ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է Հայաստանի կոլաբորացիոն իշխանությունների որևէ պաշտոնիայի մակարդակով մասնակցությունը մայիսի 9-ի Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվող այսպես կոչված հաղթանակի շքերթին։

Այդ միջոցառման մասնակցությունը դեմ է Հայաստանի և հայ ժողովրդի շահերին և դիրքավորում է Հայաստանը որպես չարիքի առանցքի մաս՝ ընդդեմ մեր իրական դաշնակիցների, որոնք քաղաքական և ռազմական միջոցներով ի հեճուկս Հայաստանի իշխանությունների դավաճանության, ձգտում են Հայաստանի թափանցիկ դարձած սահմանները պաշտպանել։

Հայ ժողովրդի և Հայաստանի իրական հաղթանակի օրը Շուշիի ազատագրման օրն է՝ մայիսի 8-ը։ Հատկանշական է այն, որ Մոսկվայի շքերթին մասնակցելու է ադրբեջանական հայտնի <<Յաշմա>> ահաբեկչական խմբավորումը, որը աչքի է ընկել խաղաղ բնակչության և գերիների գնդակահարություններով, գլխատումներով, պատերազմական տարբեր հանցագործություններով։

Հայաստանի իշխանությունների կողմից շքերթը ընդունողների թվում լինելը ոչ միայն զավեշտալի է և ծայրահեղ անպատվություն հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լեգիտիմացնում է Յաշմայի կատարած հանցագործությունները։

Մեր հաղթական մայիսի 8-ի փոխարեն մասնակցել Արցախը բռնազավթած ռուս-ադրբեջանական ուժերի հաղթական շքերթին մայիսի 9-ին Հայաստանի գործող իշխանությունների կոլաբորացիոն բնույթի ակնառու դրսևորում է։

Մեր միջազգային գործընկերներին կրկին վերահաստատում ենք, որ Հայաստանում իշխանությունը զավթած ռուս-թուրքական վարչախումբը չի ներկայացնում հայ ժողովրդին։

Մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ եթե չազատվենք Նիկոլ Փաշինյանի թշնամական ռեժիմից, անպատվությունների ու պատերազմների <<շքերթները>> հայ ժողովրդի առօրյան են լինելու։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
07.05.2025
Երևան