ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վարուժան Ավետիսյան

Առայժմ քնած բաղդասարականության վիճակում գտնվող հայության համար թերեւս օրինաչափորեն չճանաչված եւ չյուրացված Կոստան Զարյանի հանճարը երկնել է մեր վերածննդի եւ մեզ տրված համամարդկային առաքելության վերաստանձնման բանաձեւեր:
Այդ բանաձեւերը ժամանակի ազդեցությամբ օբյեկտիվորեն ավելի ու ավելի արդիական են դառնում նաեւ այն պատճառով, որ առավելապես արտածված են ապագայի համար:
Ստորեւ ներկայացված են անկարեւոր մասերից ազատված եւ փակագծերում բերվող անհրաժեշտ հուշումներով ընդգծված այդպիսի բանաձեւումներ, որոնք հայ եւ թուրք էությունների եւ բնույթների բնազանցական մրցակցության համատեքստում բնության օրենքին համապատասխան տալիս են հայության վերընձյուղման եւ նրա արարչագործ առաքելության հոգին ու մարմինը կրող Հայրենիքի վերատիրացման լուծումները:
«Սպանիա» գրքում արտացոլված ցեղաշունչ հանճարի այս բանաձեւումներին եւ լուծումներին ծանոթանալուց (կամ դրանք վերհիշելուց) հետո, դրանց լույսով կներկայացնենք մեր զուգահեռումը ներկայիս զարգացումների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ վերջիններիս հաղթահարման վերաբերյալ:



«Մենք (հայերս) ներսումն (մեր երկրի) ենք, շատ կարեւոր ռազմագիտական գծի վրա կանգնած: Ավելի կարեւոր դիրքերի վրա ամրապնդված, քան առաջները: Առաջ ցրված, խառնված էինք անհարազատ եւ թշնամի տարրերի հետ, իսկ այսօր մի կտոր հողի վրա միատարր մի ազգ ենք. մի ճակատի վրա կանգնած՝ նոր ոգի դարբնող, երկրի խոր մշակման միջոցով նոր աստվածների եւ նոր մարդկային տիպի ձգտող մի բանակ: Աշխատում ենք եւ սպասում, որովհետեւ գիտենք, որ այնտեղ, Հայրենիքի այն մասում, որ լքել ենք, ինչ չենք կարողանում անել մենք, անում է ինքը՝ երկիրը: Անում են մեր լեռները, մեր դաշտերը, մեր ձորերը …


… Ավստրալիայի որոշ բնիկները, տեղացիները, իրավմամբ կարծում են, որ անկարելի բան է նվաճել օտար երկիրները, որովհետեւ նախնյաց ոգիները դեռ շարունակում են ապրել այդ օտար հողերում: Ու նվաճողների նոր ծնված երեխաները ճակատագրականորեն կոչված են մարմնավորելու օտարների նախնյաց ոգիները: Այդ հավատքը պարունակում է մեծ հոգեբանական մի ճշմարտություն: Նվաճված օտար երկիրը ներառման է ենթարկում նվաճողներին:
Տեսեք, թե ի՞նչ է կատարվում տաճիկների հետ: Երբ նրանք եկան՝ մարդկային կերպարանքից զուրկ, վայրենի, կենդանական, մրրիկի նման արշավող, քանդող, անդիմադրելի եւ կույր ոհմակներ էին: Այդ որոտող փոթորիկը լռեցրեց բոլոր ձայները, սպանեց, ոչնչացրեց իր ճամփի վրա հանդիպած քաղաքակրթությունները, սուրի ենթարկեց բազում ժողովուրդներ, քանդեց հրաշալի քաղաքներ, այրեց եւ ոչնչացրեց մշակույթի հոյակապ հիշատակարանները եւ, մի օր էլ, շնորհիվ քրիստոնյաների եւ պապերի փոքրոգության, նա իրեն ձեռքը առավ իսլամի կանաչ դրոշակը, տիեզերական խալիֆայություն հաստատեց եւ հանուն Մուհամեդի շարունակեց իր նվաճումները: Ու հայ ժողովուրդի պատմությունը անասելի պատմություն է … Քանի՜- քանի՜ դարեր նա լռեց, գրեթե վերածված ստրուկ վիճակի. քանի՜- քանի՜ դարեր նրա հրաշալի ոգին մնաց ծածկված, ծեփված, ինչպես Սուրբ Սոֆիայի խճանկարված պատերը … Մեծ թուրքը այնքան հզոր էր, որ նույնիսկ ուժեղ պետությունները ակնածանքով էին խոսում նրա մասին, ուր մնաց մենք: Եվ, սակայն, հասարակ մեր ժողովուրդը, այնտեղ, ներսը, իր հոգու խորքում, պահել էր հույսի թաքնաթաքուր այն կրակը, ապագայի եւ վերածնման այն հավատքը, որի դեմ անկարող են աշխարհի բոլոր բռնությունները: Թուրքը այդ գիտեր, եւ որպեսզի սպաննե հավատքը, նա սպաննում էր մարմինը, բայց նա չգիտեր, որ ինչքան սպաննե մարմինը, ավելի ուժով պիտի վերածնվի ոգին: Երիտասարդ թուրքերը, Մեծ պատերազմին ընթացքին, որոշեցին կրկնել օսմանցիության վերջին վճռական ժեստը՝ ահավոր կոտորածի ենթարկեցին մնացած հայությունը: Բայց եղավ այն, ինչ որ մեր ոգին եւ ճակատագիրը պատրաստում էին դարերից ի վեր. դիակների լեռների տակ ընդմիշտ թաղվեց եւ անհետացավ օսմանցիությունը եւ նրա հետ տաճկությունն ու իսլամի արյունով թաթախված կանաչ դրոշակը:


… Կան միամիտներ, որոնք խոսում են Տաճկաստանի (քեմալական) զարթոնքի եւ վերածնության մասին, բայց այն, ինչ կատարվում է, ճիշտ հակառակն է: Պատահել է այն, ինչից որ վախենում էին Ավստրալիայի բնիկները, երկրում ապրող մեր նախնյաց ոգիները հաղթել են վերջնական եւ վճռական հաղթանակով: Այնքան, որ տաճիկները այսօր պաշտոնապես եւ միանգամայն ընդմիշտ, հրաժարվում են իրենց ցեղից, իրենց կրոնքից, իրենց ավանդություններից, իրենց երգերից, իրենց անցյալից: Եզակի երեւույթ պատմության մեջ: Նրանք ասում են՝ մենք մենք չենք: Նրանք ասում են՝ մենք եկվորներ չենք, օտարներ չենք, այլ բնիկներ ենք, սկզբից ի վեր այստեղ ծնված, այստեղ մեծացած եւ մշակույթ ստեղծած: Երե՞կը, անցյա՞լը, – մենք այն չենք: Մենք՝ մենք չենք: Ու փոխում են իրենց զգեստները, փոխում են իրենց անունները, ճգնում են փոխել մտածելու եւ զգալու իրենց կերպը: Ոչ թե ճապոնացիների նման ընդունում են օտար տեխնիկան՝ ավելի խորապես հաստատելու եւ պաշտպանելու համար իրենց ուժգին ազգային ոգին, դարերով մշակված իրենց եսը, այլ ուրանում են մանավանդ այդ եսը: Եվ այդ ուրացման պահանջը այնքա՜ն մեծ է, այնքա՜ն հիվանդագին, այնքա՜ն անդիմադրելի, որ նրանք դիմում են նույնիսկ գիտական, պաշտոնապես հարկադրված շառլատանության: Պոռում, կանչում, հրամայում, հրացանազարկության ենթարկում, կաշառում: Պարտադրական օրենք է, – այլեւս մենք՝ մենք չենք: Մի ցեղի այդպիսի ահավոր անկումը անկարելի պիտի լիներ բացատրել՝ առանց ընդունելու ավստրալացիների հավատքը նախնյաց ոգիների վերածնման մասին: Ճշմարտությունը այն է, որ թուրքերը հայանալու ճամփի վրա են: Ներսից եկող, անդիմադրելի մի ուժ նրանց նվաճել է, կաշկանդել, կամքին է ենթարկել: Ու այդ ուժը նրանց պատրաստում է վերջին, այլեւս քաղաքական եւ մշակութային նվաճումի համար, որ նախախնամական է եւ պատմականորեն անհրաժեշտ: Որովհետեւ այնտեղ, սահմանի վրա կանգնած սպասող հայության հետ պատահելու վրա է այն, ինչ որ պատահում է Սուրբ Սոֆիայի հետ. Կիսալուսինը վար է առնված, մոլլաների ձայները անհետացել են, ու պատերի ծեփի տակից ահա դուրս են ցցվում հրաշալի խճանկարները: Հայ ոգին պատրաստվում է, շատ հաճախ հակառակ հայերին, իր վճռական դերին:


