“Իրավունք” պարբերականը միտումնավոր կերպով կեղծ տեղեկություն է տարածում Ազգային-ժողովրդավարական բեւեռի այսօրվա հանրահավաքում հնչած Ժիրայր Սեֆիլյանի ելույթի վերաբերյալ։
Հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը պատմել է, որ ԱՄՆ-ում Բեւեռի աջակիցներից մեկը ռուպորով (բարձրախոսով) մտել է սրճարաններ եւ իրազեկել է հաճախորդներին Հայաստանի աղետալի վիճակի եւ պայքարին միանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Սեֆիլյանը նաեւ ասել է, որ Հայաստանում եւս ճիշտ կլինի այդ եղանակով սթափեցնել եւ իրազեկել մարդկանց։
Մինչդեռ “Իրավունք” պարբերականը կեղծ լուր է հրապարակել “Սեֆիլյանն առաջարկում է ռումբերով մտնել սրճարաններ եւ ռեստորաններ եւ ժողովրդին ոտքի հանել” վերնագրով։
Ակնհայտ է, որ “Իրավունք” պարբերականի լրագրողները լսողության արատ չունեն, ուստի դիտավորյալ կերպով են “ռուպորով” բառի փոխարեն օգտագործել “ռումբերով” բառը` հատուկ նպատակ ունենալով թյուր կարծիք ձեւավորելու Ազգային-ժողովրդավարական բեւեռի նկատմամբ։
Դատապարտում ենք “Իրավունք”-ի կողմից տեղեկատվության ազատության չարաշահումը եւ լրագրողական էթիկայի ակնհայտ ու կոպիտ խախտումը եւ պահանջում ենք ներողություն խնդրել ու հերքել Ազգային-ժողովրդավարական բեւեռի նկատմամբ տարածած կեղծիքը։
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ
30 հոկտեմբերի 2021 թ., Երեւան