ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը, ինչպես արդեն հաղորդվել էր, ներկայումս գտնվում է Լոնդոնում՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի (ներառյալ Լորդերի պալատն ու Համայնքների պալատը), գործադիր իշխանության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումների շարք անցկացնելու նպատակով։

Այցը կազմակերպվել է Վեստմինսթերում գործող հասարակայնության հետ կապերի առաջատար ընկերության կողմից, որն ԱԺԲ-ի կողմից վարձվել է` նպաստելու Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Նախաձեռնության ֆինանսավորումը իրականացվել է Բևեռի ԱՄՆ-ի և Հեռավոր Արևելքի աջակիցների կողմից։

Պատվիրակության կազմում ընդգրկված են դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը։

Հանդիպումները մեկնարկել են երկուշաբթի՝ հունվարի 13-ին, հեղինակավոր East India Club-ում կազմակերպված պաշտոնական ճաշով։

Մասնակիցների թվում եղել են Սըր Իեյն Դունքան Սմիթը՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության նախկին ղեկավարը, ինչպես նաև բրիտանական ամենախոշոր լրատվամիջոցների մի շարք բարձրաստիճան ղեկավարներ։

Դոկտոր Գրիգորյանը և դեսպան Պապյանը ներկայացրել են մի շարք հիմնահարցեր, այդ թվում՝

• Ռուսաստանի շարունակական վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ,

• Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և նրա հովանավորներ Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից անվտանգության սպառնալիքները,

• Փաշինյանի կառավարության ձախողումները՝ Հայաստանին դեպի Արևմուտք առաջնորդելու, Ադրբեջանի ագրեսիան զսպելու և երկրի տնտեսությունը բարեփոխելու հարցերում։

Քննարկումներին հաջորդել է աշխույժ և կառուցողական հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները խորաամուխ են եղել տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների մանրամասների և Փաշինյանի կառավարության դերի քննարկման մեջ։

Նույն օրը ԱԺԲ պատվիրակությունն հանդիպում է ունեցել նաև Համայնքների պալատում, որտեղ քննարկման հիմնական թեման եղել է Փաշինյանի գործունեությամբ պայմանավորված հնարավոր “վրացական սցենարի” կանխումը Հայաստանում։

Դա այն տարբերակն է, երբ չնայած Բիձինա Իվանիշվիլիի արևմտամետ հռետորաբանությանը, նրա կառավարությունը հնարավորություն է տվել Վլադիմիր Պուտինին ամրապնդել իր ազդեցությունը Վրաստանում:

Հանդիպումները շարունակվում են։

2025թ. հունվարի 14, Լոնդոն