ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ալիև–Թրամփ–Փաշինյան եռակողմ հանդիպման, դրա ընթացքում կայացված որոշումների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես և հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման օգտին։
Այս ընտրությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական շահերով, այլև քաղաքակրթական ու արժեքային համակարգի համադրմամբ։ Նման որակի և խորության փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է ինքնիշխան և ազգային հայկական կառավարություն։
Պետք է հաստատել, որ աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթական փոփոխությունները բերել են հայ ժողովրդի համար բարենպաստ և համընթաց «քամիներ», սակայն Հայաստանը կառավարող ուժը, հանդիսանալով կոլաբորացիոն կառավարություն, չունի «նավահանգիստ» և հետևաբար չի կարող օգտվել այդ «քամիների» տված հնարավորություններից։ Միակ խնդիրը, որի լուծմանը նպատակամղված է այս կառավարությունը, սեփական աթոռը պահպանելն է և բոլոր նախաձեռնություններում, որոնցում ներգրավվում է այս ռեժիմը, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը ստորադասվում են։
Ըստ այդմ Բևեռի խորհուրդը, ողջունելով ԱՄՆ-ի կառավարության ջանքերը թույլ չտալու համար հեռացող Ռուսաստանի փոխարեն Թուրքիայի մուտքը Հայաստան և մասնավորապես Սյունիք, հայտարարում է իր բողոքը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման բովանդակության առնչությամբ՝ վերահաստատելով, որ Հայաստանը ներկայացնող կողմը չի հանդիսանում հայ ժողովրդի օրինական ներկայացուցիչ և չի հետապնդում հայկական շահեր։
Ըստ այդմ՝
- Ադրբեջանը Հայաստանի կառավարության լռելայն համաձայնությամբ չի պարտավորվել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքից, որի սահմանները որոշվել էին հանցավոր լենին–ստալինյան գործարքների հետևանքով։
- Ադրբեջանը չի ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր և պաշտոնապես չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ ունեցած կամ ապագայում ունենալիք որևէ պահանջից։ Փոխարենը եռակողմ փաստաթղթով ամրագրվել է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը Ադրբեջանի կողմից կորզած 17 կետերին։
- Ադրբեջանը Հայաստանի կառավարության լռելայն համաձայնությամբ չի պարտավորվել վերադարձնել Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին։
- Ադրբեջանը Հայաստանի կառավարության համաձայնությամբ հասել է ԱՄՆ Կոնգրեսի «Ազատությանն աջակցության» ակտի 907-րդ ենթաբաժնի չեղարկմանը, որով արգելված էր Ադրբեջանին ուղիղ օժանդակություն ցուցաբերելը։
- Սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը, որը Հայաստանի ստորագրությամբ և պարտավորությամբ ստանում է լրացուցիչ լեգիտիմություն։
- Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա արցախցիների վերադարձի իրավունքի վերականգնման և դրա ապահովման նպատակով անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
- Հայտարարությանը հղում անելով Իլհամ Ալիևը սպառնալիքներով պահանջում է հայ ժողովրդին փոխել սեփական Սահմանադրությունը՝ կոպտորեն խառնվելով Հայաստանի ներքին քաղաքականությանը։
Ազգային-ժողորդավարական Բևեռի խորհուրդը առաջիկա ուրբաթ օրը` սույն թվականի օգոստոսի 15-ին, ժամը` 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգոնում կայացած Ալիև-Թրամփ-Փաշինյան եռակողմ հանդիպման և այդ ընթացքում կայացված որոշումների ու ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։
Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ 10 օգոստոսի, 2025 թ., Երևան