ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների կապակացությամբ Ազգային ժողովրդավարական բևեռն արձանագրում է, որ վերջին ընտրությունները Վրաստանում (26 հոկտեմբերի, 2024թ․), տեղի են ունեցել ոչ ազատ և արդար պայմաններում։


Վրաստանի իշխանությունները գործել են էական խախտումներով, վարչական հնարավորությունների և բռնի ուժի կիրառմամբ, ինչը սպառնում է ժողովրդավարական գործընթացներին և կայունության պահպանմանը տարածաշրջանում։ Այս կարծիքը հիմնավորված է դիտորդական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչների զեկույցների ու հայտարարությունների հիման վրա, որոնք նույնպես արձանագրել են խախտումներ՝ ընդգծելով ընտրական տեղամասերում օրենքի և ընթացակարգերի ոտնահարումներ, ինչպես նաև խիստ անհամապատասխանություններ ընտրական չափանիշներին։


Ազգային Ժողովրդավարական Բևեռը ընդգծում է, որ Հայաստանի համար Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարևոր են մի շարք ռազմավարական պատճառներով։ Վրաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր տրանսպորտային ուղիներից մեկը դեպի Եվրոպա։ Եթե Վրաստանում նոր կառավարությունը փոխի արտաքին քաղաքական ուղղությունը կամ սրվեն Վրաստան-Արևմուտք հարաբերությունները, դա կարող է սահմանափակել Հայաստանի հնարավորությունները տարածաշրջանային և տնտեսական հարցերում։ Սա հատկապես զգայուն կլինի Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճի պարագայում, որն անխուսափելի կլինի ռուսական ազդեցության ուժեղացմամբ, ինչը Հայաստանի համար կդառնա ավելի մեծ մարտահրավեր։


Բացի դրանից, Վրաստանի արևմտյան ուղղության պահպանումը կարևոր է Հայաստանի համար տարածաշրջանում Արևմուտքի քաղաքական և տնտեսական ազդեցությունը կայունացնելու տեսանկյունից։ Այս քաղաքականությունը Վրաստանին ավելի մոտեցնում է Հայաստանին՝ օգնելով երկկողմ տնտեսական և անվտանգային համագործակցության զարգացմանը, ինչը վկայում է երկու երկրների փոխկախվածությունը տարածաշրջանային գործընթացներում։
Մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ազատասեր ժողովրդին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վերահաստատելով հայ-վրացական դարավոր եղբայրության ու դաշնակցության ամրապնդմանն ուղղված Բևեռի հավատարմությունը։


Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,
28 հոկտեմբերի, 2024թ․