ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀՀ Գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին

Ապստամբ քաղբանտարկյալ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանից

ԴԻՄՈՒՄ – ԲՈՂՈՔ

Հարգելի՛ տիկին Վարդապետյան

Վարուժան Ավետիսյանը 2022 թ. մայիսի 28-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողկան հիմնարկում (որպես դատապարտյալ)։

Դեռևս դատաքննության փուլից սկսած մշտապես բոլոր պետական մակարդակներում, ներառյալ՝ ՀՀ Դատախազությունում, բարձրացրել ենք պարոն Ավետիսյանի առողջության խնդիրների հետ կապված մեր մտահոգությունները։

Ավելին՝ մի քանի անգամ դիմել ենք անձամբ ՀՀ գլխավոր դատախազին, որոնցից վերջինը 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Որևէ անգամ արդարացի և օրինական լուծում կամ պատասխան չենք ստացել, ինչով հաստատել է, որ Վարուժան Ավետիսյանը հետապնդվում է քաղաքական պատվերի ու գաղութատիրոջ ուղղակի հրահանգով ու շինծու մեղադրանքներով։

Հաշվի առնելով պարոն Ավետիսյանի կարգավիճակը, ակնհայտ է, որ պետությունը բացառիկ պատասխանատվություն է կրում նրա առողջական վիճակի պահպանման համար։ Պետությունն իր այդ պոզիտիվ պարտավորության կատարումից ամենևին չի ազատվում նաև այն դեպքում, եթե հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ավետիսյանի կողմից գաղափարական հենքով պայմանավորված բողոքներ կամ գանգատներ չներկայացվեն։

Տեղեկություն ենք ստացել, որ վերջին օրերին վատացել է Վ. Ավետիսյանի առողջական վիճակը, և առկա են այն վտանգավոր ախտանշանները, որոնք Ավետիսյանի համար նախկինում մի քանի անգամ հանգեցրել են ծանր հետևանքի, ինչը հնարավոր է կանխել հրատապ կարգով անհրաժեշտ բժշկական միջամտության դեպքում։

Պարոն Ավետիսյանի փաստաբանները կամ մերձավոր ազգականներից ոչ ոք չի կարող նրան տեսակցել և պարզել նրա առողջական վիճակը այն պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը դատապարտված անձանց տեսակցություն, ներառյալ՝ փաստաբանի հետ, նախատեսում է բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, և ըստ այդմ՝ դիմել բուժօգնություն ստանալու պահանջով։

Արդեն դիմել ենք ՀՀ ՄԻՊ-ին և Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին, սակայն նրանց ժամեր տևող լռությունը մեզ հուշում է, որ նրանց համար հանգստյան օրերին «հանգստանում են» նաև մարդու իրավունքների պաշտպանության գործառույթները։

Հաշվի առնելով որ դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող սահմանադրական կառույցն է, Ձեզ ներկայացնելով սույն Դիմում-բողոքը խնդրում եմ հանձնարարել հրատապ կարգով միջոցներ ձեռնարկել ապահովելու Վարուժան Ավետիսյանի իրավունքները, ներառյալ՝ առողջության պահպանման իրավունքը։

Դիմող՝

Ա. Պապիկյան

Վարուժան Ավետիսյանի փաստաբան