ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԺԲ-ն գաղափար է, մեր ընթացքը՝ անկասելի

Ի հեճուկս Հայաստանը քաոսի տանող արտաքին ուժերի և նրանց սպասարկող ներքին շրջանակների, Ազգային-ժողովրդավարական բևեռին հաջողվում է օրեցօր համախմբել ժողովրդին ինքնիշխան և կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու գաղափարի շուրջ՝ դառնալով երկրում կայունության ապահովման թիվ մեկ քաղաքական գործոն։

Ազգային-ժողովրդավարական բևեռի Հռչակագրում ներկայացված՝ առողջ ուժերի հնարավորինս լայն վերկուսակցական ներառականությամբ հակաճգնաժամային անցումային կառավարման միջոցով երկիրը խորը համակարգային ճգնաժամից հանելու ծրագիրը շարունակում է մնալ որպես անխուսափելի լուծում Հայաստանի և նրա հասարակության համար։

Հաշվի առնելով, որ առկա ճգնաժամը հիմնականում հետևանք է Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալության, դրա հաղթահարման համար կենսականորեն անհրաժեշտ ենք համարում Հայաստանի ապագաղութացումը և, զուգահեռաբար՝ նրա անվտանգության ապահովումը և քաղաքակիրթ աշխարհին ինտեգրումը, ինչն առաջնահերթորեն հնարավոր ենք համարում ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու և Եվրոպական Միության ու Եվրոպական այլ կառույցների հետ համակողմանի և խորը համագործակցության միջոցով։  

Վերահաստատում ենք մեր հավատարմությունը ինքնիշխան և կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու նպատակին և դրա իրագործմանը հասնելու ժողովրդավարականության ու սահմանադրականության  սկզբունքներին։  

Ասվածի համատեքստում արձանագրում ենք, որ նախաձեռնված ընտրական գործընթացը ոչ միայն չի լուծելու առաջացած համակարգային հիմնախնդիրները, այլև էլ ավելի է խորացնելու դրանք։

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ անսասան մնալու դրսից և ներսից հրահրվող սադրանքների, քաղաքական առևտրի առաջարկությունների, տարատեսակ տեղեկութային և այլ հարվածների նկատմամբ։Ազգային-ժողովրդավակական բևեռը գաղափարի շուրջ միավորում է։ Բևեռական գործիչները և քաղաքական շրջանակներն այնքանով են կենսունակ և արժանավոր, որքանով նախանձախնդիր են այդ գաղափարի նկատմամբ։

Համոզված ենք, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի մասնակիցները, աջակիցներն ու համակիրները այսուհետ ևս հաստատակամորեն կմնան և կգործեն գաղափարականության, արժեքների և սկզբունքայնության տիրույթում։

Բոլորին կոչ ենք անում լինել համախմբված և մայիսի 14-ի մեր հերթական հանրահավաքին հոծ մասնակցությամբ շարունակել պայքարը հանուն մեր երազած Հայաստանի։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
9 մայիսի 2021 թ., Երևան