ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 
Խստորեն դատապարտում ենք Եվրոպական Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի` Արցախի հարցի վերաբերյալ Ազատություն ռադիոկայանի եթերում վերջերս արված հայտարարությունը։
 
Խոսելով «էթնիկ հայերի վերադառնալու իրավունքի կամ գոնե այցելելու Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությանն ու իրավունքների երաշխավորված լինելու» մասին «փոքրամասնությունների պաշտպանության մասով միջազգային չափանիշների համաձայն» և որոնք «պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն», Եվրոպական Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան փաստորեն սիրաշահում է ռազմական հանցագործ և արյունալի բռնակալ Ալիևին, նրան Արևմտյան հարթակ բերելու նպատակով։
 
Նման մոտեցումը Արևմտյան որևէ պաշտոնյայի կողմից առնվազն անհասկանալի է, եթե չասենք խիստ դատապարտելի, քանի որ հակասում է Արևմուտքի կողմից դավանած ժողովրդավարության, ժողովուրդների և մարդու իրավունքների բարձր արժեքներին։
Իշխանությունը ցանկացած գնով պահելու և այդ նպատակով «խաղաղություն՝ ամեն գնով» սկզբունքը որդեգրած Փաշինյանի դավաճան ռեժիմը և նրա այդ օրակարգը նման հայտարարությամբ կամա թե ակամա սպասարկող Շառլ Միշելի այս քայլերը ի վերջո հանգեցնելու են տարածաշրջանի նոր և ավելի վտանգավոր զարգացումներին։
 
Եվրոպացի մեր գործընկերները պետք է լավ հասկանան, որ Փաշինյանի իշխանությունը անցողիկ է, այլևս չի վայելում հայ ժողովրդի վստահությունը և չի սպասարկում նրա ազգային շահերը. մնայուն են հայ ժողովուրդն ու նրա անքակտելի իրավունքները և շահերը։
 
Հայաստանը կարող է և պետք է դառնա Արևմուտքի հուսալի դաշնակիցը միայն հայ ժողովրդի շահերի հարգման և տարածաշրջանում միջազգային իրավունքի վրա խարսխված արդար խաղաղության հաստատման պայմաններում։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
14 դեկտեմբերի, 2023 թվական, Երևան