով (ԶՈՒ ակտիվ ռեզերվի օրինակով ներդնելով պարեկության ակտիվ ռեզերվ և այն կիրառելով հերթապահության ռեժիմով, ինչի պարագայում հաստիքային արհեստավարժ պարեկները կազմում են անձնակազմի փոքր մասը), դառնում է Հազարապետության առանձին տեսչություն, իսկ քրեական ոստիկանության համապատասխան բաղադրիչները հանվում են Ասպետության կառավարման ոլորտից և տրվում են Հակակոռուպցիոն կոմիտեին ու Քննչական կոմիտեին՝ որպես օպերատիվ-հետախուզական բաղադրիչներ: