Վարուժան Ավետիսյան
Նպատակը
ՀԱՅՔ նախագծի նպատակն է՝ վերականգնել Հայքի (հայության և նրա կազմակերպվածքի) կարողականությունը և այն ծառայեցնել նրա համամարդկային Արարատյան առաքելության վերաստանձնման գործին:
Հայքի Արարատյան աշխարհայացքը
Մարդկությանը հայտնի բոլոր տեսություններն ու գաղափարաբանությունները բխում են երկու՝ հոգևոր կամ նյութական աշխարհընկալումներից:
Հոգևոր աշխարհընկալումը ծնում է արժանապատվության աշխարհայացք և դրանից բխող արժանապատվության մշակույթ ու վարք:
Նյութական աշխարհընկալումը ծնում է օգտապաշտության աշխարհայացք և դրանից բխող օգտապաշտության մշակույթ ու վարք:
Արժանապատվության աշխարհայացքը բխում է կյանքի ոգեղեն ընկալումից և ենթադրում է ոգեղենությունից բխող կենսադիրքորոշում ու գործունեություն: Արժանապատվության աշխարհայացքն անսահմանափակ է թե՛ մտքի ու գիտակցության, թե՛ կամքի ու գործունեության առումներով, քանի որ պայմանավորված է սահման ու վերջ չճանաչող ոգով, որն օժտված է անհրաժեշտ նյութառեսուրսի գեներացման անսպառ կարողականությամբ: Այն չի հարմարվում իրականությանը, այլ, մղվում է ոգու պոռթկումից, խիզախում է մտքով ու կամքով և առաջադրում ու ձգտում է իրագործել իրերի դրությանը հակասող և դրանք փոխելու նկրտում ունեցող մեծ նպատակներ՝ անշեղորեն փոխելով և մեծացնելով առկա հնարավորությունները:
Օգտապաշտության աշխարհայացքը բխում է կյանքի նյութառեսուրսային ընկալումից և ենթադրում է ըստ այդմ կենսադիրքորոշում ու գործունեություն: Օգտապաշտական աշխարհայացքը սահմանափակ է և վերջավոր ոչ միայն մտքի ու գիտակցության, այլև կամքի ու գործունեության առումներով, քանի որ պայմանավորված է սահմանափակ և վերջավոր նյութառեսուրսով: Այն երբեք չի առաջադրում և, առավել ևս՝ չի իրագործում իրերի դրությանը հակասող և դրանք փոխելու նկրտում ունեցող մեծ նպատակներ, որոնք պահանջում են ոգու պոռթկում և մտքի ու կամքի խիզախում, այլ հարմարվում է իրականությանը և ընդամենը փորձում է գոյատևել առկա հնարավորությունների շրջանակում:
Արժանապատվության աշխարհայացքն արտահայտող գաղափարաբանությունները և, ըստ այդմ՝ դրանցից սնվող հանրությունները, այդ թվում՝ հասարակական-քաղաքական կազմակերպվածքները, հակված են ամբողջականության, համադրման և համագործակցության:
Օգտապաշտության աշխարհայացքն արտահայտող գաղափարաբանությունները և, ըստ այդմ՝ դրանցից սնվող հանրությունները, այդ թվում՝ հասարակական-քաղաքական կազմակերպվածքները, միտված են հատվածականության, տարանջատման և հակամարտության:
Արժանապատվության և օգտապաշտության աշխարհայացքների տարբերությունն առավել ակնառու է արժանապատվության ու ազատության և ֆիզիկական գոյության միջև ընտրության հարցում:
Արժանապատվության աշխարհայացքի տեսակետից արժանապատվությունն ու ազատությունը վեր են ֆիզիկական գոյությունից, ուստի կյանքն անիմաստ է առանց արժանապատվության և ազատության և, ըստ էության, հենց դրանք են կյանքի իմաստը:
Օգտապաշտության աշխարհայացքի տեսակետից ֆիզիկական գոյությունն ամեն ինչից վեր է և, ըստ էության՝ հենց կյանքի իմաստն է:
Արժանապատվության աշխարհայացքն ազգային չափման մեջ կայանում և գործառում է ինքնության առանցքի շուրջ:
Օգտապաշտության աշխարհայացքն ազգային չափման մեջ կայանում և գործառում է անձի առանցքի շուրջ:
Հայության հավատամքային համակարգն արտացոլող Սասնա Ծռեր էպոսում այս հակադրությունը տիպաբանորեն արտահայտված է Սասնա Ծռերի՝ Սանասարի, Մեծ Մհերի, Դավթի, Փոքր Մհերի և Ցռան Վերգոյի համեմատականությամբ:
Նոր և նորագույն պատմության շրջաններում ձևավորված քաղաքական տեսություններն ու գաղափարաբանությունները, կամ, այլ կերպ ասած՝ դասական կուսակցական-քաղաքական հայացքները, հիմնականում օգտապաշտության աշխարհայացքի և մշակույթի մասնակի, հատվածական մեկնաբանության տարատեսակ դրսևորումներ են:
Նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք ծնվել են արժանապատվության աշխարհայացքից ու մշակույթից և հետապնդել են/հետապնդում են ազգային և մարդկային վեհ նպատակներ, սակայն, միևնույն ժամանակ՝ գաղափարականորեն ինքնասահմանափակված են որևէ «իզմ»-ով և/կամ գործունեականորեն դիմում են օգտապաշտության, ապա, անկախ գործադրած ջանքերից, չեն կայանում որպես ազգային իղձի մարմնացում, քանի որ մնում են արժանապատվության աշխարհայացքային ամբողջականությանը, ուստի նաև՝ իմաստնությանը, ոչ հասու, ինչի հետևանքով դառնում են հատվածական ու մասնակի և սպառվում են՝ զուգահեռաբար ծնելով հակադրականություն ու պառակտում:
