ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարությունը՝ Ֆրանսիայի Հանրապետության մի շարք կուսակցությունների առաջնորդների համատեղ բաց նամակի (27.12.2022, Le Monde) վերաբերյալ

Ֆրանսիայի Հանրապետության տարբեր կուսակցությունների առաջնորդներ և ազդեցիկ քաղաքական գործիչներ «Էմանուել Մակրոնը պետք է ամեն հնարավորն անի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» վերտառությամբ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող «լը Մոնդ» («Le Monde») օրաթերթում (27 դեկտեմբերի, 2022թ․)՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի գործուն միջամտությունը ի պաշտպանություն հայերի և Հայաստանի անվտագության ապահովման։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության, նրա նախագահի, նրա խորհրդարանի պալատների և քաղաքական, գիտական և մշակութային շրջանակների շարունակական ու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորման, կենսական շահերի պահպանման և առկա հիմնախնդիրների արդար ու օրինակարգ լուծման ուղղությամբ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է նաև Հայաստանին, ներառյալ Արցախին, տնտեսական և այլ կարգի աջակցություն ցուցաբերելու, Արցախում Ֆրանսիայի ներկայությունն ապահովելու և Ստեփանակերտի օդակայանը գործարկելու նամակի մասնակիցների կոչը։

Միանգամայն հիմնավոր ենք համարում ադրբեջանական հանրապետության և նրա ղեկավարության դատապարտումը միջազգային իրավունքի կոպիտ և բացահայտ խախտումների համար։

Հույս ենք հայտնում, որ այս և նման դատապարտումներին կհաջորդեն ավելի հասցեական և ազդեցիկ քաղաքական, տնտեսական և այլ կարգի պատժամիջոցներ։

Հույս ենք հայտնում նաև, որ Ֆրանսիան նման նախաձեռնությամբ հանդես կգա Եվոպական Միության երկրների և Միանցյալ Նահանգների իր գործընկերների մոտ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ ներկա զարգացումներն ուղղակի հետևանք են Հայաստանի իշխանությունների վարած ապիկար, կրեմլահպատակ ու ապազգային քաղաքականության։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեր երկրի այլ իրական դաշնակիցների օգնության մեկնած ձեռքը սեղմելու համար Հայաստանում հարկավոր է օր առաջ ձևավորել Ազգային անցումային կառավարություն։

Իշխանափոխությունը այլևս Հայաստանի ինքնիշխանություն, Արցախի փրկության հրամայականն է։

Արևմտյան մեր գործընկերներին կոչ ենք անում իրենց հետագա քայլերում ելնել այն ակնհայտ իրողությունից, որ Հայաստանը, լինելով օկուպացված երկիր և ունենալով կոլաբորանտ իշխանություն, գտնվում է կործանման եզրին և միայն Ազգային կառավարության դեպքում է, որ հնարավոր է խուսափել նման վախճանից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը համոզված է, որ ռուսական, այսպես կոչված, խաղաղապահները չեն կատարում իրենց հանձնառությունները, ուստի հրատապ է միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը։

Այս առումով ողջունում ենք նամակագիրների կոչը Ֆրանսիայի նախագահին՝ հայցով դիմելու Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով։

Միևնույն ժամանակ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից դադարել մնալ դիտորդի դերում և ամեն ջանք գործադրել առկա լրջագույն խնդիրները Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի իրավասությունների շրջանակում քննության առարկա դարձնելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

29 դեկտեմբերի, 2022թ, Երևան