ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) 2025 թվականի մայիսի 1-ին վարձել է Վաշինգտոնում գործող Sovereign Global Solutions (SGS) լոբբիստական ընկերությանը՝ Վաշինգտոնում մեր համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ շարունակելու նպատակով։

Մասնավորապես, ԱԺԲ-ն այսուհետ կներկայացնի SGS ընկերության հիմնադիր և գլխավոր գործընկեր Ժակլին Հալբիգ ֆոն Շլեպենբախը, ով կառավարական հարաբերությունների, հանրային քաղաքականության, ժողովրդական լայն զանգվածների հետ ռազմավարությունների, հաղորդակցության, միջոցառումների պլանավորման և կառավարման ոլորտներում աշխատանքի ավելի քան երեսուն տարվա մասնագիտական փորձառություն ունի։

SGS ընկերությունը հիմնադրելուց առաջ Ժակլինը ֆեդերալ և նահանգային կառավարման մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ինչպես նաև Մարդու իրավունքների ոչ առևտրային կազմակերպություններին կառավարության հետ կապ և հաղորդակցություն է ապահովել։

Եղել է Հավատքի վրա հիմնված և Համայնքային նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Սպիտակ տանը, ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի միջկառավարական հարաբերությունների ավագ կապող օղակ։

Աշխատել է քաղաքականության գծով ավագ խորհրդատու և արտաքին հարաբերությունների տնօրեն Առողջապահության և Սոցիալական ծառայությունների ԱՄՆ դեպարտամենտի Հանրային առողջության և գիտության գրասենյակում, ինչպես նաև՝ Վիրջինիայի նահանգապետի ավագ խորհրդատու քաղաքականության գծով։

Մենք անհամբեր սպասում ենք Ժակլինի և նրա թիմի հետ համագործակցությանը՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին մերձեցնելու, Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման վերաբերյալ Ազգային ժողովրդավարական բևեռի տեսլականն առաջ մղելու համար։

Մենք ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Էլիաս Գերասուլիսին և Moran Global Strategies-ին՝ 2024 թվականի հունիսից Ազգային ժողովրդավարական բևեռի շահերը Վաշինգտոնում եռանդուն կերպով ներկայացնելու համար։ Նրանց անխոնջ ջանքերն օգնել են մեզ Ազգային ժողովրդավարական բևեռի տեսակետը Վաշինգտոն հասցնելու և կարևոր ընկերներ ձեռք բերելու հարցում այն ժամանակ, երբ Հայաստանի ժողովուրդն առավելապես ուներ դրա կարիքը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Երևան, Հայաստան
2025թ ․հունիսի 10