Միայն ամբողջական աշխարհայացքն է հասցնում իմաստնության և միայն իմաստնությունն է հասու ամբողջական աշխարհայացքի:
Աշխարհայացքից բխող քաղաքական հայացքների (աջ, ձախ և այլն) և ճանաչողականության մակարդակի հարաբերակցությունն արտահայտող քաղաքական պարույրն ունի հետևյալ տեսքն ու բնութագիրը:
Քաղաքական պարույր
Բանիմաց (հասկացություն)
- Բանիմաց – աջ, պահպանողական, ստատիկ (հող տարերք)
- Բանիմաց-Գիտուն – աջ կենտրոնամետ, չափավոր պահպանողական, ստատիկ-մասամբ դինամիկ (ջուր տարերք)
- Գիտուն – ձախ, հեղափոխական, դինամիկ (օդ տարերք)
- Գիտուն-Իմաստուն – ձախ կենտրոնամետ, չափավոր (էվոլյուցոն) հեղափոխական, դինամիկ-մասամբ ստատիկ (հուր տարերք)
- Իմաստուն – հավասարակշռող-համադրող ամբողջական (եթեր տարերք)
Բանիմացը քաղաքական պարույրի մեկնարկն է: Բանիմացը միայն ընդհանրական, հասկացության մակարդակի պատկերացում ունի կյանքի վերաբերյալ, չի տեսնում բացերն ու արատները, իսկ եթե նույնիսկ ինչ-ոչ չափով տեսնում է, ապա դրանք ընդունում է որպես անխուսափելիություն և այդ պատճառով վախենում է վերանայել իրերի դրությունը և ձգտում է կայունության ու անփոփոխության, հարմարվում է և պաշտպանում է եղած իրերի դրությունը, միակողմանի է և աչառու, հաճախ կաղապարված է և ժամանակից հետ ընկած:
Գիտունը քաղաքական պարույրի բեկումն է: Գիտունը բավականին խորը, դատողության մակարդակի պատկերացում ունի կյանքի վերաբերյալ, տեսնում է բացերն ու արատները և գիտակցում է դրանց վերացման անհրաժեշտությունը, այդ պատճառով ձգտում է վերանայել իրերի դրությունը: Միևնույն ժամանակ՝ չունենալով կյանքի ամբողջական պատկերացում, որպես կանոն, չափն անցնում է, դառնում է միակողմանի և աչառու, հաճախ անտեղի է և ժամանակից առաջ ընկնող:
Իմաստունը քաղաքական պարույրի ավարտ-ամբողջացումն է: Իմաստունը ամբողջական, մտահանգման մակարդակի պատկերացում ունի կյանքի վերաբերյալ, այդ պատճառով գիտակցում է, թե ինչը ու ինչպես պետք է պահպանել և ինչը ու ինչպես պետք է փոփոխել: Նա հավասարակշիռ է, արդար և տեղին ու ժամանակին:
Հայքի աշխարհայացքի տեսակետից Հայրենիքը, ազգը, մշակույթը, քաղաքակրթությունը և պետությունը հարաբերակցվում են հետևյալ կերպով:
Ազգը ստեղծում է մշակույթ, մշակույթը ստեղծում է քաղաքակրթություն, քաղաքակրթությունը ստեղծում է պետություն:
Ըստ այդմ՝ պետությունը կոչված է պահպանելու քաղաքակրթությունը, քաղաքակրթությունը կոչված է պահպանելու մշակույթը, մշակույթը կոչված է պահպանելու ազգը:
Հայրենիքը ազգ-մշակույթ-քաղաքակրթություն երրորդության և դրա կրիչների և դրսեւորումների ամբողջությունն է՝ թե՛ որպես ինքնին տիեզերական-բնազանցական բովանդակ համակարգ, թե՛ որպես այդ համակարգի հոգեմտավոր և նյութական բովանդակություն և ձեւ, նաև՝ որպես այդ ամենի նախաստեղծ, անցյալ, ներկա և ապագա արարչագործություն՝ ներառյալ՝ ոգի, աստվածներ, նախնիներ, սերունդներ, հերոսներ, առաքելություն, ճակատագիր, ռիթմ, էպոս, հավատ, երկիր, լեզու, ոճ, տիպ, հիշողություն, իղձ, խորհուրդներ և խորհրդանիշներ, ժառանգություն, զգացմունքներ և զգացումներ: Այն ամենը, ինչ մարդուն ինքնություն, այսինքն՝ ազգային հանգ ու կերպ ունեցող անձ և անհատ մարդ է դարձնում:
Ասվածի համատեքստում ակնհայտ է դառնում, որ ազգն ու Հայրենիքն են առաջնային, մինչդեռ պետությունը պահպանելու ու զորացնելու միջոց-գործիք է:
Ուստի, ինչպես ընդամենը շենքը տուն չէ, այնպես էլ ընդամենը պետությունը դեռևս Հայրենիք չէ:
Այդու՝ բնակչությունը կամ նույնիսկ քաղաքացիների ամբողջությունը դեռեւս ազգ չէ:
Երբ փոխարինում են՝ քաղաքակրթությունը մշակույթին և/կամ պետությունը Հայրենիքին, ապա դրանք դառնում են քաղցկեղ և սպանում են մարդը, ազգը և Հայրենիքը:
Նաև՝ պետք չէ շփոթել նմանը նույնի հետ:
Այսօր երկրագունդը գերբեռնվել է ուրիշի մշակույթի վրա հիմնված մակաբույծ քաղաքակրթություններով և, առավել եւս՝ ուրիշի քաղաքակրթության վրա կառուցված գիշատիչ պետություններով:
Փոփոխվող աշխարհ և Հայք
Աշխարհը մտել է անցումային շրջափուլ, որը բնութագրվում է կայունության նկատմամբ փոփոխության գերակայությամբ:
Անցումային շրջափուլում բնության օրենքով կայունը դառնում է փոփոխականի ածանցյալ, արգասիք և հատված, կայունը և դրա հետ կապված ամեն ինչ դրսևորվում են փոփոխականի մեջ և փոփոխության համատեքստում:
Ներկայիս փոփոխությունը կոչված է Լաո Ցզիի՝ քաղաքակրթության գործունեական կոդն արտահայտող «ուղի-առաքինություններ-բարոյականություն-օրենք-սովորույթ» հայտնի բանաձևի հայելացմամբ վերանայելու-վերադարձնելու-կարգաբերելու հատկապես գլոբալ կրոնների տիրապետության շրջափուլում հաստատված կայունը, որ բնական մշակույթների հետ կապը խզելու և դրանց ժխտմամբ ինքնահաստատվելու նպատակով տարված՝ գլխիվայր շուռ է տվել այդ կոդը և կյանքը ենթարկեցրել է «սովորույթ-կեղծօրենք-կեղծբարոյականություն-կեղծառաքինություն-կեղծուղի» արհեստական, հակատրամաբանական և քայքայիչ բանաձևին:
