Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես շատերդ տեղյակ եք, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը մայիսի 11-ից 17-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էր Ժողովրդավարության միջազգային վեհաժողովին, որի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ելույթներ են հնչել և հանդիպումներ են տեղի ունեցել։
Բևեռի պատվիրակությունը պատիվ է ունեցել հանդիպելու ի թիվս այլոց, Բելգիայի վարչապետ Բարտ Դը Ուիվերի հետ, ով վեհաժողովի ընթացքում ամենանշանակալի ելույթներից մեկը ունեցավ։ Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի խնդրանքով և պարոն Դը Ուիվերի թույլտվությամբ ձեզ ենք ներկայացնում Բելգիայի վարչապետի այդ ուշագրավ ելույթի թարգմանությունը։
ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԱՐՏ ԴԸ ՈՒԵՎԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ,
15 ՄԱՅԻՍԻ 2025, ԲՐՅՈՒՍԵԼ
Պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք՝ ձեր բոլոր համապատասխան գործառույթներով, տիտղոսներով և կարողություններով,
Սիրելի ընկերներ,
Ես իսկապես պատվի արժանացա այստեղ լինելով, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արժանապատիվ Սթիվեն Հարփերին՝ ինձ հրավիրելու համար:
Ես նաև խոստանում եմ հակիրճ լինել: Սակայն ես նաև քաղաքական գործիչ եմ, և մենք խոստումներ տալիս պերճախոս ենք: Բայց դրանք այդքան էլ լավ չենք պահում: Եթե ես չափազանց երկար խոսեմ, և դուք զայրանաք ու բողոքներ ունենաք, խնդրում եմ ձեր կարծիքը ձեւավորել և ուղարկել այն Սթիվեն Հարփերին:
Սիրելի ընկերներ,
Այս գեղեցիկ, արևոտ երեկոյան ես ցանկանում եմ ձեզ մի կարճ մտավոր ճամփորդության տանել: Եվ չնայած դա անսովոր է ինձ համար, ես ցանկանում եմ ապագայի վերաբերյալ հույսի խոսքեր հնչեցնել:
Ես արդեն լսում եմ ձեզանից ոմանց մտածումները. հույսով լցված լինե՞լ ապագայի հանդեպ: Լինելով պահպանողականներ, արդյո՞ք մենք չպետք է հույսեր փայփայենք միայն կապված անցյալի հետ: Հատկապես այսպիսի ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական խառնաշփոթը, մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ սպառնալիքները և տնտեսական անորոշությունը ճնշում են բոլոր կողմերից:
Թույլ տվեք վստահեցնել ձեզ: Ես վարչապետն եմ մի երկրի, որի նախորդ կանաչ եւ ձախ կառավարության կողմից թողնված ֆինանսական ժառանգությունը նման է նավաբեկության: Տիտանիկի չափի նավաբեկության: Իմ առջև ծառացած խնդիրը ոչ այլ ինչ է, քան այդ խորտակված նավը օվկիանոսի հատակից հանելը և այն կրկին նավարկելի դարձնելը: Եվ ես պետք է դա անեմ փոթորկոտ եղանակին: Այսպիսով, այո, ես սուր կերպով գիտակցում եմ մեր ժամանակների ծանրությունը:
Բայց այսօր ես ցանկանում եմ նավարկել մեկ այլ ուղղությամբ և թողնել օրվա քաղաքական պայքարը: Փոխարենը ես ցանկանում եմ անդրադառնալ մեր հիմնական արժեքներին՝ որպես պահպանողականներ և դասական ազատականներ: Որտե՞ղ ենք մենք կանգնած այսօր:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ինձ հրավիրեցին բանավիճելու տեղական ֆլամանդացի հայտնի փիլիսոփա Մարտեն Բուդրիի հետ, ով ներկայացրեց իր վերջին գիրքը, որի վերնագիրն է «Լուսավորականության դավաճանությունը»: Դրանում նա պնդում է, որ 1960-ականներից սկսած, առաջադիմական շարժումը գնալով ավելի շատ է շրջվել Լուսավորականության հիմնական արժեքների դեմ:
Չնայած Բուդրին դեռևս համարում է իրեն առաջադիմական, նա ողբում է, թե ինչպես են ձախերը լքել ունիվերսալիզմի իդեալները և առաջընթացի հավատը, և նույնիսկ ակտիվորեն պայքարում են դրանց դեմ: Դրանց տեղում, ասում է նա, կան նոր կուռքեր, որոնց պետք է պաշտել. զոհի սրբազնությունը, բնապահպանական ահաբեկչությունը, հետարդիական(պոստմոդեռն) ժարգոնը և արևմտյան ինքնատելությունը:
Ձախերը այժմ կարծում են, որ արդիականությունը(մոդեռնիզմը) ընդամենը անցյալում հզորներին տվել է ավելի շատ ուժ՝ իրենց զոհերի հետ անելու սարսափելի բաներ: Արդիականության թունավոր ծառի յուրաքանչյուր պտուղ պետք է փտած լինի: Մեր ինքնությունը, հետևաբար, սուտ է, որը պետք է մերժվի: Եվ քանի դեռ մենք՝ Արևմուտքը, չենք ինքնաոչնչացվել, ուրեմն կշարունակենք ոչնչացնել աշխարհը: Փոխաբերական և նույնիսկ բառացի իմաստով:
Բուդրին կոչ է անում իր առաջադիմական գործընկերներին վերականգնել հավատը առաջընթացի նկատմամբ: Նա պաշտպանում է տեխնոլոգիական նորարարությունը, ուժեղ տնտեսությունները և շուկաները, համընդհանուր մարդու իրավունքները, անձնական ազատությունները և ազատական ժողովրդավարությունը՝ ոչ թե որպես սպառնալիքներ, այլ որպես բարելավման շարժիչներ:
Բանավեճից հետո որպես շնորհակալություն Բուդրին ինձ տվեց իր գրքի մի օրինակ: Ձոնի մեջ նա գրել է, որ կարծում է, թե պահպանողականները երբեմն ավելի լավ դաշնակիցներ են իր մտածողության համար, քան իր առաջադիմական ընկերները:
Սիրելի ընկերներ,
Այն, ինչ նա գրել է իր ձոնի մեջ, դա ընդամենը նրա ընկալումը չէ: Դա պարզապես ճշմարտությունն է:
Եւ ես նրան հարցրեցի. եթե քո առաջադիմական ընկերները լքել են արդիականության եկեղեցին, և դու քարոզում ես դատարկ լսարանում, արդյոք ժամանակը չէ՞ նայելու հայելու մեջ և ընդունելու, որ ուրիշ անելիք չկա, քան մեր պահպանողական շարքերին միանալը:
Նրա պատասխանը հետեւյալն էր. «Ոչ, որովհետև ես դեռ հավատում եմ փոփոխությանը: Պահպանողականները պարզապես քամելեոններ են: Նրանք փոխվում են դանդաղ, դժկամորեն: Եթե կարդաք Հայեկին, կտեսնեք, թե ինչու ես երբեք չեմ կարող ինձ պահպանողական անվանել»:
Ես պետք է ընդունեմ, որ նրա խոսքերը արձագանք գտան իմ մեջ: Փաստորեն, վերաձևակերպելով մեր սիրելի համահիմնադրի՝ Մարգարետ Թետչերի խոսքերը, «Հայեկն է գրել մեր հավատամքը»: Այսպիսով, ես վերադարձա Հայեկի կարճ, բայց ոգևորիչ էսսեին՝ «Ինչու ես պահպանողական չեմ»:
Ես կարդացի այն, և նրա որոշ քննադատություններն պատմականորեն արդարացված են: Նա մեղադրում էր պահպանողականներին տնտեսական ուժերի ըմբռնման պակասի համար:
Ցավոք, դա մասամբ ճիշտ է նաև այսօր: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ որոշ պահպանողական կուսակցություններ երբեմն վարում են այնպսի քաղաքականություն, որը հակասում է ազատ շուկայի կարիքներին: Նրանք թույլ են տալիս իրենց գայթակղվել պրոտեկցիոնիզմով և սակագներով: Ըստ Հայեկի, և իմ կարծիքով էլ, սա սարսափելի սխալ է:
Ես նաև կարող եմ հասկանալ Հայեկի պնդումը, որ պահպանողականները հավատում են, որ պատշաճ մարդիկ չպետք է չափազանց շատ սահմանափակվեն կանոններով: Բայց հետո նա կապում է դա հեղինակության հանդեպ մեր ենթադրյալ սիրահարվածությանը և գերանձանց նկատմամբ հավատին:
Դրա հետ իրականում այնքան էլ համաձայն չեմ: Նույնիսկ անարխիստ Բակունինը հարգում էր կոշկակարի հեղինակությունը: Այսպիսով, ինչո՞ւ մենք չպետք է հարգենք:
Սակայն, ինձ ամենաշատը ցնցեց Հայեկի հիմնական փաստարկը իրեն պահպանողական չանվանելու մասին:
Դա այն է, որ մենք՝ պահպանողականներս, վախ ունենք փոփոխությունից: Նորի նկատմամբ անվստահություն: Եվ այսպիսով ես մտածում եմ. արդյոք սա ճի՞շտ է: Եվ արդյոք դա դեռ ճի՞շտ է:
Լուսավորականությունը սկսվեց որպես շարժում, որն արմատավորված էր բանական մտքի, գիտական և տնտեսական առաջընթացի մեջ: Բայց տասնութերորդ դարի կեսերից սկսած, այն աստիճանաբար սկսեց ներկայացնել ինչ-որ շատ ավելի ընդգրկուն բան. բարոյական, քաղաքական և սոցիալական կարգի արմատական փոխակերպում:
Անշուշտ, ճիշտ է, որ պահպանողականները զգույշ էին, երբեմն նույնիսկ վախեցած այս հեղաշրջման հետ առերեսումից:
Բայց ճիշտ չէ, որ պահպանողականները ամբողջովին հրաժարվել էին փոփոխությունից: Ինչպես գրել է Էդմունդ Բըրքը. «Պետությունը առանց որոշ փոփոխության միջոցների, զուրկ է իր իսկ պահպանման միջոցներից»:
Այսպիսով, մենք ընդունում ենք փոփոխությունը, որովհետև գնահատում ենք այն, ինչը պետք է պահպանվի: Կամ այլ կերպ ասած՝ Tene quod bene(1):
Հայեկից մեկ դար առաջ Բենջամին Դիզրայելին ասել է հետևյալը. «Առաջադիմական երկրում փոփոխությունը մշտական է: Հիմնական հարցն այն չէ, թե արդյոք դուք պետք է դիմադրեք փոփոխությանը, այլ թե արդյոք այդ փոփոխությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով մարդկանց բարքերը, սովորույթները, օրենքները և ավանդույթները: Կամ թե արդյոք այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով վերացական սկզբունքները և կամայական ու ընդհանուր ուսմունքները»:
Դիզրայելիից շատ առաջ Օգոստոս կայսրն արդեն արտահայտել էր այս իմաստությունը: Փոփոխությունը անհրաժեշտ է, բայց այն պետք է հարգի mos maiorum(2)-ը՝ մեր նախնիների ավանդույթները:
Սիրելի ընկերներ,
Ինձ միշտ գրավել է գնացքի պատկերը: Լուսավորությունից ի վեր, առաջադիմականները ցանկացել են խաղալ արագընթաց էքսպրեսի հետ: Նրանք չեն կանգնում որևէ կայարանում. նրանք նախընտրում են սլանալ առաջ, դեպի հեռավոր, անորոշ նպատակակետ: Այն ամենը, ինչ նրանք գիտեն, հետեւյալն է. մենք դեռ տեղ չենք հասել: Ինչ էլ նրանց հարցնեք՝ «դեռ տեղ չենք հասել»: Բայց որտե՞ղ է այդ «տեղը»:
Պահպանողականները, ի հակադրություն, չեն ցանկանում անշարժ մնալ, բայց մենք ընտրում ենք ավելի դանդաղ գնացքը: Որովհետև մենք գնահատում ենք տեսարանը, երբեմն կանգ ենք առնում ոտքերը ձգելու և հետազոտելու համար: Մենք միշտ հիշում ենք, թե ով է մեզ հետ և ուր ենք իսկապես ցանկանում գնալ: Մենք պահում ենք մեր ձեռքերը ղեկին, որպեսզի չշեղվենք:
Պահպանողականությունը քարացած չէ: Այն զարգանում է՝ անընդհատ, բայց նուրբ կերպով: Եվ դա պետք է այդպես լինի:
Վերադառնալով Հայեկին. ես համաձայն չեմ , որ մենք վախ ունենք փոփոխությունից: Ինչից մենք վախենում ենք, դա փոփոխությունն է հանուն փոփոխության: Դա կարևոր տարբերություն է: Ինչպես Օգոստոսը, Բըրքը և Դիզրայելին, մենք հավատում ենք ճիշտ տեսակի փոփոխությանը:
1960-ականներից ի վեր, երբ Հայեկը գրեց իր քննադատությունը, առաջադիմական շարժման ներսում տեղի է ունեցել Կոպեռնիկոսյան տեղաշարժ: Փոխակերպման իրենց տենդագին որոնումների մեջ, առաջադիմական արագընթաց գնացքը միացրել է ինքնաոչնչացման կոճակը և նախասահմանված է շեղվելուն և ոչնչացման:
Հնարավոր է, որ Հայեկը դեռ մասամբ ճիշտ էր 1960-ականներին: Բայց այսօր նա հիմնականում սխալ է: Պահպանողական գնացքը այդ ժամանակից ի վեր վստահորեն հասել է Լուսավորական արդիականության և առաջընթացի հավատի կայարան:
Այնտեղ մենք հանդիպում ենք շփոթված լիբերալների և կողմնորոշումը կորցրած այլ առաջադիմականների, որոնք նայում են արագընթաց գնացքի փոշուն, որը որոտալով անցել է նրանց կողքով, հետապնդելով Հայտնության (Ապոկալիպսիսի) տեսիլքներ, ինքնամերժում, պոստմոդեռն խելագարություն, նորարարության նկատմամբ թշնամություն, բարգավաճման մերժում, աճի նվազեցում, woke(3)-ային հիմարություն և այլն:
Արդիականությունը, որը մի ժամանակ նրանց իդեալն էր, դավաճանվել է այն համոզմունքով, որ անցյալը պետք է մերժվի, և որ արևմտյան ապաշխարությունը մեր միակ ապագան է: Նրանք լքել են Լուսավորականության դրոշը:
Այսպիսով, սիրելի ընկերներ,
Իմ ուղերձը ձեզ հետեւյալն է. Եկեք վերցնենք այդ դրոշը: Լուսավորական պահպանողականությունը ոչ միայն լավագույն պատասխանն է մեր ժամանակների մարտահրավերներին: Դա միակ պատասխանն է, որովհետև մեր ԴՆԹ-ում է ընդունել և պահպանել այն, ինչն աշխատում է հասարակության համար:
Հենց Լուսավորական պահպանողականությունն է կանգնած մեր և երկու դիստոպիական ծայրահեղությունների միջև. մի կողմից ավտորիտարիզմը, իսկ մյուս կողմից՝ լիովին ատոմիզացված հասարակության պոստմոդեռն Götterdämmerung(4)-ը:
Դրանք են այն ճանապարհները, որոնք տանում են դեպի բռնապետություն, կամ դեպի Հոբսյան աշխարհ, որտեղ բոլորը պատերազմի մեջ են բոլորի դեմ, և ամենից վեր՝ իրենք իրենց դեմ. Bellum nostrum contra nos ipsos(5).
Աշխարհի մնացած մասը ժպիտով դիտում է, թե ինչպես են արևմտյան և ազատական ժողովրդավարությունները խեղաթյուրում իրենք իրենց: Իհարկե, նրանց արձագանքն այն է, որ նրանք ցանկանում են տեսնել դրա զարգացումը: Եվ ձախակողմյան պատասխանն այն է, որ մենք պետք է իսկապես խեղաթյուրենք մեզ մինչև մահ:
Եթե դա առաջադիմական է, ապա լավ: Բայց դա նշանակում է, որ արդիականության ժառանգությունն այժմ պատկանում է մեզ՝ պահպանողականներին: Այն մերն է՝ վերցնելու համար:
Ովքե՞ր են տեխնոլոգիական նորարարության և տնտեսական աճի չեմպիոնները: Պահպանողականները: Ո՞վ է պաշտպանում ուժեղ և ազատ շուկաները: Պահպանողականները:
Ո՞վ է հավատում մարդու համընդհանուր իրավունքներին, անձնական ազատությանը և ազատական ողովրդավարությանը:
Պահպանողականները: Ո՞վ ունի վստահելիություն՝ պատմելու մեր անցյալի պատմությունը, բոլոր թերություններով և ձախողումներով հանդերձ, միևնույն ժամանակ հիշելով, որ մենք կանգնած չենք հանցագործների ուսերին, այլ կանգնած ենք հսկաների ուսերին և, հետևաբար, կարող ենք նայել նույնիսկ ավելի հեռու՝ դեպի պայծառ ապագա:
Ո՞վ, եթե ոչ պահպանողականները:
Եկեք ընդունենք Լուսավորականությունը, որպես պահպանողականներ, և պաշտպանենք Արդիականության սկզբունքները: Բայց եկեք շարունակենք հետևել մեր փառահեղ նախորդների հետքերին և ցուցաբերենք համեստություն, արժանապատվություն և ազնվություն:
Եկեք համատեղենք առաջընթացը քաղաքացիական ոգու շեշտադրմամբ, ընդհանուր արժեքների անհրաժեշտությամբ և համայնքի կառուցման կարևորությամբ:
Եթե մենք անենք դա, պահպանողական ապագան ավելի լավը կլինի, քան անցյալը: Այդ ապագայում մեր երեխաները կունենան ավելի մեծ բարգավաճում, ավելի լավ առողջություն, ավելի լիարժեք հնարավորություններ և ավելի հարուստ կյանք, քան մենք ինքներս ենք ճանաչել: Սա է ճանապարհը: Սա է մեր ճանապարհը:
Սիրելի ընկերներ,
Ազատություն: Արդարություն: Բարգավաճում: Ժողովրդավարություն: Իրավունքի գերակայություն: Այս արժեքները ուղղորդել են Ժողովրդավարության միջազգային միությանը(ԺՄՄ-ին) իր հիմնադրումից ի վեր, և այսօր դրանք ավելի էական են, քան երբևէ:
Մեր վերևում այսօր առկա ամպերը նման են նրանց, որոնք կախված էին աշխարհի վրա 1983 թվականին, երբ ծնվեց ԺՄՄ-ն: Մեր հիմնադիրները փարոս վառեցին խավարի մեջ: Եկեք պահենք այդ բոցը կենդանի:
Եվ վերջում. իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս միջոցառումը: Եվ իմ շնորհակալությունը բոլորին, ովքեր այստեղ են՝ մասնակցելու և ինձ լսելու համար:
- “Պահիր այն, ինչ լավ է”(լատիներեն առած)
- “ նախնիների խորհուրդները” (լատիներեն)
- “արթնացած” (անգլերեն, ”հասարակական արդարության մասին ավելորդ զգուշություն”)
- “Աստվածների մթնշաղը”(գերմաներեն, Վագների օպերայի անվանումը)
- “Մեր պատերազմը մեր դեմ”(լատիներեն)
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ,
15 ՄԱՅԻՍԻ 2025, ԲՐՅՈՒՍԵԼ
Հեղինակի անձնական թույլտվությամբ
թարգմանությունը՝ Գ․ Չուգասզյանի