Երեկ` Հանրապետության օրը, մայիսի 28-ին, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վարքը ևս մեկ անգամ վկայեց ազգային արժեքների վարկաբեկման նրա վարած հետևողական քաղաքականության մասին, որը դրսևորվեց ամենախայտառակ կերպով։
Սարդարապատի ճակատամարտի օր հանդիսացող Մայիսի 28-ը, լինելով սեփական ինքնությունը ամեն գնով պաշտպանելու համար հայոց միասնական կամքի արտահայտման օր, ունի բացառիկ կարեւորություն ազգային ինքնության պահպանման գործում։
Մյուս կողմից, համաձայն ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Երեկ մենք ականատեսը եղանք, թե ինչպես ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, բացահայտ խոչընդոտում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Ակնհայտ է, որ ՀՀ ոստիկսնությունը այդ պահին իրականացնում էր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինկանի հրահանգը, որը ճիշտ նույն պահին գտնվում էր նույն վայրում` առանց նախապես հայտարարելու իր այցելությսն ժամի մասին:
Այսպիսով, փորձելով արգելել հայոց հոգեւորականներին իրականացնելու ՀՀ սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բացահայտեց ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ապազգային, հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը, խստորեն դատապարտելով ոստիկանության վարքը, նորից ընդգծում է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից օր առաջ հեռացնելու անհրաժեշտությունը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
29 մայիսի, 2024թ.