Մարդկության ճակատագրի համար որոշիչ նշանակություն ունի հայության և նրա Հայրենիքի՝ մարդկային քաղաքակրթության օրրան Հայկական բարձրավանդակի ճակատագիրը:
Պատահական չէ, որ այսօր Հայկական բարձրավանդակի համար բնիկների և եկվորների պայքարը թևակոխում է վերջին և վճռական շրջափուլ, քանի որ Հայկական բարձրավանդակը միայն աշխարհագրական տարածք և նույնիսկ միայն Հայրենիք չէ, որի համար կողմերը պետք է բախվեն և որոշեն դրա պատկանելությունը, ինչը բազմիցս և գրեթե ամենուրեք տեղի է ունենում աշխարհում:
Հայկական բարձրավանդակն առաջին հերթին համամարդկային, համատիեզերական նշանակության բնազանցական մի տիրույթ է, որը եկվոր բարբարոսներին հանձնելը կհանգեցնի ոչ միայն հայության ոչնչացման, այլև մարդկության վայրագացման և կործանման շղթայական գործընթացի:
Այդ պատճառով Հայքը վերստին արդիական է դառնում որպես համամարդկային կերպափոխման ճակատագրական առանցք, կիզակետ ու սաղմնային մոդել:
Ընդսմին՝ կարևոր չէ, թե աշխարհում ովքեր և որքան են սա հասկանում:
Կարևորն այն է, որ հայերը կանչված և կոչված են Հայկական բարձրավանդակը պահպանելու և կիրառելու որպես մարդկության ու մարդկայնության ոգու, խղճի և մտքի ակունք՝ իր ֆիզիկական և զգայագիտակցական բոլոր առումներով՝ որպես առանցք և փարոս դիտելով ու դարձնելով Արարատը՝ Հայկական բարձրավանդակի միջուկը:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ ներկայումս փոփոխությունը և կայունությունը տարանջատվում և համադրվում են հետևյալ կերպով.
Երևույթ | Փոփոխություն | Կայունություն |
հիմք | էթիկա | օրենք, կանոնակարգ |
դրսևորում | թրթռացող համագործակցություն, որի համակարգաստեղծը գործընկերության հրավերն է | կայուն կազմակերպվածություն, որի համակարգաստեղծը իրավասու որոշումն է |
կազմության ձև | ամպ, տիրույթ, հարթակ և այլն | կառուցվածք |
միջավայրեր և գործընթացներ | նախաձեռնողական-ազատ-ստեղծագործական | կանոնակարգված |
հոգեբանական վերաբերմունք | պատասխանատվություն | պարտականություն |
ներառականություն | էլիտարություն | զանգվածայնություն |
կանոնակարգում | պայմանագրային | կանոնադրական |
վիճակ | դինամիկ-փոփոխական-անորոշ | ստատիկ-կայուն-որոշակի |
կառավարում | հեղինակության իշխանություն և ինքնավերահսկողություն | ուժի իշխանություն և վերահսկողություն |
կապեր | հորիզոնական | ուղղահայաց |
Մարդկության, այդ թվում՝ հայության, ընթացքի հերթական շրջադարձին աղետաբեր փակուղուց խուսափելու և դրա փոխարեն նոր շրջափուլ մտնելու համար պետք է անցնել թրթռացող համագործակցության և կայուն կազմակերպվածության կանոնակարգումների հատման տիրույթով:
Այդ հատման-անցման տիրույթի գործունեական կանոնակարգման հիմքը պրոտոկոլն է:
Այդ տիրույթում Հայք կազմակերպվածքի պետությունը և այլ կազմակերպությունները պետք է կատարեն թրթռացող համագործակցությամբ պրոտոկոլի հիման վրա կայացված որոշումները:
Հայք և հայության ու հայի գաղափար-իղձ
Հայ էության հոգևոր աշխարհընկալումից բխող արժանապատվության և ինքնության աշխարհայացքով առաջնորդվող Հայք կազմակերպվածքը պետք է հայությանը համախմբի Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը («Արարատյան մարդու» առաքելություն) վերաստանձնելու նպատակի շուրջ:
Հայությունը, պայքարի այս վերջին և վճռական շրջափուլը հօգուտ իրեն և մարդկության հաղթահարելու համար, պետք է մղվի Արագածի նախաստեղծ ներուժից ու տիեզերական լույսից բխող իր ոգու զորությունից, դառնա իր հոգևոր-մշակութային արմատին և կարողանա ինքնակազմակերպվել, վերըմբռնել և վերաստանձնել իր համամարդկային Արարատյան առաքելությունը՝ հանուն հայության առանցքային դերակատարությամբ ներկայիս հակամարտածին-քանդիչ Երուսաղեմակենտրոն աշխարհի փոխարեն Արարատակենտրոն գործակցածին-արարչական աշխարհի ստեղծման:
Միայն այս ուղով Հայքը կարող է վերածնվել, այդ թվում՝ քաղաքակրթորեն և պետականորեն, ապա՝ վերածննդի լույսը տանել մարդկությանը՝ բուժելու համար նրան մակաբույծ քաղաքակրթությունների և գիշատիչ պետությունների հարուցած քաղցկեղային անկյալությունից:
Հայությունը և, ինչպես նաև վերաբերելի դեպքերում՝ հայ անհատը, հանուն իր օրինակով և գործով արարչական լույսը տարածելու և արդարություն հաստատելու այդ համամարդկային առաքելության նորովի վերաստանձնման, պետք է.
