ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայաստանը Ռուսաստանի ծանր մամլիչի տակ է, ինչի ճնշումն առայժմ միայն ուժգնանում և ահագնանում է: Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանն իր բոլոր անհաջողությունների համար որպես քավության նոխազ ընտրել է հենց Հայաստանին ու նրան նվաստացնելու, ենթարկեցնելու միջոցով ցանկանում է գոնե այդտեղ ցուցադրել իր գերակա դիրքը և որոշ առումով փարատել աշխարհաքաղաքան իր շարունակական նահանջի իրողությունը: Նման գործելաոճը նրան չէր հաջողվի եթե իհարկե Հայաստանում չլիներ անտեղյակ ու կաղապարված ռուսասեր հայերի բավականին հոծ զանգված:

Ռուսաստանը գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, ինչը գնալով միայն խորանալու ու տարածվելու է, ի վերջո փոքրացնելու է նրա ազդեցության արեալը, եթե իհարկե չասենք ավելին’ տարածքների կորուստների առումով: Այլ կերպ պարզապես անհնար է, ու դրա գլխավոր պատճառն այն է, որ Ռուսաստանը դեգերումների մեջ է, փորձում է իրեն պահպանել, բայց չունի դրա համար անհրաժեշտ միջոցներ, չունի գաղափարախոսություն և փոխառության ենթակա արժեքներ, դեռևս գնում է իներցիայով երբեմնի իր հզորության շնորհիվ, սակայն ժամանակները փոխվել են, աշխարհն առաջ է գնացել, թողնելով նրան անցյալում: Ի վերջո պետք է փաստել, որ բոլոր կայսրությունները կործանվել են ոչ մեկ օրում, դա եղել է երկարատև պրոցես ու Ռուսաստանը թե 30 տարի առաջ, թե այժմ այդ ճանապարհին է: Դա է պատճառը նաև, որ Մոսկվան ստիպված ընդունեց Անկարայի պահանջը իր հետ կիսելու Այսրկովկասը, քանի որ բավարար ռեսուրս չուներ ընդդիմանալու աշխարհաքաղաքական տեսակետից երկրորդական, երրորդական կշիռ ունեցող Թուրքիայի նման երկրին: Կարճաժամկետ տեսանկյունից Ռուսաստանի ու Թուրքիայի գոյություն ունեցող մեղրամիսը թվում է հզոր և կայուն, սակայն այն շուտով փլուզվելու է և նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է մինիմալ կորուստներով դուրս գալ իրենց համատեղ ձևավորված ավանտյուրիստական թակարդից:

Մեր խնդիրն է դիմագրավել նրանց, տուրք չտալ պարտվողականությանը, այդ երկու պետությունների համատեղ գործունեությունից մեզ ոչինչ չտվող հեռանկարից ազատագրվել ու դա մենք կանենք մեր կամքով և աշխարհի առաջադեմ կենտրոնների գործուն օժանդակությամբ:

Արթուր Այվազյան
11 փետրվար 2021 թ.