
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ
Պատերազմական բազմաթիվ հանցագործություններով և 2023թ-ի Արցախի էթնիկ զտման արդյունքում հաստատված այսօրվա կեղծ խաղաղության հիմքով հայ ժողովրդին ադրբեջանական ապրանքներ սպառել ստիպելը
հայ ժողովրդի հոգեբանական զգոնությունը բթացնելու եւ ազգային արժանապատվությունը ոտնահարելու գործողություն է։
Թուրքերին ծառայող երևանյան վարչակազմի ձեռամբ իրականացվող այս հրեշավոր քայլը այն նույն շղթայի մաս է, ինչ եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումը և միտված է ջնջելու հայությունը որպես պետական, հոգևոր ամբողջություն։
Հայաստանում ժողովրդի իշխանությունը զավթած կոլաբորացիոն կառավարության կողմից ադրբեջանական բենզինի գնման կազմակերպումը և դրա շարունակական ներմուծման համար տրանսպորտային երթուղիների գլխապատառ փնտրտուքը կարճաժամկետ հեռանկարում նպատակ ունի ապահովել Ալիևի ենթակա դարձած Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը՝ խաղաղության և տնտեսական համագործակցության պատրանքների բեմականացմամբ։
Այս «օպերացիան» ադրբեջանա-թուրքական տանդեմի համար միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կլանելու քաղաքականության մաս է, ինչի արդյունքում բնականաբար ոչ մեկը չի նպատակադրել Հայաստանը հանել շրջափակումից և տնտեսապես հզորացնել։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը շարունակելու է Հայաստանում և արտերկրում դիմադրել Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն կառավարության հակահայկական քայլերին։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
22 դեկտեմբեր, 2025 թ. Երևան