Վերագտնի-վերաճանաչի «Արարատյան մարդուն» և, ըստ այդմ՝ ներդաշնակորեն համադրելով իր արքետիպային ժառանգականությունը և հարմարողական փոփոխականությունը՝ ներքին ինքնահաղթահարմամբ հասնի համազգային զգայագիտակցական կերպափոխման, արդիականացնի հայկական ինքնությունն ու վերբեռնի իր կյանքը՝ կարող դառնալով փոփոխվող աշխարհում Արարատյան քաղաքակրթության ներառական կարողությունների կիրառմամբ և նորացուցիչ կենսատու արժեքների և գաղափարների ներբերմամբ նախ կամրջելու և մերելու մյուս քաղաքակրթությունները, ապա նաև՝ նպաստելու մարդկության վեհացման:
Առավելագույնս գեներացնի իր ինտեգրալ կարողականությունը՝ որպես ոչ միայն հայկական, այլև նախահայկական, հարհայկական, հայամետ, ինչպես նաև հայկականի հետ համակցվող էթնոմշակութային բաղադրիչները Արարատյան քաղաքակրթության «Հայք-Արմենիա» քաղաքակրթական կորիզի մեջ ներբերող ու ներդաշնակող ներուժականություն:
Վերակազմակերպվի որպես Հայկական պետության միջուկ-առանցքի շուրջը «Հայք-Արմենիա» քաղաքակրթական կորիզի մարմինը կազմող «Հայկական աշխարհ» համահայկական ցանցային կազմակերպվածք և դառնա Արարատյան քաղաքակրթության առաջնորդությունը վերաստանձնող ստեղծարար սուբյեկտ:
Հայկական պետության միջուկ-առանցքով «Հայկական աշխարհ» համահայկական ցանցային կազմակերպվածքը կայացնի և գործառի որպես միջքաղաքակրթական և միջտարածաշրջանային աշխարհառազմավարական նախագիծ («Հայք» նախագիծ), որը համահայկական համախումբ կարողականության, ինչպես նաև դաշնակցային և գործընկերային կարողությունների ներգրավման և համաշխարհային ու տարածաշրջանային նախագծերում և գործընթացներում ակտիվ ու նախաձեռնողական մասնակցայնության, այդ թվում՝ քաղաքակրթական, անվտանգային ու տնտեսատեխնոլոգիական հանգույցի վերածվելու և տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության առաքելություն ստանձնելու շնորհիվ.
գլոբալի և լոկալի համադրմամբ ցանցային սկզբունքով կազմակերպում և ներազգային ու միջազգային չափումներում արդյունավետ կենսունակության վիճակի է բերում հայկական գործոնը,
դրսևորվում է որպես «Նորարար ազգ-սթարթափ կազմակերպվածք»՝ դրա միջուկ Հայկական պետությունը դարձնելով միջքաղաքակրթական և միջտարածաշրջանային «Կամուրջ-ամրոց»,
իրականացնում է դեպի դուրս ուժ պրոյեկտող անվտանգային ռազմավարություն, որի հիմնական բաղադրիչը համապարփակ անվտանգության «Ազգ-բանակ» համակարգն է:
Վերատիրանա Արարատյան առաքելության վերաստանձնման գրավականին՝ Արարատի իրավունքին և, ըստ այդմ՝ Հայկական բարձրավանդակ-Հայքին, գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, և հնարավորինս վերահայացնի այն՝ ամբողջացնելով իր արարչագործության մեկնարկային տարածքը:
Արարատյան քաղաքակրթության «Հայք-Արմենիա» քաղաքակրթական կորիզի շուրջ նախաձեռնի այդ քաղաքակրթության մարմինը կազմող «Արարատյան աշխարհ» միջավայրի արդիական վերակայացումը՝ ներգրավելով և համախմբելով Մեծ Մերձավոր Արևելքի, հարակից տարածաշրջանների, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված Արարատյան քաղաքակրթության այլ էթնոմշակութային ինքնություններ ունեցող սուբյեկտներին:
Այս խնդիրները լուծելու համար որպես հիմնական գործառութային լծակներ (մեխանիզմներ) կիրառի Հայկական «մերան»-ը, Արարատյան արժեհամակարգը և քաղաքակրթական ու տեխնոլոգիական կամուրջ-միջնորդի իր կարողականությունը:
Հայքի կազմակերպվածքը, հայեցակարգը, արժեքային հիմնասյունները և իրականացման հիմնական նախադրյալները
Հայքի Արարատյան առաքելությունը վերաստանձնելուն կարող է ունակ լինել միանգամայն նոր որակի Հայկական պետության առանցք-միջուկի շուրջը ձևավորվող և գործառող ցանցային կազմակերպվածքը («Հայոց աշխարհ» կամ «Հայկական աշխարհ» ցանցապետություն կամ Հայկական ցանց):
Հայքի կազմակերպվածքը՝ նոր որակի Հայկական պետության, հնարավոր դեպքերում՝ նաև Հայկական ցանցի մյուս բաղադրիչների միջոցով.
