ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Երբ խոսում ենք ԱՄՆ-ի և, առհասարակ՝ Արևմուտքի հետ դաշինք կազմելու միջոցով ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս գալու մասին, արտաքուստ տրամաբանական թվացող հակափաստարկումներ պարունակող մի շարք հարցեր ենք լսում։ Այդպիսիք են, օրինակ՝

1) Բայց չէ՞ որ Թուրքիան ԱՄՆ-ի և Արևմուտքի դաշնակիցն է։

2) Արդյո՞ք ԱՄՆ-ն և Արևմուտքը կուզենան դաշնակցել մեզ հետ։

3) Արդյո՞ք նրանք մեզ համար այնքան լավ դաշնակից կդառնան, որ մեզ մենակ չեն թողնելու Ռուսաստանին և Թուրքիային դեմ հանդիման, որոնք էլ, բարկացած լինելով մեզ վրա, չեն հոշոտելու մեզ։

ԱԺԲ-ի իմ քաղաքական գործընկերները, ինչպես նաև ես, բազմիցս տվել ենք այս հարցերի պատասխանները։Այս գրառման մեջ չեմ ուզում մեկ անգամ ևս կրկնել դրանք։

Կփորձեմ մեկ այլ՝ ավելի ընդհանրական, մոտեցմամբ բանալիական պատասխան տալ, որը կիրառելի կլինի ոչ միայն այս, այլև խնդրին վերաբերվող մնացած բոլոր հարցերի պարագայում։Խոսքիս ներածականում ոչ պատահաբար  օգտագործել եմ “արտաքուստ տրամաբանական թվացող հակափաստարկումներ պարունակող հարցեր” ձևակերպումը։

Այո, այդ հակափաստարկումներն իրականում տրամաբանական չեն, քանի որ հակասում են բնության, ուստի նաև՝ կառավարման, տրամաբանությանն ու օրենքներին։ Պետությունները և, առավել ևս՝ ուժային կենտրոնները, բարդ և բազմապիսի համակարգեր են։ ԱՄՆ-ն և Արևմուտքը աշխարհում գոյություն ունեցող ամենաբարդ և ամենաբազմապիսի համակարգերն են։ Ռուսաստանը և Թուրքիան նրանց համեմատությամբ որոշ առումներով նույնիսկ ծիծաղելիության աստիճանի պարզունակ են։

Ուստի ԱՄՆ-ի և Արևմուտքի համակարգերը կարող են ոչ միայն գերակա ու թելադրող դիրքերից հարաբերվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ, այլև նրանց ներառել իրենց համակարգերի ազդեցության տիրույթներում և ըստ էության արտաքին կառավարման ենթարկել։ Ռուսաստանի մասով որոշ խնդրահարույց, բայց հաղթահարելի գործոններ են ԽՍՀՄ-ից ժառանգած նրա մնացորդները.

1) անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության մշտական խորհրդին,

2) ծանրակշիռ միջուկային զինանոցը,

3) աշխարհաքաղաքական ազդեցության համաշխարհային մակարդակ ապահովող դեռևս պահպանված տարածքները՝ Հայաստանը և Բելառուսը։

Այս երեք գործոններից որևէ մեկի կորուստը հանգեցնելու է մյուս երկուսի անպիտանիացման։

Ակնհայտ է, որ Ռուսաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամությունից կամ միջուկային զինանոցից զրկելը շատ ավելի բարդ և ջանքատար է, քան Բելառուսը և Հայաստանը նրա ազդեցության տակից հանելը։ Եթե ուշադիր լինենք, ապա Բելառուսը Ռուսաստանից պոկելու գործընթացն սկսվել է, իսկ Հայաստանը Ռուսաստանին կապող պորտալարը կտրելու գործը ձգձգվում է հիմնականում հայկական բավարար ինքնիշխան կամքի բացակայության պատճառով։ Եվ դրա արմատներից մեկն էլ այն է, որ հայ հանրության շրջանում դեռևս շատ են տարածված վերը դիտարկվող անտրամաբանական հարցերը։

Թուրքիայի մասով, բնականաբար, ԱՄՆ-ի և Արևմուտքի տեսակետից օբյեկտիվորեն անցանկալի է նրա անկառավարելի հզորացումն ու ազդեցության ծավալումը։ Թուրքիան անհրաժեշտ է ընդամենը որպես Ռուսաստանի կառավարելի թուլացման գործընթացը վերահսկելու հակակշիռ-գործոն, ոչ ավելին։ Երբ Ռուսաստանը, կորցնելով Բելառուսն ու Հայաստանը, դառնա ընդամենը տարածաշրջանային, այն էլ՝ հետզհետե մարող, ուժ, Թուրքիայի այդ գործառույթը կմասնավորեցվի միան Կենտրոնական Ասիայում՝ ընդդեմ Չինաստանի։Ասվածից բխում է, որ Հայաստանն իսկապես պետք է ԱՄՆ-ին և Արևմուտքին որպես դաշնակից և, որ նրանք շահագրգռված են լինելու Հայաստանի անվտանգությամբ։

Գնդակը մեր դաշտում է, մե՛նք պետք է քայլ անենք դեպի ռուս-թուրքական փակուղու ելք և դեպի ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ դաշնակցություն։Հակառակ պարագայում մեր նկատմամբ ևս կգործեն բնության օրենքները։ Ինչպես եղել է նախկինում և է ներկայումս։

Հ.Գ.
Խնդրում եմ մեկնաբանությունները չծանրաբեռնել Ռուսաստանին դեռևս ԽՍՀՄ հզորության չափով ազդեցիկ պատկերացնելու և ԽՍՀՄ-ի պարտությամբ ավարտված Սառը պատերազմի “տրամաբանությունից” բխող տարատեսակ հակափաստարկումներով։