ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Կրկին լարված է ներքաղաքական իրավիճակը հարևան Վրաստանում։
Վերջին օրերին Վրաստանի խորհրդարանում քննարկման հարց է դարձել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը (ժողովրդի մեջ առավելապես հայտնի «ռուսական օրենք» անունով)։
Եթե այս օրենսգիծը դառնա օրենք, ապա հնարավորություն է ստեղծելու բռնաճնշումներ իրագործել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության նկատմամբ, ինչպես նաև հիմքեր է ստեղծելու ռուսական ազդեցության աննախադեպ ընդլայնման համար։
Այս օրենսգիծը ընդունելու կամ մերժելու հարցը ձեռք է բերել առավել կարևորություն, քանի որ դրանից մեծապես կախված կլինի Վրաստանի հետագա քաղաքական ճակատագիրը։
Վրաստանը ներկայումս ստացել է Եվրոպայի Միության անդամի թեկնածուի կարգավիճակ, հետևաբար իրական հնարավորություն ունի անդամակցելու Եվրոպական Միությանը։ Այս հանգամանքը կարող է էապես փոխել քաղաքական և տնտեսական իրավիճակը ամբողջ տարածաշրջանում։
Մասնավորապես՝ կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։
Վրացական ոստիկանությունը բողոքի խաղաղ գործողության տասնյակ հազարավոր մասնակիցների նկատմամբ կիրառել է բիրտ ուժ։
Նման ճնշումներն անհամատեղելի են ժողովրդավարության ուղիով ընթացող երկրների համար։
Մենք համերաշխություն ենք հայտնում ազատատենչ վրաց ժողովրդի պայքարին և դատապարտում ենք ոստիկանական ուժի կիրառումը իշխանության կողմից։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
18 ապրիլի 2024թ, Երևան