ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն այցելել է ԱՄՆ, հանդիպել քաղաքական գործիչների և մասնագիտական խմբերի հետ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի ղեկավար անդամ, դեսպան (պաշտոնաթող) Արա Պապյանը, 2023 թվականի դեկտեմբերի 13-15-ը այցելեց Վաշինգտոն` ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Այցը կազմակերպել է Վաշինգտոնում գործող The Livingston Group (TLG) լոբբիստական հայտնի ընկերությունը, որը Բևեռի պաշտոնական ներկայացուցիչն է: Այցի կազմակերպման գործում առանցքային դեր է խաղացել ընկերության ներկայացուցիչ Էլիաս Գերասուլիսը, ով նախկինում եղել է Ամերիկայի Հունական ինստիտուտի օրենսդրական հարցերով տնօրենը:

Այցի ընթացքում Արա Պապյանը հանդիպել է Կոնգրեսի հետևյալ անդամների և/կամ նրանց գրասենյակների հետ.

Սենատոր Քրիս Վան Հոլեն (D-MD), Սենատի Արտաքին հարաբերությունների և հատկացումների հանձնաժողով

Սենատոր Բիլ Քեսսիդի (R-LA), Սենատի ֆինանսական և վետերանների հարցերով հանձնաժողով

Կոնգրեսական Գուս Բիլիրակիս (R-FL), Կոնգրեսի հայկական և հունական հարցերով հանձնախմբերի համանախագահ

Կոնգրեսական Քիթ Սելֆ (R-TX), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Կոնգրեսական Դարել Իսա (R-CA), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Կոնգրեսական Քրիս Սմիթ (R-NJ), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական

Կոնգրեսական Ջո Ուիլսոն (R-SC), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և զինված ուժերի գծով հանձնաժողով

Կոնգրեսական Դինա Տիտուս (D-NV), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:

Արա Պապյանը հանդիպել է նաև նաև Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի և ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի բարձրաստիճան անդամների հետ:

Լիվինգսթոն գրուպը նպաստել է դեսպան Պապյանի և Բայդենի վարչակազմի պաշտոնյաների միջև շփումներին ևս:

Այս հանդիպումների ընթացքում պարոն Պապյանը Կոնգրեսի իր գործընկերների հետ քննարկել է հետևյալ հարցերը.

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ վերջին զարգացումները, ներառյալ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումները և հակամարտության կարգավորման ԱԺԲ-ի տեսլականը

• Հայաստանի անվտանգությանն ու առաջընթացին սպառնացող վտանգները, որոնք բխում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև ներկայումս քննարկվող «խաղաղության համաձայնագրից», որը հովանավորվում է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից,

• Ռուսաստանի Դաշնության և նրա սատելիտների շարունակական ներկայությունը Հայաստանում և դրանց հակազդեցությունը՝ Հայաստանի ներսում գործող արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի դեմ

• Հայաստանում Խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների հասանելիությանը վերաբերող հարցեր, հատկապես՝ ԱՄՆ Կոնգրեսից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի ռուսամետության ու ԱԺԲ-ի գործունեության կանխակալ ու վնասակար լուսաբանմանը վերաբերող հարցեր

• Հայաստանում ժողովրդավարության և հարակից ինստիտուտների սրընթաց վատթարացումը. ինչպես վկայում է Փաշինյանի վարչակազմի կողմից «փափուկ ուժի» կիրառման աճը՝ ընդդիմության գործունեությունը սահմանափակելու և քաղաքական հակառակորդներին՝ Վարուժան Ավետիսյանին և Բևեռի այլ կողմնակիցների, բանտարկությանն ուղղված քայլերը։

Կոնգրեսի ներկայացուցիչները ողջունեցին Հայաստանին առնչվող հարցերի շուրջ խորապես ներգրավվելու հնարավորությունը և բուռն ընկալունակություն ցուցաբերեցին դեսպան Պապյանի կողմից ներկայացված մտահոգությունների նկատմամբ։

Գիտակցելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ նրանք քննարկեցին առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում իրենց ներգրավվելու հնարավոր ուղիներ։

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին հետևյալ արդյունքները․

• Հավաստիացվեց, որ Արցախի հիմնախնդիրը բաց է մնում, ինչպես նաև ստանձնվեց Հայաստանի անվտանգության ապահովման և տեղահանված անձանց Արցախում իրենց տները վերադարձնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն։

• Երկուստեք մտահոգություն առտահայտվեց առաջարկվող «խաղաղության համաձայնագրի» շուրջ՝ խնդրելով ԱԺԲ-ից՝ նրա առաջընթացի և հետևանքների վերաբերյալ կանոնավոր տեղեկատվություն։

• Արտահայտվեց հիասթափություն Ռուսաստանի գլխավորած դաշինքների հետ Հայաստանի շարունակվող համագործակցության վերաբերյալ՝ չնայած դեպի Արևմուտք թեքվելու պաշտոնական հավաստիացումներին։ Դրա հետ մեկտեղ գնահատվեցին այն ջանքերը, որոնք Բևեռը գործադրել է Ռուսաստանի՝ Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած գործողությունների վրա լույս սփռելու հարցում։

• Ցուցաբերվեց շահագրգռվածություն Ազատություն ռադիոկայանի աշխատանքում տեղ գտած կողմնակալության վերաբերյալ հետաքննություն իրականացնելու և ԱՄՆ-ից ֆինանսավորվող լրատվամիջոցների կողմից՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռին քարոզչության համաչափ հասանելիություն տրամադրելու հարցում:

• Մտահոգություն արտահայտվեց Վարուժան Ավետիսյանի բանտարկության վերաբերյալ, հատկապես՝ նրա առողջական ծանր վիճակի հետ կապված՝ խնդրելով լրացուցիչ մանրամասներ՝ այդ հարցում իրենց հնարավոր ներգրավվածությունը օժանդակելու համար։

Դեսպան Պապյանը նաև հանդիպել է մի խումբ իրավաբանների և դիվանագիտական պատմաբանների՝ քննարկելու Արցախի կարգավիճակին և մարդու իրավունքներին առնչվող իրավական հարցեր և քննարկելու այդ հարցերի շուրջ համագործակցության համար առկա ներուժը։ Վաշինգտոնում ամերիկահայ քաղաքականության մասնագիտական մի նորաստեղծ խմբի ջանքերի վրա հիմնված այս համագործակցությունը կարող է նպաստել Սփյուռքի ներգրավվածության բարձրացմանը և նրանց ջանքերը դեպի պետականաշինության և Հայաստանի ու Արցախի անվտանգության ուղղությամբ կենտրոնացմանը:

Վերջում Արա Պապյանը հանդիպել է ԱՄՆ-ի խոշորագույն հրեական կազմակերպություններից մեկի՝ Anti-Defamation League-ի (ADL) բարձրաստիճան ներկայացուցչի հետ։

Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են Հայաստանում հակասեմիտիզմի դրսևորումների մասին երրորդ երկրների կողմից տարածվող պնդումները, որոնց նպատակը Հայաստանի վարկանիշի վնասումն է։ Քննարկվել են նաև այդ խնդրի լուծման ուղիները:

ԱԺԲ-ն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Կոնգրեսի և համայնքային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ հայկական հարցերով հետաքրքրվելու և ժամանակ տրամադրելու համար, ինչպես նաև TLG-ին՝ նման արդյունավետ այց կազմակերպելու և աջակցելու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
20 դեկտեմբերի, 2023 թվական