… Թուրքերի ինքնուրացումը մինչեւ ինչ աստիճանի է հասել … Ինչպես աշխարհի բոլոր նախնամիտները, նրանք խոր հավատք են տածում դեպի գիտական փաստերը, գիտությունը եւ փաստը գերմանական իմաստով առած … Ու այդ՝ «մենք՝ մենք չենքը» այսօր նրանք ուզում են անպատճառ շոշափելի դարձնել, ապացուցանել նյութապես … «Ահա առեք այս գանգը ձեր ձեռքերի մեջ, ինչպես Համլետը Յորիկի գանգը, եւ պիտի տեսնեք, որ մենք՝ մենք չենք»:


… Նրանք որոշել են մի քանի գերեզմաններ բաց անել եւ մարդաբանական եւ մարդակազմական իրնակներով ցույց տալ, որ ցեղաբանորեն նրանք պատկանում են եւ միշտ էլ պատկանել են մաքրամաքուր բնիկներին:


… Միայն թե առաջին գերազմանը, որ պիտի բաց անեն կամ արդեն բաց են արել, պատկանում է հանճարեղ մի ճարտարապետի, որ իսլամություն ընդունելուց հետո, կառուցել է մի շարք մզկիթներ, որոնք մինչեւ այսօր էլ հիացում են պատճառում: Այս ճարտարապետի անունը Սինան էր, ծագումով հայ … Իրենք անշուշտ պնդում են, թե Տաճկաստանի բոլոր բնակիչներն էլ թուրք են: Այդ նրանց պետք է՝ ապացուցանելու համար, որ թուրքը թուրք չէ եւ երբեք էլ թուրք չէ եղած: Ի՞նչ պիտի ասեիք այն այլասերված զավակի մասին, որ գլուխը պատերին զարներ, աջ ու ձախ վազեր պոռալով, որ նա իր հոր զավակը չէ, կեղծ փաստաթղթեր որոներ, ուրիշների գերեզմանը բանալ տար, լեզուն փոխեր, գիրը փոխեր, անունը փոխեր հանուն այդ ուրացման … Պիտի դասեիք նրան ստոր անձնավորությունների շարքում, մարդկային արժանապատվությունից զուրկ տիպարների շարքում, այնպես չէ՞: Իսկ ի՞նչ ասել, եթե այդպիսի միջոցի է դիմում մի ամբողջ ազգ …


… Ահավոր մի անկում: Ուզում են խաբել պատմությունը եւ իրենք՝ իրենց: Զուրկ ինքնուրույն ստեղծագործական կարողությունից, քշված, վտարված աշխարհի բոլոր այն հողամասերից, ուր մտել էին բռնի ուժով, նրանք, առանց որեւէ անցյալի եւ առանց որեւէ ապագայի, կանգ են առել մեր լեռների մոտ եւ շվարել: Մեր թողած գերեզմաններից դուրս են եկել հարյուր հազարավոր ոգիներ եւ նրանց շղթայել: Ու ահավասիկ նրանք, խենթացած, վախի եւ հավաքական փսիխոզի ենթարկված. – մենք՝ մենք չենք, դուք ենք …


… (Նաեւ՝ դուք մենք ենք): Ու այդ հայության առջեւ դժվարին եւ վճռական պրոբլեմներ է դնում, որի լուծումից կախում ունի մեր ամբողջ ապագան: Հայությունը, եթե ուզում է իր վերջնական հաղթանակը տանել, պետք է վերակոչե եւ պողպատե կամքով ենթարկվի իր նախնավոր ոգիին: Զտե, զտվի, դուրս անե իր միջից անհարազատ տարրերը եւ, առայժմ Արարատյան դաշտում, վերաստեղծե իր հոգեկան այն պրոցեսը, որի միջոցով ժամանակին, իր կրոնա-հերոսական շրջանում, նա ստեղծել էր իր աստվածներին: Թուրքերին պետք է պահել «մենք դուք ենք» շեշտի վրա, թե չէ դերերը կարող են փոխվել …»:



