ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական կազմակերպությունը՝ The Livingston Group-ը, Հայաստանում Փաշինյանի վարչակարգի կողմից իրականացվող հակասահմանադրական գործունեությանն ի պատասխան, ապրիլ ամսվա ընթացքում ակտիվացրել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր շփումները Վաշինգտոնում։


Մասնավորապես, Բևեռի առաջատար լոբբիստ Էլիաս Գերասուլիսը հանդիպում է ունեցել USAID կառավարիչ Սամանթա Փաուերի հետ՝ քննարկելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին և Հայաստանին վերաբերող հարցեր:


Ի լրումն, պարոն Գերասուլիսը հանդիպել է կոնգրեսական Քրիս Սմիթի (R-NJ) հետ՝ Վարուժան Ավետիսյանի գործին հետամուտ լինելու նպատակով, ինչպես նաև տեղեկացնելու Բևեռի խորհրդի անդամ Կարո Եղնուկյանի նկատմամբ ապօրինաբար կիրառվող ճանապարհորդության սահմանափակումների մասին։


Պարոն Գերասուլիսը հանդիպել է նաև Եվրոպայում Անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) աշխատակիցների հետ՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռին հուզող հարցեր քննարկելու նպատակով։


Ի լրումն այս ամենի, Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական թիմը կապ է հաստատել գործադիր իշխանության և Վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց տեղեկացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ Վաշինգտոնում հայանպաստ օրակարգն առաջ մղելու հարցում նրանց աջակցություն ստանալու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
24.04.2024թ