2023 թ․ տարեվերջը հայ ժողովուրդը, ցավոք, ամփոփում է 2020թ․ 44-օրյա պատերազմով սկսված եւ շարունակվող համազգային նահանջի պայմաններում։
Հայ ժողովուրդը առնվազն վերջին հազարամյակի ընթացքում տեսել է Արցախի հայաթափման եւ Արցախ հայերի վերադարձի մի քանի ալիք։
Ու թեև հայաթափման վերջին ալիքը գերազանցեց բոլոր նախորդ դեպքերը, սակայն մենք պետք է իմաստություն ունենանք ներկայումս կատարվող իրադարձությունների պատկերը տեսնելու ամբողջության մեջ։
Արցախի էթնիկ զտման հանցագործությունը կատարվեց Եվրասիա մայրցամաքում «մետաքսի հին ու նոր» ճանապարհների դարավոր մրցապայքարի նորագույն վայրիվերումային փուլում։
2024 թվականը, լինելով «մշուշապատ», անորոշություններով լի ընտրությունների տարի, ստիպում է արագ փոփոխվող աշխարհաքաղաքական վերադասավորումների ետեւում տեսնել ռազմավարական շահեր, որոնք անփոփոխ են և որոնց վրա հենվելով էլ պետք է ուրվագծել հայ ժողովրդի ռազմավարական քայլերի տեսլականը։
2023 թ․ Հնդկաստանից Արաբական թերակղզով դեպի Եվրոպա մայրուղու նախագծի պաղեստինյան «պայթեցումից» հետո, կտրուկ սրվում է Եվրասիայում համաշխարհային մրցակցությունը Բալթիկ ծովից Պարսից ծոց, ապա և Հնդկաստան ձգվող Հյուսիս-Հարավ եւ Չինաստանից Մերձավոր արեւելքով դեպի Եվրոպա ձգվող Արեւմուտք-Արեւելք առանցքների միջեւ, ուստի եւ աշխարհա-քաղաքական կենտրոնների միջեւ կտրուկ աճում է մրցակցությունը այդ առանցքների բաղկացուցիչ օղակ հանդիսացող Հարավային Կովկասի համար։ Այս իմաստով չկա այլեւս Արցախյան հարց, այլ կա կերպափոխված Հայկական հարց (ներառյալ Արցախը)։
Այս համատեքստում է պետք տեսնել ինչպես 2023թ․ տարեվերջին Վրաստանին եվրոպական նոր կարգավիճակի շնորհումը եւ Եվրոպայի ռազմավարական մուտքը Հարավային Կովկասի տարածաշրջան, ֆրանսիական եւ հնդկական զենքի մատակարարումները Հայաստան, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում շարունակվող իրանա-ադրբեջանական սուր հակադրությունը՝ հատկապես Իրանի՝ Մեղրու ռուս-թուրքական վերահսկողությամբ միջանցքի գաղափարի կտրուկ մերժումը։
Ակնհայտ է, որ 2023թ․ ընթացքում անց կացված աննախադեպ՝ շուրջ 15 թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուղղված են ոչ միայն հայկական, այլեւ իրանական կողմի դեմ։
Իրերի այսպիսի դասավորության մեջ է, որ հայ ժողովուրդը պետք է կատարի վճռական ընտրություն՝ հենված քաղաքակրթական արժեքների և աշխարհաքաղաքական շահերի հաշվարկի վրա։
Ապրելով քաղաքակրթական խզվածքի վրա, մի կողմից պատկանելով եւրոպական քաղաքակրթությանը, մյուս կողմից լինելով արեւելյան խառնվածքի տեր ժողովուրդ՝ հայերը դարերով կատարել են կարմրջողի դերը։ Այդ իմաստով իրերի ներկա դասավորությունը շատ չի տարբերվում անցյալից։
Այս առանցքը եւ նրանում կատարելիք մեր դերն է այն տեսլականը, որը հույս և հավատ է ներշնչում մեր վաղվա օրվա նկատմամբ, որտեղ ապահովվելու է թե՛ մեր անվտանգությունը, թե՛ խոշոր տնտեսական ներդրումները եւ թե՛ տեխնոլոգիական առաջընթացը։
Դրա փոխարեն Հայաստանում իշխող նեոբոլշեվիկյան գավառապետերն իրենց Եվրասիական «ռեգիոնալացման» քաղաքականությամբ մեզ տանում են դեպի ռուս-թուրանական տնտեսական, ապա եւ քաղաքական ճահիճ։ Գավառական խորամանկությամբ ուրիշի երազանքում «խաչմերուկ» եւ «խաղաղություն» մուրող իշխանությունը պատկերացում անգամ չունի , որ առեւտրական բոլոր ճանապարհները նախեւառաջ ենթադրում են անվտանգության ապահովման ուժեր, եւ զուտ «խուրմա» գոչելով՝ բերանում քաղցրություն չի առաջանում։
Երկու լարի վրա «Ֆինլանդացման» քաղաքականություն վարելու համար պետք է նախ ֆինլանդացու՝ Ստալինի նման բռնակալին ատամ ցույց տալու կամք ունենաս։
Բոլոր այն խոսակցությունները, թե Արցախի հանձնումով հարեւանները կբավարարվեն, սին են դուրս գալիս, վկան «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հարևան երկրի մեջլիսի ընդունած տարեվերջյան քաղաքական բանաձևը։
Մենք տանուլ ենք տալու դեռ այնքան ժամանակ, քանի դեռ մեր վայ «իշխանությունների» կողմից ժողովրդին ներարկված վախը չի բռնվել, քանի մեր «խաչմերուկը» պաշտպանելու ազգ-բանակ- «ոզնի» դառնալու մեր կարողությանը չենք հավատում։
Բանտված Սասնա ծուռ տղաների եւ օպերայի հրապարակում 24-ժամյա հերթապահություն անող մեր քաղաքացիների շարունակվող ամենօրյա անձնվեր պայքարն ապացուցում է, որ հայ ժողովրդի դիմադրությունը չի սպառվելու եւ նրանց բռնած ջահի կրակը ոչ միայն փարոսի նման լուսավորելու է անցնելիք ճանապարհը, այլեւ իր կայծերով նոր դիմադրության կրակն է բորբոքելու։
Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
29 դեկտեմբեր 2023, Երևա