
1921 թվականի փետրվարյան ապստամբությունը տեղի ունեցավ ոչ թե ուժի, այլ սպառվածության պահին։
Հայ ժողովուրդը արդեն անցել էր ցեղասպանության միջով, տարիներ շարունակ կռվել էր թուրքական և ռուսական ճնշումների դեմ, կորցրել էր իր հնարավորությունների մեծ մասը և հոգնել էր։
Այդ իրավիճակում շատ ազգեր կընտրեին հաշտվելը։
Հայերս՝ ոչ։
Փետրվարյան ապստամբությունը չէր խոստանում հաղթանակ, չէր երաշխավորում ապագա, չէր ապահովում անվտանգություն։ Այն ուներ մեկ պարզ իմաստ․ մարդը, նույնիսկ երբ կարիքից ծնկի է եկել, միշտ պահպանում է իրավունք և հնարավորություն ասելու «բավական է»։
Այդ «բավականը» փրկեց հազարավոր կյանքեր։
Մոտ տասը հազար փրկվածները, որոնք կովկասահայության մտավորական ու մասնագիտական սերուցքն էին, որոնց թվում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, գրող և դրամատուրգ Լևոն Շանթը, մանկավարժ և մտածող Նիկոլ Աղբալյանը, Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը` անցան Պարսկաստան։ Երբ ռազմական կոմունիզմի փուլն ավարտվեց և բոլշևիզմի բիրտ թափը մեղմացավ, նրանցից շուրջ ութ հազարը վերադարձան խորհրդային Հայաստան, սակայն անկախ նրանից՝ վերադարձան թե մնացին արտերկրում, բոլորն էլ դարձան հայ ազգային կյանքի վերականգնման կազմակերպիչները՝ որոշները՝ խորհրդային Հայաստանում, մյուսները՝ սփյուռքի բազմաթիվ անկյուններում։
Նշենք նաև, որ Փետրվարյան ապստամբությունը և Լեռնահայաստանում Նժդեհի պայքարը փրկեցին Սյունիքը կորստից ու Հայաստանի համար ապահովեցին խորհրդային հանրապետության կարգավիճակ, որը 70 տարի հետո հնարավորություն պիտի տար միջազգային իրավունքի նոր կարգավիճակ ստանալու։
Այդ օրերին Հայաստանը կարծես պահեց իր վերջին մնացած լույսը՝ պարզապես չթողնելով, որ այն մարի։
Ապստամբությունն ինքնին չէր փոխում պատմությունը։ Այն հիշեցնում էր մի բան․ հայը նույնիսկ պարտված ժամանակ չի լինի ավարտված ժողովուրդ։
Այդ պատճառով է կարևոր հիշել 1921-ի փետրվարը։ Ինչպիսի ծանրագույն պարտության էլ մատնված լինենք այսօր, արժանապատվությունը նսեմացնող ինչպիսի դրսևորումների ականատես չլինենք, հայ ժողովրդի ոչնչացումը ծրագրած արտաքին ուժերը և դա սպասարկող կոլաբորացիոն ռեժիմը իրենց ծրագրերն ավարտին հասցնել չեն կարողանալու։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
18.02.2026թ, Երևան