Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետևանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է և ունակ չէ ձևավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձևաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ,
մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բևեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:
Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետևյալ ճանապարհը՝ հնարավորինս համախմբել ազգային-ժողովրդավարական ներուժը, ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը գործող իշխանության անխուսափելի անկման պահից կստանձնի պետության կառավարումը և անցումային ծրագրի իրականացմամբ կապահովի ճգնաժամի հաղթահարումը (խմբ. 08.29.2020):
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա և պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետևյալ համակարգային միջոցառումները և փոփոխությունները․
- առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
- անցյալի իրավաքաղաքական գնահատական,
- իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, ինչպես նաև որպես հետևանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության և դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
- իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում և ընդունում,
- նոր Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակում և ընդունում և դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում (խմբ. 08.29.2020):
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաև արտահերթ ընտրություններով ձևավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բևեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին:
15 մայիս 2020 թ., Երևան
Ազատ Օրդուխանյան – Պատմաբան, ԳՖՀ
Ալբերտ Բաղդասարյան – քաղաքական գործիչ, տնտեսական կիբեռնետիկ, Երևան
Արա Պապյան – քաղաքագետ, ատակարգ և լիազոր դեսպան, Երևան
Արկադի Վարդանյան – քաղաքագետ, Երևան
Արմենակ Կյուրեղյան – ինժեներ սիստեմատեխնիկ, Երևան
Գագիկ Ավագյան – արվեստագետ, Կանադա
Գարեգին Չուգասզյան – քաղաքական գործիչ, համակարգային վերլուծաբան, Երևան
Գարիկ Խաչատրյան – հասարակական գործիչ, բիզնեսի կառավարում, Բելգիա
Դավիթ Դավթյան – գործարար, ԱՄՆ
Դավիթ Գյուլզադյան – լեզվաբան, Երևան
Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան, Երևան
Էմիլ Աբրահամյան – հասարակական գործիչ, նկարիչ, Երևան
Ժիրայր Սէֆիլյան – քաղաքական գործիչ, պահեստազորի փոխգնդապետ, Երևան
Կարեն Բալայան – ռադիոինժեներ, Երևան
Կարո Եղնուկյան – քաղաքական գործիչ, Իրավաբան, Երևան
Հայկ Մարտիրոսյան – քաղաքագետ , ԱՄՆ
Հարություն Կարապետյան – ֆիզիկոս, Երևան
Մուշեղ Շուշանյան – փաստաբան, Երևան
Նարինե Դիլբարյան – Քաղաքական գործիչ, լեզվաբան, Երևան
Շանթ Ոսկերչյան – հասարակական գործիչ, ֆինանսիստ, Ֆրանսիա
Վահան Արծրունի – Երաժիշտ, երգահան, Երևան
Վարդան Հակոբյան – Դիրիժոր, ԱՄՆՎարդան Հայկազյան – երկրագետ, Երևան
Վարուժան Ավետիսյան – քաղաքական գործիչ, պահեստազորի գնդապետ, Երևան
Վոլոդյա Ավետիսյան – հասարակական գործիչ, պահեստազորի գնդապետ, Վաղարշապատ
Տիգրան Խզմալյան – քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, Երևան