հիմնվում և գործառում է հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության վրա,
հարգում է համամարդկային առաքինություններից բխող և նշված ներդաշնակ միասնությանն ու դրանց փոխադարձ զարգացմանը միտված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և ապահովում է դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը,
երաշխավորում է հայության և հայ մարդու, Հայաստանի բոլոր քաղաքացիների ու բնակիչների, ընտանիքի, համայնքների և էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու արժանապատիվ գոյությունը և ստեղծագործ զարգացումը,
ապահովում է մարդ–մարդ, մարդ–հասարակություն, մարդ–բնություն, մարդ-պետություն, հասարակություն–բնություն, հասարակություն–պետություն հարաբեր-ությունների ասպարեզում նոր` ավելի ներդաշնակ, համերաշխ և համագործակցային, որակի կենսակերպի, այդ թվում` հանրային համակեցության և քաղաքական ու սոցիալ–տնտեսական հարաբերությունների համակարգերի ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև հոգևոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած, մարդասեր, բնասեր ու հայրենասեր մարդու և քաղաքացու դաստիարակումը,
օժտված է լիարժեք ինքնիշխանությամբ,
հզոր է և մրցունակ,
ունի հայության շահերն արտահայտող ու նրա անօտարելի իրավունքների վերատիրացմանը միտված նպատակներ առաջադրելու և իրագործելու ու այդ նպատակներից բխող խնդիրներ լուծելու ունակ կառավարման համակարգ, որն ապահովում է մասնակցայնություն, հետադարձ կապ ու հաշվետվայնություն, ինչպես նաև ռազմավարական հարցերի լուծում` բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով,
գեներացնում է ազգային և համամարդկային ներդաշնակ զարգացմանը, տարածաշրջանային և համաշխարհային համագործակցությանը նպաստող նոր գաղափարներ ու ծրագրեր և նախաձեռնում է դրանց իրագործումը և/կամ մասնակցում է արդեն գոյություն ունեցող նմանաբնույթ գործընթացներին,
Հայաստանը դարձնում է համայն հայության Հայրենիք և ի շահ հայության ու յուրաքանչյուր հայ մարդու` իր առանցքի շուրջը ձևավորվող «Հայոց աշխարհ» ցանցային համակարգում առավելագույնս ներգրավում և դրա միջոցով արդյունավետ կերպով գործադրում է հայության ռեսուրսներն ու հնարավորությունները:
Իր առաքելությունը համակարգված և ծրագրված կերպով արդյունավետորեն իրականացնելու համար Հայք կազմակերպվածքը պետք է մշակի և ընդունի միասնական հայեցակարգային փաստաթուղթ, պայմանականորեն՝ Ազգային ռազմավարական հայեցակարգ:
Ազգային ռազմավարական հայեցակարգը համազգային և պետական քաղաքական–ծրագրային հիմնական փաստաթուղթն է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և արտաքին հարաբերությունների մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր–մշակութային առողջացմամբ ինքնակերպափոխվելու և մարդկությանը կերպափոխելու կարողականության գեներացման և արդյունավետ կերպով կիրառման ռազմավարության հիմնադրույթները:
Ազգային ռազմավարական հայեցակարգը պետք է արտահայտի իր իրականացման արժեհամակարգային ուղենիշը, գերակայությունները, նախադրյալները, նպատակները խնդիրները և սկզբունքները:
Ըստ այդմ՝
Ազգային ռազմավարական հայեցակարգի արժեհամակարգային ուղենիշը կազմում են ներդաշնակորեն համադրվող հավատի, սիրո, ճշմարտության, արժանապատվության, ազատության և արդարության համամարդկային առաքինությունները:
Ազգային ռազմավարական հայեցակարգը մշակվում է արժեհամակարգային ուղենիշին համապատասխան և իրականացվում է.
կենսագործունեության բոլոր ոլորտների համար միասնական` ներպետական, համազգային և արտաքին քաղաքականության շարակարգված պլանավորման և իրագործման միջոցով, որը Հայկական պետությունը մշակում է Հայրենիքում և արտերկրում գործող ազգային ու հասարակական կառույցների և առանձին անհատների ներգրավմամբ` հաշվի առնելով ոլորտային, տարածքային և այլ բնույթի առանձնահատկությունները,
ազգային–պետական շահերի գերակայության, ազգային ինքնության ու քաղաքակրթական ինքնատիպության պահպանման ու զարգացման պայմանով,
հենվելով առավելապես ազգային ներուժի վրա` անհրաժեշտաբար օգտագործելով նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների փորձն ու աջակցությունը,
ազգային շահերն արտահայտող նպատակների իրագործմամբ ու այդ նպատակներից բխող խնդիրների լուծմամբ,
ազգային ռազմավարական հայեցակարգի հիմնասյունների պահպանմամբ և պաշտպանությամբ (վերաբերող պարագաներում` նաև վերակերտմամբ և/կամ վերականգնմամբ և/կամ վերհանմամբ և/կամ զարգացմամբ և/կամ տարածմամբ), ինչպես նաև դրանց դեմ ուղղված սպառնալիքների պատեհաժամ բացահայտմամբ, կանխմամբ ու չեզոքացմամբ:
Ազգային ռազմավարական հայեցակարգի իրականացման հիմնական երաշխիքը հայության և Հայաստանի ներուժի առավելագույն համախմբումն ու արդյունավետ կիրառումն է:
Ազգային ռազմավարական հայեցակարգը ազգային շահերի իրացման ու նպատակների իրագործման համար պետական մարմիններից, հայաստանյան հանրությունից և համայն հայությունից պահանջում է համակարգված կառուցողական գործունեություն, համահայկական ներուժի համախմբման և փոխպայմանավորված գործադրման ազգային–պետական համադրում: Դրա իրականացման ձգձգումը կամ ձախողումը Հայկական պետության` ներքին և արտաքին բարդ ու վտանգներով լեցուն միջավայրում գտնվելու, ինչպես նաև հայության մեծ մասի` օտար պետություններում բնակվելու պայմաններում անմիջական սպառնալիք է պետականության և ազգի գոյության համար:
Ազգային ռազմավարական հայեցակարգի հիման վրա մշակում և ընդունում են դրա նպատակների ու խնդիրների իրականացման ծրագրային գործողությունները պարունակող ոլորտային ռազմավարություններ:
Ազգային ռազմավարական հայեցակարգը ենթակա է ճշգրտումների և վերանայման` ըստ ներպետական, ներազգային ու միջազգային իրադրության և հայության ռազմավարական գերակայությունների փոփոխման ու նպատակների իրագործման:
Ազգային ռազմավարական հայեցակարգի հիմնասյուններն (պահպանության և պաշտպանության (վերաբերող պարագաներում` նաև վերակերտման և/կամ վերականգնման և/կամ վերհանման և/կամ զարգացման և/կամ տարածման) ենթակա հիմնական արժեքներ) են.
Հոգևոր Հայաստանը (այսուհետև` նաև արժեքային միջուկ)` հայոց բնօրրան Հայկական բարձրավանդակում, ինչպես նաև երկրագնդի այլ վայրերում մարդկության քաղաքակրթության սաղմնավորման պահից մինչ օրս ստեղծված և ապագայում ստեղծվելիք հայոց հոգևոր–մշակութային համակարգը, որի հիմնական բաղադրիչներն են.
Հայկական ինքնությունը` հայոց գենային–էթնիկ ու հոգևոր–մշակութային հիմնական և համակարգաստեղծ առանձնահատկությունը, դրանց ինքնատիպությունը, կենսակերպի խորքային–արմատական քաղաքակրթական յուրահատկությունը:
Հայոց լեզուն` Հոգևոր Հայաստանի համակարգաստեղծ բաղադրիչն ու առանցքը և հայկական ինքնության ձևավորման, պահպանման ու զարգացման հիմնական գործոնը` գրաբարի և միջին հայերենի շերտերով և աշխարհաբարի արևելահայերեն ու արևմտահայերեն ճյուղերով:
Հայության և Հայաստանի հոգևոր–մշակութային հարստությունը` հոգևոր-մշակութային հիշողությունը, ժառանգությունը` պահպանված, հիշվող և հետագայում հայտնաբերվող հոգևոր և նյութական մշակույթի ստեղծագործությունները, նոր ստեղծվող հոգևոր–մշակութային արժեքները:
Մարդկության քաղաքակրթության ակունքից սերող և դրա ձևավորման ու զարգացման գործում զգալի ավանդ ունեցող հայության ու Հայաստանի քաղաքակրթական դերի (Հայության Արարատյան առաքելության) վերահաստատումը, նրանց ժառանգորդության գնահատումն ու ամրագրումը, համաշխարհային քաղաքակրթության գանձարանում հայկական մասնաբաժինը, այդու՝ իր Հայրենիք Հայկական բարձրավանդակին վերատիրանալու, ի հիմնական մասով այնտեղ վերաբնակվելու և այն հնարավորինս վերահայացնելու հայության իղձը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ հայության հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությամբ:
Հայ ազգը` Հոգևոր Հայաստանի (արժեքային միջուկի) գենային–էթնիկ և/կամ հոգևոր–մշակութային համակարգի հիմնարար բաղադրիչները տեսակորոշիչ չափաբաժնով կրող, դրա միջոցով ազգային և համաշխարհային հոգևոր-մշակութային, տնտեսական ու գիտատեխնիկական զարգացում ապահովող մարդկանց հանրությունը:
Հայ մարդը, Հայաստանի քաղաքացին ու բնակիչը` հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության պայմաններում ապրելու և արարելու իրենց իրավունքներով, հիմնարար ազատություններով ու պարտականություններով:
Արժեքային միջուկի հենքի վրա վերակերտվող ու արմատավորվող նոր որակի կենսակերպը` դրան համապատասխան հանրային համակեցությունը և սոցիալ–մշակութային հիմնական բաղադրիչները` հայկական համայնքը, ընտանիքը, մարդը և քաղաքացին:
Հայաստանում բնակվող այլ ազգերը և էթնիկ խմբերն ու դրանց առանձին ներկայացուցիչները` իրենց ազգային հոգևոր–մշակութային արժեքների, ինքնության և իրավունքների ու ազատությունների պահպանմամբ ու զարգացմամբ, իրենց աշխատանքով համամարդկային և հայկական հոգևոր-մշակութային արժեքները հարստացնող, տնտեսությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները զարգացնող, հայերի և միմյանց հետ ներդաշնակ համագոյակցությամբ ու համագործակցությամբ, իրենց էթնիկ պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը բերած նպաստով Հայաստանը հզորացնող հանրություններն ու անհատները:
Հայաստանի տարածքը` Հայաստանի նյութական կրողն ու հիմքը, Հայ ազգի ծննդի, գոյության, կենսագործունեության և զարգացման պարփակ ու ամբողջական հիմնական միջավայրը, Հայաստանի նյութատեխնիկական հարստության կրողը:
Հայաստանի տարածքում հայ ազգի իշխանությունը և նրա պետության ինքնիշխանությունը:
Հայության, նրա պետության և համահայկական ցանցապետության կենսունակությունը ու դրա հիմնական բաղադրիչները` ռազմավարական ինքնաբավությունը, ինքնուրույնությունը, տեսակակայունությունը, ինքնակատարելագործման ունակությունը, բավարար հզորությունը, մրցունակությունը:
Հայաստանի բնական միջավայրը` հայության և Հայաստանի մյուս բնակիչների հոգևոր ու ֆիզիկական առողջ կենսագործունեության ապահովման հիմնական նյութական միջավայրն ու գործոնը:
Հայաստանի և հայության` ազգային նպատակների իրագործմանն ու խնդիրների լուծմանը ծառայող և/կամ ծառայելուն ունակ հոգեմտավոր և գիտատեխնիկական ներուժն ու նյութատեխնիկական հարստությունը:
Ազգային նպատակներ առաջադրելու ու իրագործելու և դրանցից բխող խնդիրներ լուծելու ունակ պետական կառավարման համակարգը:
Նոր որակի հայկական պետության և համահայկական ցանցապետության տեղեկութային համակարգն ու տեղեկութային տիրույթը:
Ազգային ռազմավարական հայեցակարգի իրականացման հիմնական նախադրյալներն են՝
Հայության ազգային համախմբումն ու քաղաքական ինքնակազմակերպումը:
Ազատ ու ստեղծագործ հայ մարդու և Հայաստանի քաղաքացու և ազատ ու ստեղծագործ հայության գոյության ու գործունեության ապահովումը:
Մեկնարկ
«Հայք» նախագծի մեկնարկի համար անհրաժեշտ է.
Հասկանալ պատմության ընթացքն ու հեռանկարը (ուստի նաև՝ իրավիճակն ու զարգացումների օբյեկտիվ միտումները) և ըստ այդմ սահմանել քաղաքական գերակայությունները, առաջնահերթություններն ու նպատակները՝ ձգտելով հնարավորինս ճշգրիտ կերպով որոշել դրանց վրա ազդելու սահմանները և առայժմ անհաղթահարելի երևույթները:
Զուգահեռաբար՝ կայացնել «Հայք» նախագծի հղացման և իրագործման ունակ ազգային հոգեմտավոր կորիզային շերտ և դրա ջանքերով ստեղծել ներազգային և համամարդկային «թրթռացող համագործակցության» ցանցային միջավայրեր:
«Թրթռացող համագործակցությամբ» ազգային հոգեմտավոր կորիզային շերտի հղացած մեկնարկային արձանագրումներին և որոշումներին համապատասխան ձեռնամուխ լինել «Հայք» նախագծի իրագործմանը:
«Հայք» նախագծի իրագործման առաջին և համակարգաստեղծ քայլը պետք է լինի հայության համախումբ ներուժի գործադրմամբ և դաշնակցային ու գործընկերային ներուժի ներգրավմամբ Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում ներկայիս Հայաստանի Հանրապետության՝ որպես 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության շարունակություն ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ ազգային պետության վերականգնումը (ներառյալ՝ նրա տարածքային ամբողջականության վերականգնումը) և վերակերտումը:
Սա առաջին հերթին ենթադրում է ի կատարումն 1990 թ․ օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջների՝ ընդունել Անկախ պետականության հաստատման գործընթացի ամբողջացումն ազդարարող «Հայաստանի Հանրապետության վերականգնման մասին» հռչակագիր (այսուհետև՝ Հռչակագիր) և դրանով.
Հայաստանի Հանրապետությունը հռչակել որպես 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության շարունակություն,
իրավաքաղաքական գնահատական տալ Հայաստանի Հանրապետության ստեղծման, օկուպացիայի և անեքսիայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակի վերականգնման ամբողջ (1918 մայիսի 28-ից մինչ Հռչակագրի ընդունման պահը), ժամանակահատվածին և նախանշել Հայաստանի Հանրապետության վերականգնման հիմնական անցումային քայլերը (տես Հավելվածը):
Հավելված
«Հայաստանի Հանրապետության վերականգնման մասին»
հռչակագրի նպատակները և խնդիրները
Իրավաքաղաքական գնահատական
Ներկայացնել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության ստեղծման և կայացման պատմությունը՝ հիշատակելով Հայաստանի Հանրապետության և նրա տարածքի ու սահմանների ճանաչման վերաբերյալ միջազգային-իրավական ակտերը, առաջին հերթին՝ Ազգերի Լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույց-առաջարկը Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանի վերաբերյալ և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը Թուրքիայի հետ սահմանի վերաբերյալ:
Դատապարտել և առ ոչինչ հայտարարել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության դեմ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի 1920-21 թթ․ ագրեսիայի օկուպացիայի ու անեքսիայի արդյունքներն արձանագրած փաստաթղթերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը:
Նկարագրել քեմալաթուրքական (1920 թ․ դեկտեմբերի 2 – առ այսօր) և խորհրդառուսական (1920 թ․ դեկտեմբերի 2 – 1991 թ․ դեկտեմբերի 26) օկուպացիան և անեքսիան, դրանց համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը (Արցախ, Նախիջևան, Գարդմանք և այլն) Խորհրդային Ադրբեջանին հանձնումը, ինչպես նաև ԽՍՀՄ լուծարումից հետո այդ մասի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության տիտղոսի վերագրումը՝ հայտարարելով այս ամենին հանգեցրած ակտերի ու գործողությունների ապօրինի, անվավեր ու առ ոչինչ լինելը, ուստի նաև՝ նախնական վիճակի վերականգնման ու Հայաստանի Հանրապետությանը հասցված վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը:
Ապօրինի և առ ոչինչ հայտարարել Հայաստանի Հանրապետության տարածքի մեկ այլ մասի վրա ՀԽՍՀ ստեղծումը, նրա անունից, նրա վերաբերյալ և/կամ նրա տարածքն ու սահմանները Հայաստանի Հանրապետության տարածքի ու սահմանների ճանաչման հիմք համարող կամ որևէ ձևով դրան առնչվող բոլոր միջազգային պայմանագրերը և այլ փաստաթղթերը, ինչպես նաև ներպետական և այլ ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը:
Նկարագրել Հայաստանի Հանրապետության անկախության դե յուրե վերականգնումից հետո (1991 թ․ դեկտեմբերի 26 – մինչև Հռչակագրի ընդունման պահը) Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության դե ֆակտո կախյալությունը՝ որպես կիսագաղութային վիճակ:
Զուգահեռաբար՝ նկարագրել Արցախի զավթման և Հայաստանի Հանրապետության լուծարման ու հայկական գործոնի չեզոքացման նպատակով 2020 թ. սեպտեմբերի 27-ին առնվազն ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությամբ սկսված 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները, դրանց համատեքստում բնութագրել պատերազմին հաջորդած իրադարձությունները, ներառյալ՝ շփման գծի հատվածում տարբեր մասշտաբների ադրբեջանական հարձակումներն ու զավթումները, Արցախի ամբողջական զավթումն ու հայաթափումը և ապօրինի սահմանազատումն ու սահմանագծումը, այդ ամենի բերմամբ՝ Հայաստանի վերածումը Թուրքիայի գերակայությամբ ձևավորվող տարածաշրջանում Ադրբեջանի պրոտեկտորատի:
Ապօրինի և առ ոչինչ հայտարարել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և/կամ այլ օտարերկրյա պետության թելադրանքով և/կամ նրանց կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկած՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացրած ու պետությունը զավթած բոլոր վարչակազմերի ձեռամբ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո (1991 թ․ դեկտեմբերի 26 – մինչև Հռչակագրի ընդունման պահը) Հայաստանի Հանրապետության տիտղոսի, տարածքի և սահմանների վերաբերյալ կնքված բոլոր միջազգային պայմանագրերը և այլ փաստաթղթերը, ինչպես նաև կատարված գործողությունների արդյունքները, որոնք հակասում են 2, 3 և 4 կետերի բովանդակությանը:
Արձանագրել Ռուսաստանի, իսկ առնվազն 2020 թ. պատերազմից հետո՝ նաև առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ հայաստանյան վարչակազմերի ձեռամբ իշխանության յուրացումն ու պետության զավթումը, հանուն Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի և այդ վարչակազմերի շահերի պետության օգտագործումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի դեմ, ինչպես նաև հայտարարել 1918-20 թթ. ստեղծված և միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված և ներկայիս Հայաստանի Հանրապետության՝ որպես 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության շարունակության, իրավաքաղաքական հայեցակետին հակասող և ըստ համապատասխանության դատապարտման և(կամ) առ ոչինչ ճանաչման կամ չեղարկման ենթակա իրավական ակտեր կամ այլ փաստաթղթեր ընդունած և (կամ) գործողություններ կատարած պետությունների, կազմակերպությունների և անձանց պատասխանատվության և դրանցով Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության բնակչությանը և իրավաբանական ու ֆիզիկական անձանց հասցված վնասի վերականգնման հետապնդման մասին:
Հայաստանի Հանրապետության վերականգնման հիմնական անցումային քայլեր
Պետական կառավարման ազգային համակարգի կայացման համատեքստում
Կազմակերպել իրավաքաղաքական գնահատականից բխող համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն:
Իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ մշակել և ընդունել նոր Սահմանադրություն և դրանից բխող նոր Ընտրական օրենսգիրք ու Կուսակցությունների մասին նոր օրենք։
Կազմակերպել արտահերթ ընտրություններ։
Պետական կառավարման ազգային համակարգի գործունեության համատեքստում
Ընդունել Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության վերականգնմամբ մեկնարկող նոր որակի Հայկական պետության ձևավորման և զարգացման Ազգային ռազմավարական հայեցակարգ և, զուգահեռաբար՝ որպես այդ հայեցակարգի հրատապ միջոցառումներ՝ մինչ դրա ընդունումը․
ինքնիշխան քաղաքականությամբ, ներառյալ՝ իրական դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերելու միջոցով, հաղթահարել Ռուսաստանից արտաքին, անվտանգային-պաշտպանական և տնտեսական կիսագաղութային կախյալությունը և չեզոքացնել Հայաստանը Թուրքիայի տարածաշրջանային գերակայության համատեքստում Ադրբեջանի պրոտեկտորատի վերածելու միտումները (այդ թվում՝ առաջնահերթորեն դատապարտել և առ ոչինչ հայտարարել 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) և դրա հիման վրա և (կամ) դրանից բխող այլ փաստաթղթերը ու դրանց իրագործմամբ առաջացած հետևանքները,
այս հիմքերով և համատեքստում՝
դադարեցնել Հայաստանի Հանրապետության անդամությունը ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերանայել Հայաստանի Հանրապետության կարգավիճակը և պարտավորությունները այլ միջազգային կազմակերպություններում և միջազգային հարաբերություններում,
միջազգային իրավունքի հիման վրա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման օրակարգով, ինչը ներառում է նաև Արցախի ապազավթում և վերադարձ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո,
ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետությունը համայն հայության Հայրենիքի վերածելու գործին՝ առաջնահերթորեն մեծ հայրենադարձության և պետության կյանքում բոլոր հայերի համընդգրկուն ակտիվ ներառականության միջոցով, այդ թվում՝ առանց երկքաղաքացիության կամ մշտական բնակության հանգամանքներով պայմանավորված ակտիվ և պասիվ ընտրական իրավունքի սահմանափակման:
համազգային ջանքերի գործադրմամբ և դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես միանգամայն նոր՝ ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ համապարփակ անվտանգության «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը,
դուրս գալ փակուղայնության ու հետընթացի ինքնահոսին հանձնվածի ներկայիս վիճակից և Հնդեվրոպական Հյուսիս-Հարավ միջանցքի վրա 4-րդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում երկրի արդյունաբերականացմամբ և տնտեսատեխնոլոգիական հանգույցի վերածմամբ Հայաստանը հասցնել թռիչքային զարգացման վիճակի,
քայլեր ձեռնարկել Նախիջևանի ապառազմականացման, նրա տարածքում միջազգային վերահսկողության հաստատման և նրա հաղորդակցային ենթակառուցվածքները Հարավ-Հյուսիս միջանցքի համակարգի մաս դարձնելու համար,
թեթևացնել ժողովրդի սոցիալական հոգսերը և դյուրացնել բիզնեսը (վարկեր, հարկեր, տույժ ու տուգանքներ, կոմունալ և տարատեսակ այլ վճարումներ, կրթություն, առողջապահություն, արդար ու ազատ մրցակցություն և այլն)։