ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ-ԵՐԹ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԴԱՇՆԱԿՑԻ» ՍՊԱՌՆԱԼԻՔ-ԹԵԼԱԴՐԱՆՔՆԵՐԻ

Վերջին օրերին նկատելիորեն հաճախացել են Բերձորի միջանցքը եւ Արցախը շուրջ 65 օր փակի տակ պահող «դաշնակցի» բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հնչող ակնհայտ սպառնալիք-թելադրանքները Հայաստանի հանրապետության եւ իր ժողովրդի նկատմամբ` կապված եւրոպական դիտորդների մոտալուտ ժամանման հետ:

Համաշխարհային հանրության կողմից ահաբեկիչ հայտարարված ռեժիմի տարբեր տրամաչափի քաղաքական ներկայացուցիչների այս վայրահաչոցները վկայում են տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության մեջ մոտակա ապագայում սպասվող շրջադարձային իրադարձությունների մասին:

Այդ իմաստով դիտորդների եւ հատկապես ֆրանսիական ժանդարմների մուտքը ունի խորհրդանշական, սակայն հեռագնա նշանակություն:

Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների որակը վկայում է, որ նրանք գործում են հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց պես։

Ակնհայտ է, որ ուկրաինական ծուղակում հայտված «հյուսիսային արջը» ի վիճակի չլինելով կանգնեցնել իր ռեժիմի մոտալուտ վախճանը եւ Հարավային Կովկասից անխուսափելի հեռանալը՝ փորձում է մի վերջին ճիգով ազդել Հայաստանում հանրային տրամադրությունների անվերադարձ փոփոխության վրա, սակայն արդյունքում ստանում է ճիշտ հակառակ արդյունք:

Դիվանագիտության մեջ նման սպառնալից հայտարարություններից հետո դեսպանը կանչվում է Արտաքին գործերի նախարարություն եւ բողոքի նոտա է հանձնվում:

Սակայն ակնկալել, որ Հայաստանի ներկայիս «անողնաշարավոր» իշխանությունը պատշաճ կարձագանքի այս հայտարարություններին եւ նման վարք կդրսեւորի, միամտություն կլիներ:

Գիտակցելով վերոնշյալը եւ նկատի ունենալով, որ փետրվարի 24-ին լրանում է ուկրաինական ներխուժման մեկ տարին՝ կոչ ենք անում մեր քաղաքացիներին միանալ Ազատության հրապարակում տեղի ունենալիք Ազգային-ժողովրդավարական Բևեռի կազմակերպած արժանապատվության հավաք-երթին:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
14.02.2023թ, Երևան