Կոստան Զարյանը կարծես թե կանխատեսել է նաեւ այսօրվա պատմական շրջափուլը, որի ժամանակ «դերերը կարող են փոխվել»:
Հետճշմարտության մեր ժամանակաշրջանում, որի համեմատությամբ գրողի նկարագրած ժամանակաշրջանի թուրքական կեղծիքը հաճախ մանկան թոթովանք է հիշեցնում, դերերն իսկապես կարող են փոխվել:
Հանճարի մտքի լույսով դիտարկելիս դժվար չէ հասկանալ, որ Հայաստանի այսօրվա կառավարիչների պատմական «առաքելությունը» դերերը փոխելու գործում հայության ուրացումի ապահովումն է: Ապահովել, որ հայությունը ուրանա ինքն իրեն, իր Հայրենիքը, իր նախնիների ոգին, իր առաքելությունը եւ արդեն հայությունն ասի, թե մենք մենք չենք:
Թշնամին գտել է դերերը փոխելու ուղին: Որովհետեւ միայն այն պարագայում, երբ հայությունը հրաժարվի իր Հայրենիքից, իր Արարատից, իր անցյալից, իր նախնիների ոգուց եւ դրանով կենսացվող իր առաքելությունից, այդ ժամանակ կմեռնի տերը եւ թուրքը կկարողանա տեր դառնալ:
Միեւնույն ժամանակ՝ ինքնուրացումի քեմալական այլափոխությունից հետո Էրդողանի դեմքով հանդես եկող թուրքը նախաձեռնել է իրականում հակաբիոզի վիճակում գտնվող անհամատեղելի ժամանակների եւ դրանց բովանդակությունների՝ օսմանականության, համաթուրանա-կանության եւ քեմալականության հիբրիդի հիմքով կոնսերվատիվ հեղափոխության խեղկատակ մի ծրագիր, որն այնպես կխճճի առանց այդ էլ արհեստական թուրք էությունն ու բնույթը, որ բնության օրենքով միակ ելքը կմնա դրանց քայքայումն ու մասնատումը:
Ի դեպ՝ նույնպիսի կոնսերվատիվ հեղափոխություն է փորձում անել բյուզանդական համակարգի մյուս բաղադրիչ Ռուսաստանի Պուտինը՝ դրա հիմքում դնելով մեկ այլ հակաբիոզի վիճակում գտնվող անհամատեղելի ժամանակներ եւ դրանց բովանդակություններ՝ պետրոսյան ցարականությունը, բոլշեւիկությունը եւ թուրանաբնույթ արեւելականությունը:
Եվ ահա՝ պատմության ընթացքի մեջ անտեղիորեն ցիստավորված-պահպանված այս թերկայսրությունների հոգեվարքային ակտիվության ներկայիս վերջնափուլում ազգի բովանդակ ուժերը համախմբելու եւ անժամանակ ժամանակը վերապրելու գերագույն ճիգեր գործադրելու փոխարեն ռուս-թուրքական հրեշների եւ դրանց դիակները մինչեւ վերջ ամեն գնով օգտագործելու մարմանջով տարված համաշխարհային ուժերի թերմացքը լափող օրվա ժամիշխանները եւ նրանց սպասարկող փորահացի դավաճան գրագետները լծվել են Հայրենիքն ու հայությունը ինքնաոչնչացման տանելու ճանապարհով իրենց ոչինչ էությունների իշխանական ու նյութական տականք մղումները բավարարելու ստորագույն եւ զազրելի գործին:
Մենք կանգնած ենք լինել-չլինելու այնպիսի մարտահրավերի դեմ հանդիման, որպիսին չի եղել անգամ Մեծ Եղեռնի ժամանակ:
Մեզ փորձում են դարձնել ուրացող, դավաճան եւ գոյության իրավունք չունեցող անարժանապատիվ ազգ:
Եվ մենք դեռ լռում ենք:
Կանգնած ենք միանգամայն պարզ ջրբաժանի առաջ. կամ սովորում ենք հանճարից, հիշում ենք «Հացն ու գինին, տեր կենդանին եւ խաչ պատերազմին» եւ ծառս ենք լինում ու վերադառնում ենք արթուն սանասարականության, կամ պատմությունը, արձանագրելով դերերի փոփոխությունը, մեր պիղծ գոյությունից կմաքրի սրբազան Հայրենիքը: