ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԴԻՄՈՒՄ ՀՀ ԳՈՐԾՈՂ ԿՈՒՍԱԿՑՈւԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վարուժան Ավետիսյանը դեռևս 2014 թվականից տառապում է խիստ վտանգավոր համախտանիշով (հեմոլիտիկ-ուռեմիկ համախտանիշ), որին բնորոշ է ալիքաձև ընթացք՝ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ պարբերաբար սրացումներով։

Սրացումները ունենում են հստակ նախանշաններ՝ մկանային մանր ալիքաձև դողի տեսքով և զարգանում են շատ անսպասելի ու արագ՝ առաջացնելով երիկամային սուր անբավարարության պատկեր։

Միայն վերջին երկու տարվա ընթացքում պարոն Ավետիսյանը ունեցել է երկու նման սրացում, որոնց ժամանակ նրա կյանքը բարեբախտաբար հաջողվել է փրկել Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում կատարված անհրաժեշտ բուժման (ներառյալ դիալիզը) շնորհիվ։

Հայաստանի պայմաններում կատարված բոլոր հնարավոր տեսակի հետազոտությունները, ցավոք սրտի, հիվանդության հստակ հարուցիչը այդպես էլ հայտնաբերել չեն կարողացել, ինչի պատճառով Վարուժան Ավետիսյանի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՆՀՆԱՐ:

Հաշվի առնելով այն, որ Վարուժան Ավետիսյանի մոտ հենց այս օրերին առկա են հիվանդության նույն նախանշաններրը և հետևաբար ցանկացած պահին կարող է զարգանալ կյանքին վտանգ սպառնացող հերթական սրացումը, անհրաժեշտ է նրան հնարավորինս շուտ տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական բժշկական կենտրոն։

ՆՐԱ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԲԱՆՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ և վերահաս սրացման կանխարգելման կամ բուժման նպատակով պահանջում է պատշաճ բժշկական հետազոտություն եւ հսկողություն:

Դիմում ենք ՀՀ գործող քաղաքական կուսակցություններին, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձայնը բարձրացնեն եւ դիրքորոշումը արտահայտեն ՀՀ քաղաքացի Վարուժան Ավտիսյանի կյանքին սպառնացող վտանգը կանխարգելելու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, 17 նոյեմբերի, 2022թ