ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Մեր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովրդին վերջնականապես կամազրկելու, ընդվզման իրավունքից զրկելու փորձեր մշտապես են եղել: Եւ մշտապես տապալվել են:
 
Վկան մեր փյունիկի նման վեր հառնելու բազմաթիվ պատմական օրինակները: Սա միշտ էլ արվել է բռնության եւ հոգեբանական ճնշման զույգ միջոցների կիրառմամբ:
 
Ներկայումս նույնպես մենք ականատեսն ենք մի կողմից Արցախում ընթացող բռնության ու պատանդառության, մյուս կողմից Երեւանում պոպուլիստական բնույթ կրող հոգեբանական պատերազմի եւ տեռորի միջոցներով հայ ժողովրդի վզին քայլ առ քայլ թշնամու օրակարգը փաթաթելուն:
 
Ցավոք, օտար ուժերին սպասարկողներ մեզանում գտնվել են մշտապես: Դրանց թվին են պատկանում նաև 1991 թվականից դե յուրե անկախ, սակայն դե ֆակտո նեոգաղութացված Հայաստանի նշանակովի բոլոր ադմինիստրացիաները:
Սակայն, եթե նախկինում սպասարկում էր ռուսական շահը, ապա ներկայումսՀարավային կովկասում ռուսական նահանջի պայմաններում ներկա ադմինիստացիան անցում է կատարում՝ փոխելով «ճամբարը» եւ սկսելով սպասարկել թուրքական օրակարգը:
 
Անցյալը ուրացող նեոբոլշեվիկյան, «ապագա կա ապագա» փուչ տեսլականներով առաջնորդող , «Արարատի վրա քար նետող» թուրքական օրակարգ առաջ տանող ուժը Հայաստանում երբեւէ ստեղծված առաջին թուրքամետ կուսակցությունն է:
2016 թվականի հուլիսի 17-ին հայ ազգի նվիրյալ զավակներից բաղկացած Սասնա Ծռեր խմբավորումը ապստամբեց օտար շահերը առաջ մղող օրվա իշխանությունների և նրանց հովանավորող օտարերկրյա ուժերի դեմ: Սասնա Ծռեր խմբավորումը զինված ապստամբությամբ իրացրեց ինքնապաշտպանության բնական իրավունքը և ազդարարեց, որ հայ ազգը դեմ է Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ռուս-թուրքական ծրագրին։
 
Ապստամբությունը նպատակ դրեց ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այդ ծրագիրը սպասարկող ռեժիմին, ձևավորել ազգային կառավարություն և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։ Ապստամբությունը չհասավ իր վերջնական նպատակին, բայց այդուամենայնիվ նախադրյալներ ստեղծեց և ժամանակ տրամադրեց իշխանություններին խուսափելու սպասվող աղետից, որը պետք էր պարզապես խելամտորեն օգտագործել:
 
Ավաղ, ժամանակը մսխվեց, ցուցաբերվեց հանցավոր անգործություն, ոչինչ չարվեց օտարի ծրագրերին հակազդեցություն կազմակերպելու համար:
 
Հակառակ դրան, գաղութարարը կրկին նախաձեռնողականություն ցուցաբերեց և 2018 թվականի կեղծված հեղափոխությամբ իշխանության բերեց պոպուլիստական նոր, բոլորովին արդեն անհայրենիք խամաճիկների, որոնց միակ առաքելությունը հայակործան ծրագրի սպասարկումը պետք է դառնար:
Ծրագրի առաջին մասը դժբախտաբար հաջող իրականացվեց` Արցախը կիսվեց ռուսական եւ թուրքական ուժերի միջեւ:
Այժմ ընթանում է այն էթնիկ զտման ենթարկելու ցեղասպանական երկրորդ արարը, որին անխուսափելիորեն պետք է հետեւի Հայաստանի լուծարման ծրագրի վերջին արարը:
 
Այդ առումով, բոլորովին պատահական չէ, որ երկարատև ազատազարկման են դատապարտվում Սասնա Ծռեր խմբավորման անդամները, քանի որ հենց նրանք են հայակործան ծրագրերը խափանողները, ըստ այդմ գաղութարարի և նրա խամաճիկ կառավարիչների համար վտանգ ներկայացնողները: Բնական էր, որ 30 տարի Հայաստանը կեղեքած որևէ հանցագործ իշխանավոր պատիժ չպետք է կրեր, ավելին` նրանցից շատերը այժմ էլ նշանակվել են որպես ընդդիմադիր և շարունակում են գաղութարարի սցենարով մոլորեցնել հասարակությանը՝ նպատակ ունենալով թույլ չտալ ազգային զարթոնքի առաջացումը:
 
Ընդունելով հանդերձ, որ պահն օրհասական է, որ հայ ազգը կանգնած է ճակատագրական` լինել-չլինելու խնդրի առջև, Ազգային-ժողովրդավարական Բևեռն ապստամբության օրվա առթիվ շնորհավորում է մեր ժողովրդին և հավաստիացնում, որ ամեն ինչ անելու է մոտակա անխուսափելի արտակարգ իրավիճակում գողացված հեղափոխությունը նրան վերադարձնելու և ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ Հայրենիք ունենալու նրա իղձն իրականություն դարձնելու համար։
 
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
17 հուլիսի 2023 թ․, Երևան